«Արմավիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա չվերթերը վերջին օրերին
իրականացվել են մեծ խախտումներով: Տուժած ուղեւորներից մեկը տեղեկացնում
է, որ օգոստոսի 27-ի ժամը 18-ի թռիչքը իրականացվել է 28-ի առավոտյան ժամը
5-ին: Օգոստոսի 28-ի ժամը 17-ի թռիչքն իրականացվել է 29-ի առավոտյան 6 անց
20 րոպեին: Իսկ օգոստոսի 30-ի ժամը 19-ի թռիչքը տեղի է ունեցել նույն օրը
ժամը 24-ին: Ուղեւորներին չեն տեղեկացրել, թե թռիչքներն ի վերջո ժամը
քանիսին են տեղի ունենալու: Վերջին օրն անորոշ վիճակում երկար սպասելուց
հետո որոշ ուղեւորներ կարճ ժամանակով Երեւան են գնացել ու մինչեւ նորից
«Զվարթնոց» օդանավակայան են վերադարձել, ինքնաթիռն արդեն թռել էր:
Ուղեւորը, ճիշտ է, կարողացել է «Արմավիայից» հետ ստանալ իր տոմսի արժեքը,
սակայն որոշել է այլեւս չօգտվել ընկերության ծառայությունից:
«Իմ գործընկերներից շատերն «Արմավիայի» թռիչքներով տարբեր երկրներ են
մեկնում: Մենք անընդհատ այս վիճակների մեջ ենք ընկնում, ու անընդհատ
անհանգիստ ենք, որ կարող է անսարք օդանավը մի օր ընկնի: Մենք որոշել ենք
այսուհետ օգտվել սեւծովյան, չեխական, գերմանական եւ այլ օտարերկրյա
ընկերությունների ծառայություններից: Ճանապարհը կարող է մի քիչ երկարել,
բայց դրա փոխարեն` թռիչքն ապահով ու ժամանակին կլինի: Ես չեմ հասկանում,
թե «Արմավիան» այսքան անորակ ծառայություն մատուցելով եւ ուղեւոր
կորցնելով ինչի է ուզում հասնել»: