Գնաճը կգա Վերին Լարսով

02/03/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, մոտ չորսամյա ընդմիջումից հետո վերջապես բացվեց ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը։ Արդեն երեկվանից մարդիկ սկսեցին խոսել, որ դա միգուցե որոշ չափով մեղմացնի գնաճը՝ քանի որ տրանսպորտային ծախսերը որոշ չափով կնվազեն։

Տրանսպորտային ծախսերին եւ դրանց հնարավոր նվազեցմանը դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ՝ նախ գնաճի մասին։ Մարդկանց շրջանում այս օրերին մի տեսակ խուճապ է հասունանում՝ կապված գների հնարավոր թռիչքի հետ։ Մտահոգությունը հիմնազուրկ չէ՝ գազի գնի թանկացումը, օրինակ, դրա ամենալավ ապացույցն է։ Բացի այդ՝ վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկում, ինչի արդյունքում ներմուծվող ապրանքների գներն անխուսափելիորեն թանկանալու են։

ՀՀ պաշտոնյաները եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները նույնպես գտնում են, որ գնաճը հնարավոր է գերազանցի կանխատեսվող ցուցանիշը։ Կենտրոնական Բանկի խորհուրդը փետրվարի 16-ի նիստում մռայլ կանխատեսում է արել։ «Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին եւ դրամավարկային քաղաքականության ուղղություններին, Խորհուրդը համաձայնեց, որ 2010 թ. առաջին եռամսյակում իր բարձրակետին հասնելուց հետո 12-ամսյա գնաճը հետագայում որոշակիորեն նվազելու է` պայմանավորված նախորդ տարվա առաջին եռամսյակի գնաճային զարգացումներով, սակայն կանխատեսվող հորիզոնում գերազանցելու է նպատակային թիրախը»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Օրեր առաջ սպասվող բարձր գնաճի մասին խոսեց նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Թե՛ ԿԲ-ն, թե՛ Համաշխարհային բանկը եւ միջազգային մյուս կառույցները, այդուհանդերձ, փորձում են գնաճին մի տեսակ «լավատեսական երանգ» հաղորդել. ասում են՝ գնաճային ճնշումները պայմանավորված են համաշխարհային տնտեսության վերականգնման միտումներով։ Ասել է թե՝ ապրանքների թանկացումն այն գինն է, որը մենք պետք է վճարենք ճգնաժամի հաղթահարման դիմաց։ Կենտրոնական բանկը, ի լրումն արտաքին ճնշումների, խոսում է նաեւ ներքին պահանջարկի, այսինքն՝ հայրենի տնտեսության վերականգնման մասին։ «Գնաճի վարքագիծը պայմանավորվելու է համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումներով եւ ամբողջական պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական ազդեցությամբ»։ Սակայն Վարուդակիսը, օրինակ, օրեր առաջ կարծիք հայտնեց, որ գնաճային ճնշումը ներքին պահանջարկով պայմանավորված չէ. այն դեռ շատ թույլ է։

Ինչեւէ, գներն արդեն կամաց-կամաց բարձրանում են։ Ըստ պաշտոնական վիճակագրության, հունվարին արձանագրվել է շուրջ 1.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 7.0%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 0.5 տոկոսային կետով։ Եվ Կենտրոնական բանկը որոշել է հակազդել դրան՝ որոշակիորեն խստացնելով դրամավարկային քաղաքականությունը եւ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 6%-ի։ Այլ կերպ ասած՝ վարվում է թանկ փողի քաղաքականություն։ Թե ինչպես կազդեն այս քայլերը գնաճի վարքագծի վրա՝ ցույց կտա ժամանակը։

Սակայն Վերին Լարսի անցակետի բացումը շատերն ավելի լուրջ «հակագնաճային միջոց» են համարում, քան վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ Իսկ որքանո՞վ է մեզ համար կարեւոր Վերին Լարսը եւ իրականում ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա։ Ազդեցությունը, անշուշտ, դրական կլինի, սակայն այն գերագնահատել պետք չէ։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ Վերին Լարսով հնարավոր չէ արտահանել կամ ներմուծել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներ։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, մաքսակետերը պետք է հատուկ իրավունք ունենան ենթաակցիզային ապրանքների շարժը թույլ տալու համար, մինչդեռ Վերին Լարսը վաղուց այդ իրավունքից զրկված է։ Այսինքն՝ տրանսպորտային ծախսերի տեսանկյունից փոփոխություն կլինի ոչ բոլոր ապրանքների համար։ Ինչ վերաբերում է ծախսերի նվազմանը, ապա դա էլ շատ զգալի չի լինի։ Գ. Աղաջանյանի խոսքերով, եթե մեկ բեռնատարի համար ներկայումս Երեւանից Մոսկվա հասնելը արժե 4500-5000 դոլար (լաստանավով` Փոթիից Նովոռոսիյսկ ճանապարհով), ապա Վերին Լարսով անցնելու դեպքում այդ գումարը կնվազի մինչեւ 3500-4000 դոլար։ Հաշվի առնելով, որ ներմուծման կամ արտահանման դեպքում տրանսպորտային ծախսերը տարբեր հաշվարկներով կազմում են ապրանքի արժեքի 10-15 տոկոսը, կարելի է ասել, որ ներմուծվող ապրանքների գները կիջնեն առավելագույնը 3-4%-ով։ Այն էլ՝ ոչ բոլոր ապրանքների դեպքում։

Սակայն Գ. Աղաջանյանը խորհուրդ է տալիս հարցին նայել ոչ միայն գնային, այլ նաեւ ժամանակային տեսանկյունից։ «Շատ կարեւոր է, որ Վերին Լարսի բացումից հետո մենք ժամանակային առումով կախված չենք լինելու լաստանավից։ Այն շարժվում է 7-8 օրը մեկ, եւ մենք ստիպված ենք լինում մեր բեռնափոխադրումները հարմարեցնել նրանց գրաֆիկին»,- ասում է Գ. Աղաջանյանը։ Բացի 7-8 օր ընդմիջումներից, լաստանավը նաեւ մեկ այլ թերություն ունի՝ ճանապարհը երկարում է։ «Նովոռոսիյսկից դուրս գալով՝ այն գնում է սկզբում Բուրգաս, հետո Փոթի։ Այսինքն, այն ճանապարհը, որը կարելի էր անցնել 24 ժամում, անցնում է 5 օրում»,- ասում է Գ. Աղաջանյանը։ Իսկ գործարար մարդու համար անգամ 1 օր կորցնելը ձեռնտու չէ։

Բեռնափոխադրման համար պահանջվող ժամանակի կրճատումը, «Ապավենի» տնօրենի խոսքերով, ձեռնտու է հատկապես մեր գյուղատնտեսությանը։ Նախ՝ սեզոնային առումով Լարսի անցակետը լիովին հարմար է գյուղատնտեսական մթերքներ արտահանողներին (այն աշխատում է գարնանից մինչեւ ուշ աշուն)։ Եվ բացի այդ՝ ավելի կարճ ժամանակը շատ կարեւոր է այս դեպքում, քանի որ գործ ունենք արագ փչացող բեռների հետ։ «Եվս մի կարեւոր հանգամանք. թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմն անցակետը համապատասխանեցրել են ամենաբարձր չափանիշներին։ Այսինքն՝ նախկին կիսահանցագործ համակարգից հնարավոր կլինի խուսափել»,- ասում է Գ. Աղաջանյանը։

Մի խոսքով, Վերին Լարսի անցակետի բացումը ամեն դեպքում օգտակար է մեր տնտեսության համար։ Իհարկե՝ շատերը այս նախաձեռնության ետեւում տեսնում են քաղաքական կամ աշխարհաքաղաքական ենթատեքստ, բայց դա այլ քննարկման թեմա է։ Նշենք սակայն, որ Վերին Լարսի անցակետով կկարողանան անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Ռուսաստանի եւ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կցանկանան հատել սահմանը Վերին Լարսով, ստիպված կլինեն վրացական կամ ռուսական անցագրեր ստանալ Շվեյցարիայի դեսպանատանը, քանի որ այս երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումից հետո հենց Շվեյցարիան է հանդես գալիս միջնորդի դերում: