Երկու շաբաթից

27/02/2010

Հյուսիսային ավտոկայանում երեկ տեղի է ունեցել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` թափուր երթուղիների համար: Մրցույթը շահող ընկերությունները պետք է սպասարկեն Երեւան-Գորիս-Երեւան, Գորիս-Երեւան-Գորիս, Կապան-Երեւան-Կապան, Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան եւ Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիները: Մասնակցության հայտ էին ներկայացրել «Ֆրանս-պարկ» ՓԲԸ-ն, «Լավ ընկեր» եւ «Մեղրաձոր» ՍՊԸ-ները:

«Ֆրանս-պարկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աննա Անտոնյանն «Ա1+»-ին ասել է, որ մրցույթի պահին է ցանկացել իմանալ հանձնաժողովի անդամների գնահատականները, սակայն իրեն չի հաջողվել: «Դա էլ առիթ հանդիսացավ, որ ավելի մանրազնին իմ մեքենաները նայեին, ոնց տեսնում եմ՝ մնացածինը այդպես չի: Մնացած դեպքերում մեքենաները գալիս են, օպցիաներ կան ավելացրած, ոչ մի առարկություն չկա, բայց իմ մեքենան, որ պետական վիճակով է, գտնում են, որ պետական չի: Ճիշտ չի աշխատում, եթե ճիշտ աշխատեր, գնահատականները տեղում, այստեղ կդնեին, որ մենք տեղյակ լինեինք»,- ասել է նա:

Ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտային վարչության պետ Գագիկ Սարոյանի` հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ մոտեցումն է, իրենք կարող են որոշել` թվերը հրապարակե՞լ, թե՞ ոչ:

«Ֆրանս-պարկը» երեկ ներկայացրել էր 5 մեքենա` սպասարկելու Մեղրի-Ագարակ-Երեւան, Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիները: «Ֆրանս-պարկի» մրցակիցը «Մրգաձոր» ընկերությունն էր: Ընկերության տնօրեն Վարոս Հակոբյանն ասաց, որ դեռ ոչինչ պարզ չէ: «Մրգաձորը» նաեւ հայտ էր ներկայացրել Գորիսի երթուղին սպասարկելու համար, որտեղ մրցակից չկար: Իսկ «Լավ ընկեր» ՍՊԸ-ն հայտ էր ներկայացել Կապան-Երեւան-Կապան երթուղու համար, որտեղ նույնպես մրցակից չկար: Ըստ «Ա1+»-ի` ընկերության ներկայացուցիչները մրցույթին հետեւում էին միայն հեռվից` ավտոկայանի շենքից: