Արձագանքեցին

27/02/2010

Մեր թերթի նախորդ համարներից մեկում` «Կիսատ ուղեղով` կիսատ-պռատ կյանք» վերնագրով հոդվածը մեծ արձագանք է ստացել: Հիշեցնենք, որ Ալիկ Հովհաննիսյանն իր բազմանդամ ընտանիքով հանգրվանել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի մի վագոն-տնակում, որտեղ այս ընտանիքն ապրում է աննկարագրելի վատ պայմաններում: 6 տարեկան Հովհաննեսը վիրահատման կարիք ուներ, սակայն ընտանիքի ծանր պայմանների պատճառով այս երեխան ճողվածքի ցավերից տառապում էր: Ալիկն ասում էր, որ խանութից վերցրած հացի գումարի մեծ պարտքի դիմաց գրավ դրած անձնագիրը չի կարողանում վերցնել՝ գումարը չվճարելու պատճառով, ինչի հետեւանքով նույնիսկ ընտանեկան նպաստի գրասենյակ դիմել չի կարող: Հրապարակումից հետո այս ընտանիքին օգնելու պատրաստակամություն են հայտնել ինչպես ֆրանսիական (նրանք չցանկացան անուններ հրապարակել), այնպես էլ` ամերիկյան դեսպանատան հայ աշխատակիցները: Ամերիկյան դեսպանատան աշխատակիցները գումար են հավաքել եւ տրամադրել են այս ընտանիքին: Բավականին մեծ աջակցություն են ցուցաբերել «Վերնատուն համայնքային զարգացման կենտրոն», «Ամկոր», «Caunterpart» (տնօրեն` Արմինե Խաչատրյան), «Ird» (նախագահ` Ռուզաննա Ստեփանյան) հասարակական կազմակերպությունները: Երեկ «Վերնատուն» հ/կ-ի նախագահ Հռիփսիմե Ադամյանը մեզ տեղեկացրեց, որ փոքրիկ Հովհաննեսի վիրահատության հարցերն ամբողջությամբ կազմակերպել են, եւ նա երեկ արդեն վիրահատվել է։ «Ես հիվանդանոցից եմ գալիս: Ամեն ինչ նորմալ է անցել, երեխան արդեն նարկոզից դուրս է եկել: Վիրահատությունը կատարվել է Աշտարակի հիվանդանոցում, եւ պետք է ասեմ, որ բուժանձնակազմը շատ հոգատար է, շնորհակալ եմ իրենց նման վերաբերմունքի համար»,- ասաց Հ. Ադամյանը` հավելելով, որ «կամավորների» վերոնշյալ «խմբի» շնորհիվ նաեւ մարվել է Ալիկի պարտքը, եւ նրա անձնագիրը վերադարձրել են իրեն: Նշենք, որ այս կազմակերպությունները, բացի երեխայի վիրահատությունից եւ ֆինանսական աջակցությունից, այս ընտանիքին տրամադրել են ինչպես հագուստ, այնպես էլ` սնունդ: Հ. Ադամյանը նաեւ տեղեկացրեց, որ այս ընտանիքը կդառնա կազմակերպության շահառուն եւ մշտապես կլինի իրենց աջակցության կենտրոնում: Ֆրանսիական դեսպանատան աշխատակիցները նույնպես գումար են փոխանցել այս ընտանիքին: