Սուրեն Մանուկյանը երիտասարդ մուլտիպլիկատոր է, որը չի հագնում սեւ հագուստ եւ ընդհանրապես չի երազում սեւ ապակիներով «Դորդ ջհարների» մասին:
«Պարապությունից մի օր սկսեցի մուլտֆիլմ նկարել: Մուլտֆիլմն աներեւակայելի աշխարհ ա: Դու զրոյից ստեղծում ես ինչ-որ կերպար ու հետո տեսնում ես, թե այդ կերպարը ոնց է քեզ տնօրինում»,- ասում է Ս. Մանուկյանը, ում առաջին մուլտֆիլմը քաղաքականության մասին էր: Ճանճաստանի քաղաքացի ճանճը որոշում է Ազգային ժողովում բարեփոխումներ անել, բայց` ապարդյուն, որովհետեւ նիստի ընթացքում պարզվում է, որ պատգամավորները քնած են: Սա «Ճանճի բարեփոխումները Ազգային կողովում» մուլտֆիլմի սյուժեն էր, որին հաջորդեց Սուրենի «Զգեստ, որի տակ մարդ չկա» մուլտֆիլմը: «Այս մուլտֆիլմի գաղափարը սկսեց մի կերպարից, որը շատ գորշ էր: Երբ նայում էի էդ մարդուն, տեսնում էի միայն զգեստը: Ցավոք, մեզ մոտ այս մոխրագույն կերպարները շատ են: Սա արդեն տեսակի է վերածվել»,- նշում է Սուրենը, ով իր մուլտֆիլմում պատմում է 2 զգեստների մասին, որոնք սիրահարվում են միմյանց, իսկ հետո` դավաճանում: Զգեստի տակ մարդկանց չգտնելով` երիտասարդ մուլտիպլիկատորն այսօր սկսել է նկարել սարսափ մուլտֆիլմեր, որոնք մեծ բավականությամբ դիտում են անգամ երեխաները: «Ես երբեմն զարմանում եմ, երբ սարսափ արտահայտող տեսարաններում երեխաները սկսում են էնպես ծիծաղել, ասես, կատակերգական դրվագ են նայում: Երբ սկսեցի սարսափ ֆիլմեր նկարել, խորհուրդ էին տալիս երեխաներին ցույց չտալ, մինչդեռ նրանք մեծահասակներից ավելի ակտիվ են արձագանքում ցանկացած իրավիճակին: Իմ մուլտֆիլմերի լսարանը մեծահասակներն են: Երեխաների համար մուլտֆիլմ ստեղծելու համար պետք է լինել չափազանց պարզ»,- ասում է Սուրենը, ով տարիներ առաջ փորձում էր նկարել մուլտֆիլմ ժպիտը կորցրած աղջկա մասին: «Բայց էդպես էլ սցենարի շրջանակներում մնաց, որովհետեւ ինքս դեռեւս այդ հոգեվիճակին չեմ հասել»,- ավելացնում է զրուցակիցս: Վերջինս նաեւ մեծ զարմանքով է խոսում Հայաստանում տեղի ունեցող կինոփառատոների մասին, որտեղ անհասկանալիորեն հաղթում են այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում են կիսադատարկ դահլիճներում: «Էսօր խոսում են սարսափ ֆիլմերի մասին, բայց մեր էն ժամանակվա «Կացին ախպերը» ցանկացած սարսափ ֆիլմից ահավոր ա: Էսօրվա մուլտֆիլմերի հերոսներից շատերն ուղղակի աբսուրդ կերպարներ են, օրինակ, Շրեկը` ինքը ի՞նչ սեռ ունի: Իսկ ամենասարսափելին էն ա, երբ մարդը չի երեւում զգեստի մեջ: Հասկանո՞ւմ եք, նա, որպես կանոն, գոյություն ունի, բայց մնում է անհասկանալի ու գորշ: Էս դեպքում, բացի զգեստից, այլ բան չի մնում նրանից»,- անզուսպ հուզմունքով շարունակում է խոստումնալից մուլտիպլիկատորը, ում ստեղծագործությունների պահանջարկն ավելի շատ գնահատում են դրսում, քան Հայաստանում: Ի դեպ, Սուրենի` «Զգեստ, որի տակ մարդ չկա» մուլտֆիլմը Լոս Անջելեսի «Արփա» կինոփառատոնին արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին: «Էսօր իմ կամ իմ ընկերների ֆիլմերն ո՞վ պիտի ցույց տա, եթե դրանք կոմերցիոն չեն, ու այդ առումով` անհետաքրքիր են: Կոմերցիոնն էսօր ձեթի շիշ պտտելն ա: Ու ամենաուշագրավն էն ա, որ էդ սարքողին թվում ա, թե ինքը գլուխգործոց ա նկարել: Մեզ մոտ դեռեւս մուլտֆիլմը լուրջ չի ընդունվում: Լուրջ ենք ընդունում ձեթի շիշը կամ «Սպանված աղավնիները»,- ծիծաղում է երիտասարդ մուլտիպլիկատոր Սուրեն Մանուկյանը` անդրադառնալով նաեւ հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմին: «Եթե ես «Սասունցի Դավիթը» նկարեի, նախ` Դավթին կնկարեի որպես ժամանակակից երեխա, որին կճանաչեին իր հասակակիցները: Իսկ էն վիճակը, որ ներկայացվում է, երեխաների համար արդեն հետաքրքիր չէ: Գուցե ֆիլմը մենք կընդունենք, կսիրենք, բայց, կարծում եմ` դրսում հաջողություն չի ունենա, որովհետեւ չափազանց ազգային ա: Մենք պարզապես շատ ենք սիրում լացել ու դեռեւս չունենք այնպիսի հանդիսատես, որը ֆիլմը կամ մուլտֆիլմը կվերլուծի գրականությունից»,- նկատում է Ս. Մանուկյանը: