Ժորան իր փրկությունը տեսնում է լոգարանի խողովակից կախվելու մեջ

27/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խմբագրություն զանգահարած տղամարդու կաշկանդված ձայնի խորության մեջ ամոթ է զսպվել: Խոսափողն արձագանքում է սրտի արագ դմբդմբոցից՝ շնչառության աններդաշնակ, անկանոն կանգը: Ասում է` «Հասկանո՞ւմ եք, վերջին փորձն եմ անում. երեւի անհույս մի փորձգ բայց հեռախոսով ասելու բան չի: Կյանքի ու մահվան հարց է»: Ասում եմ` «Դե՛, եկեք` կխոսենք»: Խնդրում է ցերեկային ժամերին հրավիրել, որովհետեւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ֆիզիկական իր գոյությունը քաղաքի կենտրոն «քարշ տալու» համար ժամեր են պահանջվելու: Խոսում է չափազանց գրագետ, ու խոսափողը ցած դնելուց հետո ներքին համոզմունք ունեմ, որ հեռաձայնողը խմբագրության հեռախոսահամարը հավաքելուց առաջ իր ողջ էության մեջ խեղդել է արժանապատվությունն ու ինքնասիրությունը:

Ձեռնափայտով տոտիկ-տոտիկ, անուժ ու վախվորած ներս է մտնում 63-ամյա Ժորա Հակոբյանը: Հագուստի անթերի մաքրությունը վկայում է, որ հաշմանդամ այս տղամարդու համար գերխնդիր է մեր օգնությանը դիմելու անհույս փորձն իրականացնել արժանապատիվ մարդուն վայել: Հետո պատմում է իր ծանր պատմությունն ու որպես վերջաբան՝ ավելացնում. «Իմ տան բաղնիքի առաստաղին մի հարմարավետ, ամուր խողովակ կա: Ամեն ինչ մտածված ու ծրագրված է: Շուտով, շատ շուտով իմ ծրագիրը կիրականացնեմ: Համբերության վերջին կաթիլն է մնացել, բայց արդեն լցվում է, ու էդ խողովակից կախվելն իմ փրկությունը կլինի»: Խեղդամահ լինելու շարժառիթները նույնքան ցավոտ ու անմարդկային են, որքան անտանելի է տեսնել, թե ինչպես է ամեն խոսքն արտաբերելուց հետո գրպանից հանում դեղորայքի սրվակն ու հաջորդ բառն արտահայտելու համար դեղահաբից կենսունակություն ստանում:

Սովետական տարիներին նա գործարանի արտադրամասի պետ է եղել, այնուհետեւ բարձր պաշտոններ է զբաղեցրել, մինչեւ անգամ՝ Սննդի նախարարությունում բաժնի վարիչ է աշխատել: Սովետական Միության փլուզումից հետո բարձրագույն կրթության երեք դիպլոմները, գիտական կոչումները ձեռքին՝ գործազուրկ է դարձել, եւ հացամթերքների տեխնոլոգի իր մասնագիտությունը դեռ այն տարիներից սկսած համարվել է անպետք: Մոլորակի, ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ մեկ քառորդ մասում, մոտ 54 երկրներում շրջագայած եւ իր մասնագիտական հմտություններով աշխարհին ներկայացած Ժ. Հակոբյանի կյանքը 1992-ից հետո դարձել է բեռ նույնիսկ սեփական անձի համար: Ասում է` «Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ կորցրեցի: Ընտանիքիս, երեխաներիս, ունեցվածքս, նույնիսկ ինքս ինձ»: Երկու որդիներից ավագը մահացել է թոքաբորբ հիվանդությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: Երկրորդ որդու մահն ու սթրեսային վիճակից առաջացած նրա հիվանդությունների փրկօղակն այսօր այն խողովակն է, որն ամուր տեղակայված է լոգասենյակում եւ կանչում է իրեն: Ասում է` «Սարսափելի տարիներ, սարսափելի ապրումներ, որոնք շարունակվում են ու վերջ չունեն: Տղաս ծառայում էր Մարտունիում, ու մի օր նրան որպես դիակ են բերում` առանց պատճառաբանելու նրա մահը»: 2006-ին մահացած Ժորայի որդու` Հակոբ Հակոբյանի մահվան վկայականում գրված է, որ դիակի խորը զարգացած նեխային փոփոխությունների պատճառով մահվան պատճառը հնարավոր չէ որոշել: «Էդպես էլ չիմացանք, թե ինչից է որդիս մահացել: Եթե հիվանդ է եղել, ապա ի՞նչ հիվանդ է եղել, ինչո՞ւ է հիվանդ վիճակում ծառայել ու ծառայության ժամանակ մահացել: Հասկանո՞ւմ եք, տղաս մահանում է առանց պատճառի, դիահերձարանում նրա մահվան պատճառը չեն գտել, ու էդպես էլ անցնում-գնում է»: Այդ դեպքից հետո սթրեսային իրավիճակը, մենակությունն ու անօգնական վիճակն այս տղամարդուն «փակել» են տան չորս պատի մեջ ու մատնացույց են արել այն խողովակը, որի մեջ է միայն տեսնում իր փրկությունը: Մի քանի անգամ կաթված է ստացել: Ասում է` «Շատ վատ էի զգում, անընդհատ վատանում էի: Ես ողնաշարի խնդիր ունեմ, որի պատճառով տեղաշարժվելն ինձ համար մահ է: Բայց սրտիս հետ ինչ-որ բան էր կատարվում: Ուղարկեցին ստուգվելու, պարզվեց` անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ»: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո պարզվել է, որ, իսկապես, Ժ. Հակոբյանին անհրաժեշտ է անհապաղ վիրահատել` «Կարիք ունի աորտա կորոնար շունտավորման, որի արժեքը կազմում է 2 մլն 250.000 դրամ»,- գրված է բուժկենտրոնի ախտորոշման մեջ: Դիմել է ՀՀ Առողջապահության նախարարություն, որի պատասխան նամակում ՀՀ Առողջապահության նախարար Հ. Քուշկյանը հանձնարարել է պետպատվերի շրջանակներում կազմակերպել նրա վիրահատությունը: Մինչդեռ պետպատվերն իրականացնելու համար ՀՀ ԱՆ-ն ի զորու է փոխանցել 365.000 դրամ, որն անգամ վիրահատության համար պահանջվող գումարի մի մասը չի կազմում: Ժորան 2-րդ կարգի հաշմանդամության համար 22.000 դրամ թոշակ է ստանում, 10.000 դրամ էլ` ընտանեկան նպաստ: «Ես դեղորայքով գոյատեւող մարդ եմ: Նայե՛ք էս ցուցակը, 40.000-50.000 դրամի դեղ ամսական գնում եմ, իսկ պոլիկլինիկան ընդամենը մի անուն դեղ է անվճար տալիս, էն էլ` ճնշման համար: Շատ վատ եմ զգում նույնիսկ ասել, բայց դեղերը գնում եմ, որ չմեռնեմ, ու քաղցած ապրում եմ»,- ասում է Ժորան` հավելելով, որ հունվար ամսին դիմել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին` խնդրելով ձեռք մեկնել իրեն: Սոցապ նախարարը Ժորային տեղեկացրել է, որ դրամական օգնություն չեն կարող հատկացնել, բայց որոշ դեղեր կգնեն եւ իրեն կտրամադրեն: Ասում է, որ Սոցապ նախարարության աշխատակիցները հունվար ամսից իրեն «խաբում» են, եւ առանց հաշվի առնելու ծանր հաշմանդամությունը՝ կանչում են նախարարություն ու դատարկաձեռն ճանապարհում են տուն. «Ախր նույնիսկ ամոթ է, էլի, ես էդ մարդը չեմ, ես պատվի, ինքնասիրության մեռած մարդ եմ: Նախարարն իր խորհրդական Հայկ Մուրադյանին հանձնարարեց էդ հարցը լուծել, բայց քանի անգամ գնացել եմ` էսօր, վաղը, էսօր, վաղը, կզանգեք՝ կասենք: Զանգում եմ` ձայնս ճանաչում են, ասում են` տեղում չի: Հարեւանիս եմ խնդրում, զանգում է, միացնում են, ես եմ վերցնում, անջատում են: Ախր կարելի՞ է մարդուն էդքան նվաստացնել` ինչ է թե` ապրելու համար մի երկու դեղ են գնում: Դրանք պետական պաշտոնյանե՞ր են, թե՞ ստախոսներ: Եթե չեն ուզում օգնել, թող ասեն` չենք կարող, թե չէ` ես հազիվ եմ մարմինս քարշ տալիս, ինչքա՞ն կարելի է մարդուն անտեղի տանջել»: Հետո հաշմանդամ այս տղամարդը մի թուղթ է մատնացույց անում, որտեղ գրված են մեր բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների, կուսակցությունների անուններ, որոնց գրավոր նամակ է ուղղել՝ ներկայացնելով իր ծանր վիճակը, սակայն պատասխան չի ստացել: Ժորան ասում է, որ, եթե շտապօգնության ծառայությունը չլիներ` վաղուց իրեն իր տան մեջ մահացած կգտնեին: «Մեկ ամիս շարունակ գնում, գալիս էի, որ մեր երկրում շատ հայտնի, անունը չեմ ուզում տալ, մարդուն խնդրեի օգնել: Փաստաթղթերս ներկայացրի, հիվանդության պատմությունը: Ասաց` ես անհատներին չեմ օգնում: Ասացի` ինչո՞ւ. ասաց` քեզ որ օգնեմ՝ ո՞վ պիտի իմանա, որ լավություն եմ արել, ես մենակ մասսայական բնույթի օգնություններ եմ տալիս: Ասացի` ես կխնդրեմ, որ մամուլի ներկայացուցիչները գրեն, որ օգնել եք, բայցգ ձեռքը թափ տալով հեռացավ»: Վերջին անգամ եղել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ, ով խոստացել է վիրահատության համար մարտ ամսին ուղեգիր ձեւակերպել: Որդու մահից հետո Ժորան անգամ չի կարողացել ձեռք բերել օրենքով սահմանված կարգով` կերակրողին կորցնելու համար նախատեսված թոշակի համար պահանջվող փաստաթղթերը: Պատասխանել են, թե` պետք է մահվան օրից սկսած վեց ամսվա ընթացքում դիմեիք, մինչդեռ ծանր սթրեսային վիճակում հիվանդանոցում գտնվելու ժամանակ որդեկորույս հոր մտքով էլ չի անցել թղթերի ետեւից ընկնել: Փոխարենը՝ ՊՆ Սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Հարությունյանը տեղեկանք է տրամադրել, ըստ որի` «համաձայն «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ Ժ. Հակոբյանի համար ձեւակերպել սահմանված զեղչերն ու արտոնությունները»: Մինչդեռ վերջինս վստահեցնում է, որ իրականում երբեւէ չի օգտվել այդ տեղեկանքից, որովհետեւ զեղչեր եւ արտոնություններ ընդհանրապես գոյություն չունեն, ձեւական փաստաթուղթ է: Ժ. Հակոբյանը խորհրդային տարիներին «Հայխնայբանկում» մոտ երեք միլիոն ռուբլի գումար է կուտակել: Ասում է` «Ես անպատիվ մարդ չեմ, իմ աշխատելու տարիներին հարյուրավոր մարդկանց օգնել եմ: Ոչ մեկի ողորմությանը չեմ սպասում, պարզապես հիմա իմ առաջ պատ է: Ես թոշակով ու նպաստով միայն դեղորայք եմ գնում, որ չմեռնեմ, բայց հավատացեք, որ անհաց մարդը անգամ դեղերով չի կարող ապրել: Թող իմ փողերը հետ տան` ես գոնե մի քիչ էլ ապրեմ: Ասում են` փոքր ես, պիտի 70-ից բարձր, միայնակգ Բայց իմ էսօրվա օրն անգամ անկանխատեսելի է, ի՞նչ 70 տարեկանի մասին է խոսքը»:

63-ամյա Ժորա Հակոբյանը բաճկոնի գրպանում մշտապես մի փոքրիկ գրություն է պահում: Այնտեղ գրված է նրա անուն-ազգանունը, բնակության վայրը եւ անձնագրի տվյալները: «Որ հանկարծ փողոցներում հանկարծակի մեռնեմ` տվյալներս ունենան»: Մի բան էլ կա, որ իր համար շատ կարեւոր է. «Չնայած շարժվելն ինձ համար տանջալից է, բայց ամեն իրիկուն աթոռի վրա նստում, վաննան դնում եմ իմ առաջ ու շորերս լվանում, արդուկում եմ, իսկ կոշիկներս պիտի միշտ փայլեն: Ես շատ բծախնդիր եմ էդ հարցում. սոված կարող եմ ապրել, բայց կեղտոտ` երբեք: Ուզում եմ մեռնելուց ինձ մաքուր շորերով գտնեն»:

Հ.Գ. Ժորա Հակոբյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել «Հայէկոնոմբանկի» Շահումյանի մասնաճյուղի հետեւյալ հաշվեհամարին` 163028013411։