– Ի՞նչ տեղ է զբաղեցնում քաղաքացիական ծառայության ներդրումը ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների հայեցակարգում:
– 2007 թվականին ՀՀ նախագահի կողմից հաստատվեց 2007-20015 թթ. պաշտպանական բարեփոխումների միջոցառումների ծրագիրը: Որպես այդ ծրագրի մի տարր` հանդես է գալիս քաղաքացիական ծառայության ինստիտուտի ներդրումը պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում:
Նշված հարցը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 8-2 հոդվածի, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Ինքնին քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումն իր հերթին հանդես է գալիս որպես քաղաքացիական վերահսկողության տարր, որովհետեւ քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ ավելի լայն բովանդակություն ունի: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թե պաշտպանության նախարարի, եւ թե նրա տեղակալների պաշտոնները քաղաքացիական են: Խոսքը, իհարկե, վերաբերում է ոչ քաղաքացիական հատուկ ծառայությանը: Մի դեպքում՝ նախարարի պաշտոնը քաղաքական է, տեղակալներինը` հայեցողական: Վերահսկողության մեխանիզմներն են Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, հասարակական իրազեկման մի շարք ինստիտուտներ, որի մի համատեքստում հանդես է գալիս նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտը:
– Ո՞ր փուլում է գտնվում քաղաքացիական տարրի ներդրումը ՊՆ-ում, քանի՞ փուլից է բաղկացած գործընթացը, եւ ե՞րբ է նախատեսվում ավարտը:
– Պայմանականորեն կարելի է նշել երկու փուլ` ներդրում եւ կիրառում: Ներկայումս մենք կարող ենք քաղաքացիական հատուկ ծառայությունը ներդրված համարել պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, եւ 2010 թվականից կսկսվի արդեն բուն կիրառման փուլը:
Կցանկանայի համառոտ ներկայացնել, թե ինչ ժամանակագրական ընթացք է անցել քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումը: Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենքն ընդունվել է 2007թ. նոյեմբերին, ապա անցել է նախապատրաստական փուլ, որի ընթացքում ընդունվել են տասնյակից ավելի նորմատիվ-իրավական ակտեր, մասնավորապես, պաշտպանության նախարարի 12 նորմատիվ հրամանները, որոնք վերաբերում են քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթի անցկացման կարգին, քաղծառայողների ատեստավորման, վերապատրաստման եւ մի շարք այլ հարցերի:
Բացի դրանից, անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի մենք համապատասխան այլ օրենքներում եւս փոփոխություններ կատարենք: Խնդիրը պայմանավորված էր նրանով, որ Պաշտպանության նախարարությունը, ի տարբերություն ՀՀ մյուս գործադիր մարմինների, ունի իր առանձնահատկությունները` կապված իր իրականացնելիք խնդիրների հետ եւ դրանով պայմանավորված` նաեւ համապատասխան կառուցվածքով: Այդ կապակցությամբ փոփոխություններ կատարվեցին «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում, ՀՀ նախագահի 2008թ. հուլիսի 18-ի 174 հրամանագրում, որի արդյունքում 2008թ. դեկտեմբերի 25-ին հաստատվեց ՀՀ ՊՆ կանոնադրությունը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի կանոնադրությունը, ինչպես նաեւ Քննչական ծառայության եւ Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կանոնադրությունները:
Բավականին ժամանակատար գործընթաց էր, եւ մենք այդ իրավական բազան ստեղծելուց հետո ձեռնամուխ եղանք կոնկրետ ներդրմանը, որը պայմանավորված էր մի շարք այլ իրավական ակտերի ընդունմամբ: Դա, մասնավորապես, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկն էր, որի հաստատման լիազորությունը վերապահված է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդին: Անվանացանկի հաստատումից հետո պաշտպանության նախարարը հաստատեց հաստիքացուցակները, որից հետո` յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը: Եվ արդեն նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին համապատասխան անձինք հրամանագրվեցին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում: Ըստ էության, կարող ենք արդեն փաստել, որ քաղաքացիական ծառայության համակարգն արդեն ներդրված է Պաշտպանության նախարարությունում:
– Ինչպիսի՞ն է լինելու ՊՆ-ում զինվորականների եւ քաղաքացիական անձանց հարաբերակցությունը գործընթացի ավարտից հետո, եւ հատկապես ո՞ր ստորաբաժանումներն են անցնելու քաղծառայության, որո՞նք են մնալու զինվորական ուսադիրներով: Քաղծառայող դառնալ ցանկացողները որտեղի՞ց կարող են իմանալ հայտարարվող մրցույթների մասին:
– Անվանացանկով նախատեսված` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ են զբաղեցնելու արդեն հրամանագրված 403 պաշտոնատար անձինք: Հարաբերակցության առումով կարող եմ ասել, որ բավականին պատկառելի թիվ է:
Ընդգրկված են այն ստորաբաժանումները, որոնք չեն իրականացնում բուն զինվորական գործառույթ, այսինքն, հատուկ զինվորական գիտելիքների անհրաժեշտություն չկա. տվյալ գործառույթը կարող են իրականացնել նաեւ քաղաքացիական անձինք: Դրանք են իրավաբանական, ֆինանսաբյուջետային եւ պլանավորման, հասարակայնության հետ կապերի, կադրերի եւ ռազմական կրթության ստորաբաժանումները եւ այլն: Ընդ որում, այստեղ կան նաեւ առանձնահատկություններ. նույն ստորաբաժանման մեջ կարող են լինել նաեւ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք: Դա պայմանավորված է նրանով, որ, օրինակ, Կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը գործ ունի նաեւ ռազմաուսումնական հաստատությունների հետ, կա նաեւ որոշակի զինվորական մասնագիտական գիտելիքների անհրաժեշտություն: Ստեղծված է ճկուն մեխանիզմ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ՊՆ-ի առջեւ դրված խնդիրները:
– Որքանո՞վ մրցունակ կլինի պաշտպանական համակարգերում ներդրված քաղաքացիական ծառայությունը ֆինանսական կամ այլ առումներով` համեմատած մյուս քաղծառայողների ինստիտուտների հետ: Արդյո՞ք չի տուժի մրցակցությունը լավ մասնագետ ընտրելու հարցում:
– Ցանկացած երկրում պետական պաշտոն զբաղեցնելու առավելությունն այն է, որ պետությունը հանդես է գալիս որպես կայուն գործատու: Ինչ վերաբերում է մրցունակությանը, կան նաեւ համապատասխան երաշխիքներ քաղաքացիական հատուկ ծառայողների համար, որոնք ամրագրված են «Զինվորական ծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքով:
Համապատասխան փոփոխություններ են կատարվել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքում, որի համաձայն՝ հնարավորություն է ընձեռվում պաշտպանության համակարգում քաղծառայողներին վճարել հավելումներ իրենց պաշտոնային դրույքաչափի կրկնակիի չափով:
Ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ որեւիցե մեկը չտուժի աշխատավարձի առումով, եւ դրա համար մշակվել են համապատասխան մեխանիզմներ:
– Ոչ բոլոր զինվորականները գոնե ներքուստ կցանկանան թողնել այն ուսադիրները, որոնք տարիներ շարունակ «աճեցրել են»: Ենթադրենք, գործ ունենք մի մասնագետի հետ, որը շատ կարեւոր նշանակություն ունի պաշտպանական ոլորտում, եւ նա, օրենքի համաձայն, պետք է անցնի քաղծառայության: Ինչպե՞ս պետք է վարվել այդ դեպքերում:
– Ես նշեցի, որ մենք քաղաքացիական հատուկ ծառայողների պաշտոններում ընդգրկել ենք զինվորական գործառույթ չիրականացնող պաշտոնատար անձանց, այսինքն, որտեղ չկա մասնագիտական գիտելիքների կարիք, եւ դա կարող է իրականացնել նաեւ քաղաքացիական անձը: Իսկ զուտ պրոֆեսիոնալ զինվորականները մնում են որպես զինվորականներ, եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբը որպես կառավարման մարմին՝ համալրված է զինվորականներով:
– Զինծառայողի եւ քաղծառայողի պաշտոնը ինչպե՞ս է համապատասխանեցվում: Օրինակ, ավագ սպան քաղծառայության ի՞նչ պաշտոնյա է դառնում:
– Ավագ սպան ներառվում է գլխավոր խմբում: Քաղծառայության պաշտոնները դասակարգվում են 4 խմբի` բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններ: 2008 թվականին կառավարության կողմից սահմանվել է քաղաքացիական հատուկ ծառայության եւ զինվորական ծառայության պաշտոնների հավասարազորությունը: Այսինքն, այս խնդիրը եւս կարգավորված է:
– Երբ ներդրվեց քաղաքացիական ծառայության համակարգը, պետական մարմիններում որոշակի փուլերով անցկացվեցին վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացներ: Ինչպե՞ս է դա կատարվելու ՊՆ-ում:
– Այս առումով մենք կկիրառենք նույն մեխանիզմը: Ընդ որում, պետք է տարանջատել առաջին վերապատրաստում եւ առաջին ատեստավորում հասկացությունները: Համակարգն ինքնին նոր է: Նախկինում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցրած անձինք օրենքով համարվում են քաղաքացիական հատուկ ծառայողներ: Այս պարագայում օրենքների դրույթները, դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերի դրույթները լրացուցիչ ուսուցանելու անհրաժեշտություն կա, որից հետո կարելի է անցկացնել մասնագիտական ատեստավորման գործընթաց, որն իրականացվելու է երեք տարին մեկ անգամ: Ամեն տարի քաղաքացիական ծառայողների մեկ երրորդը ենթակա է եւ վերապատրաստման, եւ ատեստավորման: Այսինքն, նախատեսվում է նախապատրաստել, ապա միայն ատեստավորել:
– Ենթադրվում է, որ բարեփոխումների ողջ գործընթացում ուսումնասիրել եք որոշ երկրների փորձը: Հատկապես ո՞ր երկրի անցած ուղին է օրինակ հանդիսացել մեզ համար:
– 2002 թվականին, երբ Հայաստանում ներդրվում էր քաղաքացիական ծառայությունը, ուսումնասիրել էինք Մերձբալթյան հանրապետությունների եւ Արեւելյան Եվրոպայի որոշ պետությունների փորձը, եւ արդեն ունենք 7 տարվա քաղծառայության համակարգի փորձ: Սակայն մենք արդեն որպես հիմք ենք ընդունում գործող քաղաքացիական ծառայությունը: Հաշվի առնելով Պաշտպանության նախարարության գործառույթների խնդիրների առանձնահատկությունները եւ համահունչ կառուցվածքային առանձնահատկությունները` մենք ամրագրեցինք քաղաքացիական հատուկ ծառայությունը` որպես պետական ծառայության տարատեսակ տվյալ խնդիրների բնականոն ընթացքը լուծելու համար: Այստեղ պետք է նշել առկա մի շարք առանձնահատկությունները. պաշտպանության բնագավառում կա միանձնյա ղեկավարման սկզբունք, համապատասխան տարբերություն կա նշանակումների առումով, պաշտպանական համակարգում քաղաքացիական հատուկ ծառայող դառնալու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով (օրենքում կան համապատասխան սահմանափակումներ, որոնք տարբերվում են քաղաքացիական ծառայության մասին օրենքի դրույթներից, մասնավորապես այն անձանց վերաբերյալ, ովքեր նախկինում զինվորական պաշտոններից ազատվել են բացասական հիմքերի պարագայում կամ անցել են այլընտրանքային ծառայության), ինչպես նաեւ հանձնաժողովների ձեւավորման ու ծառայողական քննությունների անցկացման առումներով: