FLEX-ը 15 տարեկան է

27/02/2010

Նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը նշում էին ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի (FLEX) 15-ամյակը:

FLEX-ը ՀՀ-ում իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի սաներին (15-17 տարեկան) 1 տարի անցկացնել ԱՄՆ-ում, ապրել հյուրընկալող ընտանիքում եւ հաճախել ամերիկյան ավագ դպրոց: FLEX-ի միջոցով ԱՄՆ-ում սովորել են մոտ 700 հայ աշակերտներ: «Հայկական առաջին խումբը Միացյալ Նահանգները բացահայտելու եւ հայկական մշակույթը ներկայացնելու համար այնտեղ ուղեւորվեց 1995թ.: FLEX-ը փայլուն համագործակցության օրինակ է ԱՄՆ-ի եւ այս հիանալի երկրի միջեւ»,- նշել է ՀՀ-ում Ամերիկյան խորհուրդների ղեկավար Էլվիրա Դանան: «Միացյալ Նահանգներում ընդունված է հոբելյանական տարեթվերը բնորոշել մետաղներով: 15 տարին բնորոշում է բյուրեղը: Կարծում եմ` FLEX-ի համար հիանալի պատիվ է: Ինչպես հեղուկ զանգվածից բյուրեղն է ձեւավորվում, այնպես էլ դուք, ծրագրի շրջանակում ներառվելով, սկսեցիք ձեւավորվել, կերտվել: Հնարավորություն ունեցաք ծանոթանալ Միացյալ Նահանգներին, աշխարհին: Կիրառեք այդ ներուժը եւ կայացեք որպես լիդերներ»,- դիմելով շրջանավարտներին` ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: «Իմ շրջապատում, մեր հանրապետությունում ապրում եւ ստեղծագործում են բազում մարդիկ, որոնք ժամանակին մասնակցել են FLEX-ին: 700 hոգի կշարունակի իր լուման ունենալ ՀՀ զարգացման գործում»,- իր ելույթում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: FLEX-ի շրջանավարտ, «Apricota» խմբի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը պատմեց. «Երբ գնացի, 14 տարեկան էի, մտահորիզոնս բացվեց, ամերիկյան մշակույթի հետ ծանոթացա: Շատ գոհ էի ամերիկյան ընտանիքից: Ցանկություն չունեցա մնալ արտասահմանում. իմ գիտելիքները, փորձը ուզում եմ իմ երկրում կիրառել: Ծրագիրը, բացի կապերից ու ընկերներից, որ տվել է, աջակցում է շատ հարցերի: Ինչի որ հասել եմ հիմա, նաեւ FLEX ծրագրի շնորհիվ է` անգլերենի իմացություն, գիտելիքներ»: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Հայկը Բեյրութի Ամերիկյան համալսարանն է ընդունվել: «Քաղաքագիտությունն ու բիզնես-ադմինիստրացիա ոլորտներն ընտրեցի: Այն ժամանակ էլ էի երաժշտությամբ զբաղվում. երաժշտական կրթություն ունեմ: Այն ժամանակ հոբբի էր, հիմա` մասնագիտություն: Մշակույթի առումով էլ, ինչ անում եմ, աղբյուրը FLEX ծրագրի շրջանակներում ստացած ամերիկյան մշակույթի ազդեցությունն է: Շատ փոքր մասը, բայց կա»,- ասաց նա:

Յանինա Հուսիկյանը 18 տարեկան է, FLEX-ի 2007-2008թթ. շրջանավարտ է: «Ծնողներս համաձայն էին նրան, ինչ ես էի ուզում: Բայց շատ դժվար էր իրենց համար: Երկու օրը մեկ զանգում էին, ժամերով խոսում էինք, շատ էին մտածում ու անհանգստանում: Ինձ համար էլ սկզբից դժվար էր, հետո ահավոր հետաքրքիր, այնքան, որ մտածում ես` ինչպես վերադառնալ նախկին ապրելակերպին: Մի անգամ ընտանիք եմ փոխել, երկրորդի հետ միանգամից հարմարվեցի: Շատ մանրուքներ, որ հայերի համար սովորական բան է, իրենց համար` ոչ, օրինակ, իրենց համար անընդունելի էր իմ 40 րոպե լողանալը: Ես շփվող չէի, ինքնամփոփ, մի տարում մտածելակերպս, նպատակներս փոխվեցին: Շատ ավելի ազատամիտ եմ դարձել, երեւի կարելի է մատների վրա թվարկել այն ամենն, ինչ որ իմ մեջ չի փոխվել: Այստեղ տանն եմ, այդ զգացմունքը ինձ ԱՄՆ-ը չէր կարող տալ»,- ասաց Յանինան:

Անդրանիկ Մարտիրոսյանը FLEX-ի 1999թ. շրջանավարտ է: «Դպրոցում ասացին, որ նման ծրագիր կա, որոշեցինք ընկերներով փախչել դասից, մասնակցել: Դպրոցից ստացած գիտելիքներս բավարար էին, որովհետեւ FLEX-ը չի պահանջում բարձրագույն գիտելիքներ: Անհրաժեշտ է պարզապես առաջին մի քանի ամիսը կարողանալ շփվելգ Հենց առաջին օրից վերադառնալու ցանկություն ունեի, ես այստեղ եմ ուզում ապրել, աշխատել: Կայացա որպես անհատ. մեկ տարի առանց ծնողների, բարեկամների եւ ընկերների պետք է ապրես, ամեն ինչ փոխվում է մեջդ: Սկսել եմ որոշ բաների այլ կերպ նայել: Որոշել էի բժիշկ դառնալ, բայց վերադառնալուց հետո տնտեսագետի մասնագիտությունը ընտրեցի»:

Ըստ Bravo.am-ի