Խարիզմը հզոր քաղաքական զենք

07/03/2010 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հմայքի գերադրական աստիճանը, նրա բարձրագույն արտահայտությունը համարվում է խարիզմը, որն ավելի բարդ հոգեբանական եւ սոցիալ-քաղաքական կատեգորիա է: Անդրադառնանք այդ ֆենոմենին ավելի մանրամասն: Խարիզմը անհատի յուրահատուկ հատկանիշ է, որով օժտված անձինք ունեն մարդկանց վրա ազդելու, իրենց կամքին ենթարկելու, նրանց ուղղորդելու անժխտելի տաղանդ: Խարիզմը հունարեն նշանակում է՝ բարեհաճություն, գթասրտություն, երանություն, բարեբախտություն, աստվածային շնորհ: Խարիզմը Հին հունական դիցաբանությունում արտահայտել է ուշադրություն գրավելու հատկություն: Հույները գեղեցկության, նազելիության եւ նրբագեղության աստվածներին կոչել են խարիզմատներ: Խարիզմի բնորոշումը առաջինը տվել է Մարկ Լուչին: Նրա կարծիքով՝ խարիզմը իրենից ներկայացնում է մարդկանց արտաքին տեսքի` ֆենոտիպի վրա վառ կերպով արտահայտված հատկանիշներ` գենետիկական նշաններ: Նրանք, ովքեր ունեն այդ նշանները, գիտնականի կարծիքով, դրանք գիտակցորեն հասցնում են չափազանցեցված` գրոտեսկային մակարդակի` ուրիշների վրա ներգործելու նպատակով: Այս բավական խրթին բնորոշումը ավելի հստակ է արտածել գերմանացի անվանի գիտնական Մաքս Վեբերը։ «Խարիզմ են կոչվում մարդու այնպիսի անսովոր հատկությունները,- ասել է նա,- որոնց շնորհիվ նա գնահատվում է որպես գերբնական եւ գերմարդկային անձնավորություն: Ամեն դեպքում, նա համարվում է հատուկ ուժով ու հատկանիշներով օժտված մարդ, որոնցից ուրիշները զրկված են»: Տարբեր փիլիսոփայական ուղղություններ տարբեր կերպ են մեկնաբանում խարիզմը: Կանտը` օրինակ, խիստ քննադատության է ենթարկում անձի խարիզմը՝ որպես կրոնական բարոյականության հակասություն, իսկ Նիցշեն խարիզմատիկ լիդերների հայտնվելն աշխարհում համարում է մարդկության համար բացարձակ անհրաժեշտություն: Հոգեբան Նադեժդա Պրոկոֆեւան նշում է. «Խարիզմը` հզոր, ինչ-որ մի տեղ ահավոր ուժ է, որը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ: Այն ունի 60-ից ավելի բացատրություն»: Խոսելով խարիզմի հզորության մասին` գիտնականը, հավանաբար, նկատի ունի այն հանգամանքը, որ խարիզմը գործում է բարոյաէթիկական չափանիշներից անկախ, հաճախ այդ չափանիշներին հակառակ: Բանն այն է, որ խարիզմատիկ լիդերը կարող է լինել եւ՛ սուրբ, եւ՛ հանցագործ: Համաշխարհային կրոններ ստեղծողների` Քրիստոսի, Բուդդայի, Մովսեսի, դրական խարիզմ ունեցող այլ դեմքերի` Լյութերի, Կալվինի, Գանդիի, Մանդելայի, Չե Գեւարայի կողքին, պատմությունը ծնել է այնպիսի մռայլ խարիզմատների` ինչպիսիք են Չինգիզխանը, Լենինը, Ստալինը, Տրոցկին, Հիտլերը, Մուսոլինին: Ժամանակի եւ պատմական առումով մեր ամենամոտ խարիզմատը Ստալինն է: Նա մեզ համար հետաքրքիր է նաեւ այն պատճառով, որ այսօր մեր ամենամոտ դաշնակից երկրում` Ռուսաստանում, փորձեր են արվում նրա «վերարտադրման» ուղղությամբ: Ստալինը` իրականում լինելով բռնապետ, համարվում էր «բոլոր ժամանակների եւ ժողովուրդների հայրը»: Նա խելացի էր, բայց դա մաքիավելական ուղեղ էր: Նա համաշխարհային մասշտաբի գործիչ էր, բայց չարագործ էր: Նա միլիոնավոր մարդկանց կյանքեր էր խլում, բայց նրանով հմայվում էին Լիոն Ֆեյխտվանգերը, Բեռնարդ Շոուն, Ռոմեն Ռոլանը, լեդի Աստորը: Ստալինը բացասական խարիզմատի կենդանի նմուշ է, բռնակալի դասական օրինակ: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ հայ որոշ վերլուծաբանների այն հայտարարությունները, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր մասշտաբների մեջ բռնակալ էր` զուրկ են հիմքերից եւ հեռու են իրականությունից: Քոչարյանը անգամ փոքր սատրապ չէր կարող լինել, եւ ոչ թե այն պատճառով, որ չէր ձգտում դրան: Ոչ: Շատ լավ էլ ձգտում էր: Նա չէր կարող բռնապետ լինել, այն պատճառով, որ բացարձակապես զուրկ է խարիզմից: Խարիզմը, լինելով միահեծան տիրակալի պարտադիր հատկություն, նրան հաղորդում է մագնիսական ուժ եւ մոգական ձգողականություն, ինչն իր հերթին հանգեցնում է անհատի պաշտամունքին: Պատմության ամենախարիզմատիկ անհատներից մեկի` Նապոլեոն Բոնապարտի մասին նրա մարտական գեներալ Վանդամն ասել է. «գԱյդ մարդու (Նապոլեոնի) հմայքն իմ վրա անբացատրելի էր: Ընդ որում, այդ հմայքն այնքան զորեղ էր, որ ես` չվախենալով ոչ Աստծուց, ոչ էլ սատանայից, երբ մոտենում էի նրան, դողում էի երեխայի պես: Եթե նա ինձ ասեր՝ «Անցիր ասեղի ծակով»` կանցնեի, եթե ասեր՝ «Նետվիր կրակը»՝ կնետվեի»: Պատմության տարբեր զարգացումներում եւ տարբեր կուլտուրաներում խարիզմատները կարող են աստվածացվել, դառնալ ազգային հերոսներ: Օրինակ` խարույկի վրա այրված Ժաննա դգԱրկը, որը մարմնավորում է օտար նվաճողների դեմ ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարը: Մյուս կողմից, խարիզմը` լինելով մինչեւ վերջ չբացահայտված, կիսաառեղծվածային ֆենոմեն, հաճախ սահմանակցում է ալլոգիզմի, իռացիոնալ տրամաբանության հետ: Դրանից օգտվում են քաղաքական գործիչները` մասսաներին հիմարացնելու, արտաքին եւ ներքին կոնկրետ նպատակների հասնելու համար: 1934 թ. նացիստական կուսակցություն ընդունվողներին գեստապոյի օպենգրուպենֆյուրեր Ռուդոլֆ Հեսը դիմել է հետեւյալ կոչով. «Մի փնտրեք Ադոլֆ Հիտլերին ձեր ուղեղներում, դուք նրան կգտնեք ձեր սրտերում»: Խարիզմի` սովորական երեւույթների շրջանակներից դուրս գալու փաստը, արտահայտվում է նաեւ արտաքնապես: Խարիզմատիկ անձնավորությունները` տարբերվելով սովորական մարդկանցից, ունեն տարբերիչ նշաններ` ստիգմատներ: Հետաքրքիր է նշել, որ այդ ստիգմատները կարող են հանդես գալ անգամ հիվանդությունների կամ ֆիզիկական արատների ձեւով: Դրա դասական օրինակը գաճաճ Նապոլեոնն է կամ միաչքանի Մոշե Դայանը: Անգլիական հեղափոխության առաջնորդ, մասսաների սիրեցյալ Օլիվեր Կրոմվելը չի թաքցրել, այլ ի ցույց է դրել դեմքի անբուժելի խոցերը: Մարգարե Մուհամեդը, Պետրոս Մեծը տառապել են ընկնավորությամբ` էպիլեպսիայով: Եվ նրանք` բոլորն էլ եղել են պաշտելի անձնավորություններ: Հետաքրքիր ֆենոմեն է եգիպտական վերջին թագուհին` Կլեոպատրան (մ.թ.ա. 69-30): Դարեր շարունակ նա ասոցիացվել է կանացի գեղեցկության իդեալի հետ: Հոլիվուդի կինոֆիլմերում Կլեոպատրայի դերը խաղացել են Վիվիեն Լին, Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը: Շեքսպիրը գտնում է, որ Կլեոպատրան իր գեղեցկության մեջ «գերազանցել է բնությանը»: «Անտոնիոս եւ Կլեոպատրա» ողբերգությունում նա հետեւյալ կերպ է բնորոշում եգիպտուհուն. «//Ուրիշ կանայք միշտ հագուրդ են տալիս ախորժակներին,// Իսկ սա շարունակ // Քաղց է բորբոքում: Վատը նրա մոտ// Միշտ նոր թովչանքն է: Քուրմերը անգամ// Նրան օրհնում են, երբ նա պագշոտ է//»: («Անտոնիոս եւ Կլեոպատրա», արարված երկրորդ, տեսարան երկրորդ, թարգմ. Խաչիկ Դաշտենցի):

Սակայն վերջերս այդ ճաճանչափայլ կերպարը, կարծես թե, ուզում է խամրել: Մի քանի տարի առաջ գիտնականների հետազոտությունների հիման վրա Լոնդոնի Բրիտանական թանգարանում բացվեց ցուցահանդես «Եգիպտուհի Կլեոպատրան` պատմությունից մինչեւ առասպել» խորագրով: Եվ ի՞նչ: Ըստ ցուցադրված նյութերի, Կլեոպատրան, իբր, եղել է կարճահասակ եւ գեր (1,5 մետր), շատ երկար քթով, վզին` ճարպաշերտեր: Մինչդեռ նա Հուլիոս Կեսարի, Մարկոս Անտոնիոսի ըղձանքի առարկան էր, ժամանակի ամենամեծ կուրտիզանուհին, որի կերպարին հետագայում անդրադարձել են շատ արվեստագետներ եւ գրողներ, այդ թվում` Շեքսպիրը, Պուշկինը, Բեռնարդ Շոուն: Վերջապես, ո՞վ է եղել Կլեոպատրան: Ժամանակակից հեղինակների կարծիքը նրա մասին, ինչպես ասվեց, կիսվում է: Մի մասը գտնում է, որ նա եղել է տգեղ, շատ տգեղ: Մյուս մասը պնդում է նրա արտակարգ կանացիության, գեղեցկության եւ կրքոտության մասին: Նշվում է, որ Կլեոպատրան տիրապետել է այնպիսի հատկության, որը ռուս հայտնի նյարդաբան, հոգեբույժ եւ հոգեբան Վլադիմիր Բեխտերեւն անվանում է «սեռական հիպնոս»: Նրա խարիզմը այնքան ուժեղ էր, այնքան անդիմադրելի, որ Մարկոս Անտոնիոսը` գլուխը կորցնելով, լքեց զորքերը եւ կործանեց կարիերան: Այդ շվայտաբարո, զեխ կյանքի սիրահար բռի զինվորը` սոլդաֆոնը, կյանքում առաջին անգամ սիրահարվեց պատանու պես եւ ընկավ եգիպտուհու խարիզմի ցանցը, հանուն այդ սիրո էլ զոհեց եւ՛ կյանքը, եւ՛ թագավորությունը, նրա ոտքերի տակ դրեց ո՛չ ավել, ո՛չ պակաս, քան Հռոմի կայսրությունը: Սակայն, ինչ էլ որ ասվի կամ գրվի, Կլեոպատրան եղել է արտակարգ խելքի, ընդունակությունների եւ զարմանալի հմայքի տեր կին: Լինելով տաղանդավոր դիվանագետ, նա ամեն ինչ ի սպաս է դրել Եգիպտոսի անկախության ապահովմանը եւ պետականության ամրապնդմանը: Հենց այդ լույսի տակ էլ, ըստ իս, հարկ է դիտել նրա խարիզմը՝ եւ՛ որպես կնոջ, եւ՛ որպես քաղաքական գործչի: Իսկ որ խարիզմի դեմ անզոր են եւ՛ մեծը, եւ՛ փոքրը, եւ՛ թույլը, եւ՛ դյուցազնը, կարծես թե, ապացուցված է կյանքով: Հիշենք, թե խեղճ Սամսոնի գլխին, բառացիորեն, ինչ «օյին խաղաց» Դալիլայի խարիզմը (Սամսոնի քնած ժամանակ Դալիլան կտրեց նրա գլխի մազերը, հետո, առանց խղճի խայթ զգալու, նրան մատնեց թշնամուն): Բայց, դե, որքան էլ ափսոսանք քաջ Սամսոնին, այստեղ խոսքը վերաբերում է մի մարդու: Իսկ եթե խարիզմատիկ է չարագործ-բռնակալը, նա կարող է փոխել պատմության ընթացքը, դժբախտացնել իրենից կախման մեջ գտնվող միլիոնավոր մարդկանց: Եվ հետաքրքիրն այն է, որ այդպիսի խարիզմատները խիստ նման են իրար, նման են նրանց նպատակներն ու իղձերը, անգամ, եթե ապրում եւ գործում են տարբեր աշխարհներում: Այսպես, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին եւ՛ Ստալինը, եւ՛ Հիտլերը համարյա նույն տերմիններով, նույն ոճով էին խոսում աշխատավոր ժողովրդի անունից, երկու երկրներն էլ կոչվում էին սոցիալիստական, երկու երկրներում հաստատված էր մեկ քաղաքական կուսակցության դիկտատուրա, երկու երկրներում, ուր բացարձակապես բացակայում էին դեմոկրատիան եւ ազատությունները, ստեղծված էր համակենտրոնացման ճամբարների խիտ ցանց, երկու երկրների բռնապետ-լիդերները ձգտում էին համաշխարհային տիրապետության:

Վերջին տարիներս գիտական աշխարհում նկատվում է խարիզմի մի տեսակ «բում»: Առաջին անգամ այդ երեւույթը որպես հասարակական գիտակցության բարդ գոյացություն ենթարկվում է սոցիալ-փիլիսոփայական համակարգված վերլուծության: Նշվում է, որ կրոնական գիտակցության մեջ խարիզմը սուրբ, ճակատագրական, անփոփոխ բացարձակ արժեք է` տրված Աստծո կողմից եւ գործում է մարդու կամքից ու կարողություններից անկախ: Իսկ քաղաքական գիտակցության մեջ խարիզմը անհատի գերհատկությունների իդեալական արժեք է, որի բարձրագույն աստիճանը անհատի պաշտամունքն է:

Արդյո՞ք խարիզմը պրակտիկ նշանակություն ունի դիվանագետի գործունեության համար, կամ, եթե դեսպանը օժտված լինի խարիզմատիկ հատկություններով՝ կարո՞ղ է ավելի օգտակար լինել իր երկրի շահերին: Խարիզմի` վերը շարադրված թռուցիկ վերլուծությունը ապացուցում է, որ այն անհարիր է արտաքին գերատեսչության ներկայացուցչին, ինչ դիվանագիտական աստիճան եւ պաշտոն էլ որ նա զբաղեցնելու լինի: Խարիզմը, ինչպես տեսանք, իր բոլոր դրական կամ բացասական դրսեւորումներով՝ առաջնորդների եւ լիդերների «խաչն է», մենաշնորհը: Մինչդեռ դիվանագետի եւ՛ գործը, եւ՛ կյանքը «թիմային» է, սերտորեն կապված կոլեկտիվի հետ: Եվ հետո նա, անգամ ցանկության դեպքում, զրկված է խարիզմի մեխանիզմից: Ամենահամարձակ, ամենաինքնուրույն արտաքին գործերի նախարարը, այլեւս չասենք՝ ավելի ցածր աստիճանին կանգնած դիվանագետը` դեսպանը, իրագործում են այն քաղաքական խնդիրները, որոնք նրա առաջ դնում է պետության ղեկավարը` ոչ ավել, ոչ պակաս: Եթե դիվանագետը մոռանա այս ոսկե օրենքը եւ փորձի «խաղալ» խարիզմատ, նախ` կխախտի լոյալության սկզբունքը, հետո, պարզապես, կդադարի տվյալ վարչակազմի անդամը լինելուց: Կոպիտ ասած` վիզը կջարդի: Բոլորովին այլ է հմայքի հանգամանքը: Եթե դիվանագետը քաղաքական առումով խարիզմատիկ չի կարող լինել, հմայիչ եւ գրավիչ լինել` պարտավոր է: Եվ, եթե այդպիսին չէ, պետք է անի հնարավորը` այդպիսին լինելու համար: Ե՛վ ընտանիքում, եւ՛ հասարակության մեջ: Թե ինչպես` արդեն ասվեց:

Շարունակելի