Արտգործնախարար Վարդան Օսկանյանի ասուլիսները երկու հիմնական
ընդհանրություն ունեն: Նախ` մինչեւ ասուլիսը նախապես հայտնի է, թե ինչ է
ասելու արտգործնախարարը: Երկրորդ բնորոշ կողմն այն է, որ Վարդան Օսկանյանն
այդ ասուլիսին անում է այնպիսի հայտարարություններ, որոնք առաջին հայացքից
հայրենասիրական ու ազգային են թվում, սակայն կարող են միջազգային սկանդալի
առիթ հանդիսանալ:
Եվ եթե, ասենք, ղարաբաղյան հիմնախնդրի կամ միջազգային ահաբեկչության
վերաբերյալ պրն Օսկանյանի մտքերը կարելի է արտագրել նախորդ ասուլիսի մասին
հաղորդագրություններից, ապա ոչ ստանդարտ հարցերին առնչվող նրա
հայտարարությունները պետք է ոչ միայն մի քանի անգամ լսել, այլեւ այնպես
ներկայացնել, որ Հայաստանը հերթական դիվանագիտական խայտառակության մեջ
չհայտնվի:
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների մասին Վարդան Օսկանյանը,
բնականաբար, որեւէ նորություն չասաց: Դիվանագիտական շրջանակների եւ բոլոր
միջազգային լրատվամիջոցների կողմից «անպտուղ» գնահատականի արժանացած
նախագահների կազանյան հանդիպման վերաբերյալ, Օսկանյանը, ինչպես միշտ,
հայտարարեց, թե այն «դաշտ է բացում արտգործնախարարների աշխատանքը
շարունակելու համար»: Իսկ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, թե
բանակցություններն անպտուղ են անցնում, բնականաբար, Օսկանյանը
վերապահումներով է վերաբերվում: Մեր այն հարցին, թե ինչպես կարելի է
համադրել բանակցությունների վերաբերյալ իր չափավոր լավատեսությունը Իլհամ
Ալիեւի այդ հայտարարության հետ, պրն Օսկանյանը պատասխանեց. «Մենք փակուղու
մեջ չենք. նախագահները դրական են գնահատում հանդիպումը: Եվ ես, հաշվի
առնելով այն հանձնարարականը, որ բոլորի ներկայությամբ տրվեց նախարարներին,
գտնում եմ, որ դա դրական հանդիպում է եղել, եւ պրոցեսն իր
շարունակությունը կունենա»: Այս հերթապահ ձեւակերպումներով էլ Վարդան
Օսկանյանը փակեց Քոչարյան-Ալիեւ հանդիպման եւ ԼՂ հարցի կարգավորմանը
վերաբերող թեման:
Մինչդեռ անհամեմատ սենսացիոն էին տարածաշրջանային զարգացումներին
վերաբերող պրն Օսկանյանի գնահատականները: Մասնավորապես` պատասխանելով մեր
այն հարցին, թե Ղարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման մասին եռակողմ
համաձայնագրի ստորագրումից հետո էլ ինքը շարունակում է մնալ այն կարծիքին,
որ Հայաստանը եւս 100 տարի կարող է զարգանալ առանց ԼՂ հարցի լուծման ու
ապաշրջափակման, ԱԳ նախարարն ասաց. «Ղարս-Գյումրի-Թբիլիսի գոյություն
ունեցող երկաթուղին չի գործում Թուրքիայի իշխանությունների ոչ ճիշտ ընտրած
քաղաքական գծի պատճառով»: Սրանով Օսկանյանը թերեւս ուզում էր ընդգծել, որ
տվյալ ուղղությամբ արդեն գոյություն ունեցող երկաթուղու պայմաններում նոր
երկաթգծի կառուցման համար ներդրումներ անելն անիմաստ է: Կարծում ենք,
Վարդան Օսկանյանը մեզանից լավ գիտի, որ նման նախագծերում ներդրումների
արդյունավետությունը գնահատվում է ոչ թե տնտեսական շահի տեսանկյունից, այլ
բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ: Սակայն սենսացիոն էր պրն
Օսկանյանի հաջորդ հայտարարությունը, որը կարող է որակվել որպես այլ
երկրների ներքին գործերին միջամտելու փորձ: Հիշեցնելով, որ ԱՄՆ-ը
օգնություն է տրամադրում Հարավային Կովկասի բոլոր երկրներին, պրն
Օսկանյանը հայտարարեց. «Վրաստանն ու Ադրբեջանը բարոյական իրավունք չունեն
անգամ սեփական բյուջեից միջոցներ հատկացնել նման անիմաստ նախագծերի համար:
Այլապես այդ երկրները միջազգային ֆինանսական օգնություն չպետք է ստանան»:
Հենց այդպես, ոչ ավելի, ոչ պակաս` ՀՀ արտգործնախարարը ստանձնում է
միաժամանակ Ադրբեջանի ու Վրաստանի վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի
«պատասխանատվությունը»: Սակայն չկարծեք, թե Օսկանյանը նման
հայտարարություններ է անում անձնական հավակնությունների պատճառով:
Ամենեւին: Վարդան Օսկանյանը պարզապես մտահոգված է միջազգային հանրության
ռեսուրսների սահմանափակ լինելով: Իրավացի է մեր ԱԳ նախարարը: Ինչո՞ւ պետք
է միջազգային հանրությունն իր բժշկին քիչ վճարի, իր ուսուցչին քիչ վճարի,
այդ միջոցներն իրենից «կտրի», հատկացնի Ադրբեջանին ու Վրաստանին, որ
վերջիններս դրանք ծախսեն ինչ-որ անիմաստ ու անբարոյական ծրագրերի վրա:
Կարծում ենք, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի
ղեկավարությունը հաշվի կառնի Վարդան Օսկանյանի այս հայտարարությունները եւ
համաշխարհային սահմանափակ ռեսուրսների արդյունավետ բաշխման հարցում կօգտվի
մեր արտգործնախարարի խորհրդատվությունից:
Վարդան Օսկանյանի նման հայտարարություններն, իհարկե, խիստ ազգային են եւ
լիովին տեղավորվում են մեր արտաքին քաղաքականության ներկայիս հայեցակարգի
մեջ: Ընդ որում, վստահ ենք, որ պրն Օսկանյանը շատ լավ գիտի նման
հայտարարությունների հնարավոր հետեւանքները: Ուղղակի նա այլ ելք չունի:
Կամ պետք է ծառայի պետական քաղաքականության վերածված «Ծովից ծով
Հայաստանի» գաղափարախոսությանը, կամ պետք է հրաժարական տա: Իսկ եթե Վարդան
Օսկանյանը հրաժարական չտվեց իր որդու հետ կապված միջադեպից հետո (ինչպես`
PR-ի շրջանակներում գրվել էր մեր մամուլում), ապա նա ընտրել է առաջին
տարբերակը:
Ինչ վերաբերում է Վրաստանի եւ Ադրբեջանի բյուջետային ծախսերի վերաբերյալ
մեր արտգործնախարարի հայտարարություններին, ապա հիշեցնենք, որ ոչ թե մեր
հարեւաններն են որեւէ ռազմավարական գործընկերոջ ֆորպոստը, այլ այն
պետությունը, որի անունից երկու շաբաթ հետո ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է
ունենալու Վարդան Օսկանյանը: