Շատ դժվար է

25/02/2010

Ներկայիս պայմաններում Թուրքիայի խորհրդարանի համար շատ դժվար է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին «Զաման» թերթի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը: «Երբ մենք դիտարկում ենք ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը, տեսնում ենք, որ այն հստակ պայմաններ է սահմանում այն մասին, թե ինչպես պետք է կամ չպետք է իրագործվեն փաստաթղթերի դրույթները: Այդ վճիռը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ որոշակի անորոշություն ստեղծում»,- ասել է նա: Հարցին` արդյոք այդ անորոշությունը կազդի՞ խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացի վրա, Մուրադ Մերջանը պատասխանել է. «Կարծում եմ, շատ դժվար է Թուրքիայի համար այսպիսի պայմաններում վավերացնել այդ արձանագրությունները. հստակ չէ` ինչպե՞ս են դրանք իրագործվելու, եւ քանի որ առկա է բացասական վերաբերմունք Թուրքիայի տեսանկյունից երկու առանցքային հարցերի շուրջ, չեմ կարծում, որ Թուրքիան կհամաձայնի զուտ սահմանի բացմանը»: «Մենք պետք է որոշակի ժամանակ տանք միջազգային ուժերին, որոնք փորձում են հարթել արձանագրությունների շուրջ առաջացած այս անորոշությունը: Միջազգային համայնքը պետք է հասկանա մի շատ կարեւոր հանգամանք` փոխելով հավասարակշռությունը Կովկասում, պետք է աշխատել այնպիսի իրավիճակ ստեղծել, որը ձեռնտու կլինի բոլորին: Եթե տարածաշրջանում առկա բոլոր խնդիրներն ամբողջությամբ չլուծվեն, միջազգային հանրությունը առավել մեծ վտանգի առջեւ կկանգնի, քան կանգնած է այժմ»,- հավելել է նա: Անդրադառնալով հարցին էլ, թե ի՞նչ են, ի վերջո, շահում կողմերն այս գործընթացից, Մերջանն ասել է. «Թուրքիան էական առաջընթաց կարձանագրի իր սահմանների ճանաչման եւ ցեղասպանության հարցում, մինչդեռ Հայաստանը, բարելավելով հարաբերությունները Թուրքիայի հետ եւ լուծելով Ղարաբաղյան հարցը, ոչինչ չի կորցնի, փոխարենը կստանա արտաքին առեւտրի ծավալը ավելացնելու եւ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին մասնակցելու հնարավորություն»:

Նաեւ հավելել է. «Միջազգային հանրությունը Հայաստանի կողմից գրավված հողերը չի ճանաչում որպես հայկական տարածք, դրանք ազատելու դեպքում Հայաստանը ոչինչ չի կորցնում, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ինձ հստակ ասել է` հենց որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լավ տնտեսական հարաբերություններ կհաստատվեն»: