Քաղաքական ապաստան է խնդրում

07/03/2010

Հայկական եւ քրդական արմատներ ունեցող թուրք դատավոր Չաղաթայ Չեթինը Նիդեռլանդների իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում:

«Hurriyet»-ի փոխանցմամբ` Չաղաթայ Չեթինը, ազատվելով աշխատանքից, 2010թ. հունվարի 15-ին բուլղարական կեղծ անձնագրով Թուրքիայից մեկնել է Նիդեռլանդներ եւ հանձնվել տեղի իշխանություններին: Նա հայտարարել է, որ ինքը Թուրքիայում ենթարկվել է ճնշումների իր քաղաքական հայացքների ու հայկական եւ քրդական արմատներ ունենալու պատճառով: Այդ առնչությամբ դատավորը նամակ է գրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ վարչապետ Թայիբ Էրդողանին, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել: Չաղաթայ Չեթինի խոսքով` Թուրքիայում իր կյանքը վտանգված է, իրեն սկսել են քրեորեն հետապնդել, իսկ օրենքի շրջանակում ինքը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները: Դատավորը տեղեկացրել է նաեւ, որ իր ծնողներն անվտանգության նկատառումով նույնպես ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրը: «Դատական համակարգը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները, նրա նկատմամբ անընդհատ առկա են ճնշումներ եւ սպառնալիքներ: Դատավորներն աղոթում են, որ հանկարծ իրենց տիրույթում չհայտնվի որեւէ քաղաքական գործ: Իսկ եթե հանկարծ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության կամ իշխանությունների դեմ որեւէ որոշում կամ տեսակետ արտահայտեք, անմիջապես ուղարկվում են Արդարադատության նախարարության տեսուչները»,- ասել է Չեթինը: Վերջինս հայտարարել է նաեւ, որ ինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Որեւէ նյութական ակնկալիք չունեմ, դիմելու եմ իմ իրավունքների պաշտպանության համար»: Չեթինն ավելացրել է նաեւ, որ Թուրքիայում մեծ թվով դատավորներ եւ դատախազներ սպասում են քաղաքական ապաստան ստանալու իր դիմումի առնչությամբ Նիդեռլանդների իշխանությունների որոշմանը: «Եթե պատասխանը դրական լինի, մյուսներն էլ կարող են գալ այստեղ: Քուրդ դատավորների եւ դատախազների վիճակը Թուրքիայում շատ ճգնաժամային է»,- հավելել է նա: Իսկ «Firat» գործակալության փոխանցմամբ` Չաղաթայ Չեթինը դատական համակարգում իր գործունեությունը սկսել է 2005թ. Էնեզի դատարանում, այնուհետեւ տեղափոխվել է Էդիրնեի դատարան: Իր գործունեության ընթացքում Չեթինը, դատական համակարգում հանդիպելով կաշառակերության եւ չարաշահումների դեպքերի, այդ մասին իրազեկել է Թուրքիայի Արդարադատության նախարարությանն ու Դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդին: Սակայն այդ մարմինները Չեթինի ներկայացրած տվյալներն ուսումնասիրելու փոխարեն՝ սկսել են հետաքննություն անցկացնել նրա դեմ: Իսկ հետաքննության պատճառ են դարձել այն լուրերը, թե «Չեթինը, նշելով իր հայկական եւ քրդական արմատների մասին, հայտարարում է, որ հայերի եւ քրդերի դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել»: