Հստակ քայլերով

02/03/2010

«Ռոսիյա վ գլոբալնոյ պոլիտիկե» ամսագրում հրապարակած իր հոդվածում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտ է Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի կողմից այդքան կարեւոր ներուժի` տնտեսության, մարդկային կապիտալի եւ բնական ռեսուրսների օգտագործման համար: Նա կարծում է, որ բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված առաջընթացը շատ կարեւոր է հակամարտության կարգավորման համար, քանի որ մեխանիզմը, որը մշակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, դեռեւս էական եւ հստակ արդյունքների չի բերել: Միեւնույն ժամանակ, Դավութօղլուն նշել է, թե Թուրքիան դեռ հույս ունի, որ մի օր իրեն կհաջողվի վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, որն, ըստ նրա` այն ամբողջական պատկերի պակասող օղակն է, որը Անկարան կցանկանար տեսնել Հարավային Կովկասում: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` Դավութօղլուն նշել է. «Դա աննախադեպ ընդառաջ քայլ էր իրավաբանական եւ հոգեբանական պատնեշների վերացման ճանապարհին, որը մինչեւ այժմ բաժանում էր երկու հարեւան ժողովուրդներին»: Սակայն, ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, Երեւանի հետ բանակցությունների ողջ ընթացքում Թուրքիան քաջ գիտակցել է, որ հայ-թուրքական հաշտեցումը բավարար չէ Հարավային Կովկասում ցանկալի խաղաղության եւ կայունության հաստատման համար: Այդ պատճառով, ըստ Դավութօղլուի, Անկարան համոզված է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման առաջընթացը պետք է համալրվի հստակ քայլերով` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: «Դրա համար կպահանջվի քաղաքական կամք ու խիզախություն»,- հայտարարել է նա: