Ինչպես եւ սպասվում էր, Կազանում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ
հանդիպումն ավարտվեց անարդյունք։ Փաստորեն, հերթական անգամ արձանագրվեց,
որ կողմերն այս պահին պատրաստ չեն որեւէ համաձայնագիր ստորագրել։
Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն այս պահին ավելի լուրջ
պրոբլեմներ ունեն. Ալիեւը պիտի փորձի հնարավորինս անաղմուկ կեղծել առաջիկա
խորհրդարանական ընտրությունները, իսկ Քոչարյանը պիտի այնպես անի, որ
սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում «համը դուրս չգա»։
Նման պայմաններում, բնականաբար, Ղարաբաղը երկրորդ պլան է մղվում, թեեւ,
ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում իշխանություններն իրենց
իրականացրած կոշտ քայլերը, ուժային մեթոդներով «կազմակերպված պետություն»
կառուցելն ու ժողովրդավարական ազատությունները ոտնահարելը բացատրում են
հենց ղարաբաղյան չկարգավորված հակամարտության առկայությամբ եւ «ոչ
պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակով։
Այդ ընթացքում բանակցային գործընթացից դուրս մղված Ղարաբաղը կամաց-կամաց
պետություն է կառուցում։ Վաղը ԼՂՀ անկախության 14-րդ տարեդարձն է։
Շնորհավորական ուղերձներ, իհարկե, կհնչեն միայն Հայաստանից։ Ադրբեջանն,
իհարկե, կդատապարտի Անկախության օրվա միջոցառումները, իսկ միջազգային
կառույցները կձեւացնեն, թե լուրջ չեն ընդունում ԼՂՀ անկախությունը։ Բայց
սա էական չէ։ Շատ ավելի կարեւոր է այն հարցը, թե իսկապե՞ս Ղարաբաղը որպես
անկախ պետություն կայացել է, եւ եթե այո` ապա ի՞նչ տիպի պետություն է
կառուցվում Ղարաբաղում։ Սա չափազանց կարեւոր հարց է երկու առումներով.
նախ` որովհետեւ միջազգային կառույցների գնահատականներն էական են (ԼՂՀ
ապագա կարգավիճակի ճշտման հարցում), եւ երկրորդ` արտաքին ագրեսիայից
պաշտպանվել հնարավոր է միայն կայացած պետական ինստիտուտների առկայության
պայմաններում։
Կայացա՞ծ է արդյոք ԼՂՀ-ն որպես անկախ պետություն։ Անկասկած։ Կայացած է
ճիշտ այնքանով, որքանով ընդհանրապես հնարավոր է կայանալ` գտնվելով փաստացի
պատերազմական իրավիճակում, ունենալով հասարակություն, որի գրեթե բոլոր
չափահաս տղամարդիկ այս կամ այն կերպ կապված են բանակի հետ, եւ գրեթե
լիակատար տնտեսական կախվածություն ունենալով մի երկրից, որը, մեղմ ասած,
առանձնապես ժողովրդավարական չէ եւ աչքի չի ընկնում քաղաքացիական
ինստիտուտների կայացածությամբ։
Ընդհանրապես, տոնական առիթներով ընդունված չէ խոսել բացասական
երեւույթների մասին, մանավանդ, որ օբյեկտիվ անհրաժեշտությունը Ղարաբաղին
ստիպում է, զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով, բացասական
երեւույթները ճնշել կամ «արտահանել» Հայաստան։ Ուստի կխոսենք միայն
դրականի մասին։ Ընդ որում, «դրական» ասելով` ամենեւին էլ վիճակագրական
տվյալները նկատի չունենք` թե որքանով է աճել Ղարաբաղի տնտեսությունը, ինչ
ծավալի շինարարություն է ընթանում, ինչ տեմպերով են աճում օտարերկրյա
ներդրումները, եւ այլն։
Անկախության 14 տարիների ընթացքում Ղարաբաղի կարեւորագույն նվաճումը
թերեւս այն էր, որ Ղարաբաղը ձերբազատվեց «բանակ-պետություն» կարգավիճակից,
եւ վերջապես ամրապնդվեց այն գիտակցությունը, որ Ղարաբաղի ժողովրդի
գոյության միակ նպատակը բանակի սպասարկումը չէ։ Ամրապնդվեց նաեւ այն
գիտակցումը, որ չի կարելի աշխարհիկ պետություն կառուցել բանակի
օրենքներով, եւ ժողովրդավարությունը պետության պաշտպանունակության
նույնքան կարեւոր երաշխիք է, որքան բանակը։ Եվ պատահական չէ, որ
Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր ընտրությունները շատ ավելի արդար էին, քան
Հայաստանում եւ Ադրբեջանում։ Սա իսկապես կարեւոր ցուցանիշ է` այն առումով,
որ Ղարաբաղում իշխանությունները դիմացան գայթակղությանը եւ չփորձեցին
ժողովրդավարական արժեքները «պոլիտբյուրոյի» հետ համեմատել ու դա
պատճառաբանել պատերազմական իրավիճակով։ Ավելին` Արկադի Ղուկասյանը մի
առիթով հայտարարեց, թե 2007-ին ԼՂՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը
չի առաջադրելու։ Որքան մեզ հայտնի է, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Իլհամ
Ալիեւը նման բան չեն հայտարարել։
Իհարկե, կարելի է նաեւ հեգնանքով վերաբերվել ԼՂՀ անկախությանը, նույնիսկ
«Հայաստանի 11-րդ մարզ» անվանել, բայց ընդունեք` այնքան էլ արդարացի չէ։
Համենայն դեպս, աշխարհում այսօր քիչ ճանաչված պետություններ կան, որոնք
իրենց անկախությանը հասել են նման ծանր պայքարի արդյունքում։ Ուստի մեզ
մնում է միայն շնորհավորել ԼՂՀ անկախության տարեդարձը։