Գիտակցված վնասարարություն

27/02/2010

«Սա մի հարց է, որից պետք չէ խուսափել։ Կոնկրետ բիզնեսի թիրախավորումը եւ նրա համար խոչընդոտներ ստեղծելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ երկրի համար»,- երեկ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի hայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը՝ ի պատասխան մեր թղթակցի այն հարցի, թե ինչպե՞ս կարող է անդրադառնալ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ, սեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալությունը Հայաստանի բիզնես միջավայրի վրա: «Կարծում եմ՝ կառավարությունում այդ մասին տեղյակ են»,- ավելացրել է Ա. Վարուդակիսը: Հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ Սարիբեկ Սուքիասյանի հետ կատարվածը չի նպաստում Հայաստանի գործարար հեղինակությանը։ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչը, փաստորեն, կիսում է այդ տեսակետը։ Այսինքն` ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը դիվանագիտորեն ասել է` մենք գիտենք, որ ՀՀ կառավարությունը քաղաքական հայացքների համար հաշվեհարդար է տեսնում գործարարների, տվյալ դեպքում` Սուքիասյանների նկատմամբ: Հետաքրքիր է միայն այն, որ այսքանից հետո Համաշխարհային բանկը նաեւ լավատեսական ակնկալիքներ է հայտնում նույն ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի եւ նույնիսկ օլիգոպոլիաների դեմ պայքարի առնչությամբ: