Հետծննդյան դեպրեսիաներ

07/03/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Հետծննդյան դեպրեսիաներն առողջապահական ոլորտում մեծ խնդիրներ են առաջացնում, քանի որ այն բավական լայն տարածում ունի: Մինչ այժմ հետծննդյան դեպրեսիան պաշտոնապես ճանաչված չէ որպես կլինիկական ախտանիշ: Պարզապես այս մասին խոսվում է հոգեբանական խանգարումների մասին գրականության մեջ:

Հետծննդյան դեպրեսիաների ամենաբնորոշ օրինակը մայրերի` երեխայի խնամքի հետ կապված դժվարությունների հանդիպելիս՝ ցանկացած տեսակի օգնությունից հրաժարվելն է: Ռուսոն շատ պատկերավոր է նկարագրել այդ հոգեվիճակը: Կարծես միանգամից ամեն ինչ թափվում է երիտասարդ մայրիկի գլխին, որի պատճառով նույնիսկ սահմանափակվում են կենցաղային մակարդակի շփումները, որպեսզի զբաղվեն միայն երեխայով, սակայն լինում են դեպքեր, որ մայրերը նույնիսկ չեն ցանկանում մոտենալ երեխային: Շատերը նույնիսկ նման բան մտածել չեն ուզում: Այդ սթրեսը կամ դեպրեսիան կարող է տեւել մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս` կախված տվյալ անձի զգացմունքայնությունից: Իհարկե, այն կախված է կնոջ բնավորությունից` թե ինչպես նա կարձագանքի իր շուրջը կատարվող իրադարձություններին: Կանանց մոտ հաճախակի են դառնում տրամադրության անկումային վիճակները: Անընդհատ ծննդկան մայրիկներին թվում է, թե իրենք չեն կարող տանել բնությունից իրենց պարգեւ տրված այդքան սքանչելի դերը: Այս բոլոր վախերին ավելանում է անքնությունը, ֆիզիկական հոգնածությունը` կապված նոր պարտականությունների հետ: Պետք է ասել, որ դեպրեսիվ հոգեվիճակն ազդում է ոչ միայն զգացմունքայնության վրա, այլ նաեւ ավելի լուրջ դեպքերում ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ, ախորժակի անկմամբ եւ քնի խանգարմամբ:

Ծննդաբերությունից անմիջապես հետո հորմոնալ հավասարակշռությունը խանգարվում է: Իսկ հորմոնային շարժը շատ ուժեղ ազդում է նյարդային համակարգի վրա: Իհարկե, շատ դեպքերում հետծննդյան դեպրեսիան, կարելի է ասել, փոխանցվում է նաեւ ժառանգաբար: Շատ մասնագետների կարծիքով` դեպրեսիան ժառանգական հիվանդություն է, որը պետք է բուժել հոգեմետ դեղորայքով: Այն թոթափում է օրգանիզմը տագնապի ու վախի զգացումից:

Ծննդատնից վերադառնալով` պետք է աշխատել կազմակերպել մոր եւ երեխայի հանգիստը: Այսինքն, եթե շատ մարդու ներկայությամբ այնքան էլ լավ չեք զգում, ավելի լավ է սահմանափակել մարդկանց հոսքը: Անպայման պետք է հետեւել արտաքինին, քանի որ հայելին եւս կարող է ձեզ գցել դեպրեսիայի մեջ: