Ոտքի վրա

27/02/2010

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի` Սերժ Սարգսյանը Կիեւում չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Ի թիվս այլ հրավիրյալների, Դավութօղլուն մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին եւ կարծիքներ փոխանակել նրա հետ: Ս. Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ Հայաստանը համարում է, որ առկա գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենակարճ ժամանակահատվածում, այլապես, ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանը ետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից: ՀՀ նախագահը կրկնել է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին` Ադրբեջանին, եւ մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը պետք է առաջին քայլը սկսի իրենից եւ վերացնի ՀՀ սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն եւ տրանսպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրությունները, ապա որեւէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, անգամ մինչեւ Արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջեւ»,- Դավութօղլուին ասել է Ս. Սարգսյանը: Ի դեպ, թուրքական «Milliyet»-ը` անդրադառնալով այս երկխոսությանը, գրել է. «Սարգսյանը ոտքի վրա սպառնաց»: «ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Ա.Դավութօղլուից պահանջելով ամենակարճ ժամանակահատվածում վավերացնել արձանագրությունները, սպառնացել է` հայտարարելով. «Հակառակ դեպքում ՀՀ-ն ստիպված է լինելու Արձանագրություններից հետ կանչել իր ստորագրությունը»: