«Ցո՛ւյց տվեք ձեր ծախսերը»,- պահանջում է Հրանտ Բագրատյանը «ՀայՌուսգազարդից»

25/02/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Դժբախտաբար չեն պատասխանում այն հարցերին, որ մենք բարձրացնում ենք»,- երեկ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով գազի գնի թանկացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդի» պարզաբանումներին ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) արձագանքին: Հ. Բագրատյանի հիմնական հարցադրումներից մեկն այն է, որ ներմուծվող գազի գինը «ՀայՌուսգազարդի» համար դրամով արտահայտված չի փոխվել, իսկ բնակիչներին «ՀայՌուսգազարդը» շարունակում է ներկրման գնից կրկնակի թանկ վաճառել գազը: «5-6 տարի առաջ, երբ որ գազը ներմուծում էինք 110 դոլարով, դոլարի կուրսը 580 էր: Այսինքն` ներմուծվող գազի գինը 59-60 հազար դրամ էր: Հիմա ՌԴ-ն բարձրացրել է գինը` 180 դոլար: Կուրսը 375 է, էլի 59-60 հազար դրամ է գալիս: Եթե գազի գինը, «ՀայՌուսգազա՛րդ», քեզ համար չի փոխվել, ինչո՞ւ ես այս մի քանի տարվա մեջ 2-3 անգամ գին ավելացրել: Եվ ինչո՞ւ ես 180 դոլարով գնելով` կրկնակի թանկ մեզ վաճառում` 341 դոլար: Խնդիրն այս 161 դոլար տարբերությունն է: Լոլո են կարդում այն մասին, որ ընդհանուր գինը բարձրացել է 17%, կուրսը փոխվել է 23%, 40% պետք է բարձրացնեն: Կրկնում եմ` գոյություն ունի ահռելի մարժա մանրածախի ու մեծածախի մեջ (2 անգամ): Մենք ուզում ենք իմանալ` այդ մարժայի մեջ հնարավոր չէ՞ր անել այն տնտեսումները, որ այս թանկացումները չլիներ: Այդ ի՞նչ ծախսեր են անում: Մենք չենք ստացել փաստարկված բացատրություն»,- ասաց Հ. Բագրատյանը:

Այն բացատրությունը, որ «ՀայՌուսգազարդը» վերջին տարիներին մեծ ներդրումներ է կատարել, գազիֆիկացման մակարդակը 22-24%-ից դարձրել է 94%, ինչը գազի սակագինը բարձրացնելու գլխավոր գործոններից մեկն է, Հ. Բագրատյանը հիմնավոր չի համարում: Նա նաեւ «անգրագիտություն» է համարում այն պարզաբանումը, թե 2003-2008թթ.-ին դոլարի փոխարժեքի անկման հետեւանքով ստացված լրացուցիչ շահույթը (որ կազմել է ընկերության ողջ շահույթի մի մասը) ամբողջությամբ ուղղվել է ներդրումներին ու գազիֆիկացմանը: «Տարի եղել է, որ կուրսային տարբերությունից շահել ենք, բայց այդ շահածը մեր քթերից բերվել է: Այն առումով, որ 2002-2008-ին ունեցել ենք 18.6 մլրդ դրամ շահույթ: Նույն ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են 750 մլն ԱՄՆ դոլարի (246 մլրդ դրամ) ներդրումներ ամբողջ համակարգի, Հրազդան-5-րդ էներգաբլոկի եւ Իրան-Հայաստան գազատարի գծով: Իր ողջ գործունեության ընթացքում Ընկերությունը բաժնետերերին շահաբաժին երբեւէ չի հատկացրել եւ առաջացած շահույթի գումարներն ամբողջությամբ ուղղվել են գազի համակարգում ներդրումների իրականացմանը: Այդ 18.6-ի մեջ կուրսային տարբերությունն էլ է մտնում, ամեն ինչն էլ մտնում է»,- մի քանի օր առաջ ասել էր «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը: «Քավության նոխազ են դարձել այդ ներդրումները: «ՀայՌուսգազարդից» ասում են` գազիֆիկացրել ենք, ինքնարժեքը բարձրացել է, հետո էլ եկել ենք տարիֆը բարձրացնում ենք: Է չանեիք այդպիսի ներդրում: Հարցրե՞լ եք մեզ, մենք բաժնետեր ենք` որպես պետություն, ձեր ներդրումային պլանը մենք հաստատե՞լ ենք: Հրապարակավ ներկայացրե՞լ եք ներդրումային պլանը: Եվ ո՞վ է փաստել 750 մլն-ի ներդրումը: Ասում են թիվ, ոչ ոք չի կարողանում փաստել: Մեզ պետք է, որ ոչ թե «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կ. Կարապետյանը, այլ Հայաստանի կառավարությունը իր բյուջեի հավելվածներից մեկում փաստի այդ 750 մլն դոլարի ներդրումը: Այլապես այդ ներդրումները մենք գիտենք, թե հիմա ոնց են արվում: Եվ հետո երեւի չգիտեն, որ ներդրումային ծախսերը ինքնարժեքի մեջ են մտնում դիսկոնտի ձեւով: Բառացի անգրագիտություն է: 18 մլրդ դրամ շահույթը դա ինվեստիցիայից հանված է: Այսինքն` նրանք ունեցել են 18 մլրդ դրամ պլյուս 750 մլն դոլար: Վստահ եմ` նույն ձեւի անգրագետ է կառավարությունը, կամ չի համարձակվի «ՀայՌուսգազարդի» հետ նստի-խոսի: Ահա այս խոսակցությունն է, որ չի ստացվում «ՀայՌուսգազարդի» հետ: Մենք կանենք այդ բացատրությունը մարտի մեկին, սա այսպես հեշտ չի վերջանա»,- նշեց Հ. Բագրատյանը` հավելելով, որ կուրսային տարբերությունից «ՀայՌուսգազարդը» մինչեւ 200%-ի շահութաբերություն է ունեցել: «2007-2006թթ.-ի ԿԲ հիմար քաղաքականության պատճառով «ՀայՌուսգազարդը» 200% շահույթ է ունեցել: Այն պահին, երբ որ ներմուծվող գազի գինը չի հասցրել բարձրանալ, մանրածախ գինը մոտավորապես մնացել է նույն մակարդակին, իրենք ունեցել են ահռելի շահույթներ: Ինչքան կոնկրետ` չգիտեմ: Բայց որպեսզի իմանամ, թե ինչքան` ես պետք է տեսնեմ հրապարակված, լայնածավալ, աուդիտի կողմից հաստատված բացատրությունները, հաշվեկշիռը»,- ասաց Հ. Բագրատյանը:

Շահութաբերության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ երեկ «ՀայՌուսգազարդից» պատասխանեցին, որ այն 2002-2008թթ. չի գերազանցել 7.5%-ը: Ինչեւէ, Հ. Բագրատյանի մյուս հարցադրումը վերաբերում էր նրան, թե ինչու է բնակչությանը գազը ավելի թանկ վաճառվում, քան գործարարներին: Պարզաբանումը, թե բնակչության գազամատակարարման սպասարկման համար ծախսերը ավելի շատ են, Հ. Բագրատյանի համար համոզիչ չեն: «Աշխարհում կամ հավասար է, կամ նույնիսկ հակառակը: Այն հեքիաթը, որ մեզ բացատրում են, թե այդ դեպքում ինքնարժեքը ավելի ցածր է, հասկացանք, բայց խոշոր գնորդի մոտ էլ կա մասշտաբի էֆեկտ»,- հայտարարեց նախկին վարչապետը: Նա դարձյալ անդրադարձավ ռուսական վարկից 40 մլն դոլարը «ՀայՌուսգազարդին» հատկացնելուն: ««ՀայՌուսգազարդի» ղեկավարությունն ասում է` ազատ միջոց կար` տվել են, տոկոսով հետ ենք տվել, ի՞նչ խնդիր կա: Ուրեմն պետությունը ուրիշ պետությունից պարտք է վերցնում, որ բերի ստեղ նորից ուրիշին պարտք տա՞: Է գնանք, ասենք, վերցնենք վալյուտային ֆոնդից մի միլիարդ, վարկ տանք թուրքական ընկերություններին, որ աշխատեն, տոկոսով մեզ հետ տան: Եթե պետական ազատ միջոց է եղել, ապա այստեղ էլ հարցի լուծում կա` այդ միջոցները Ֆինանսների նախարարությունը տալիս է ԿԲ-ին, ԿԲ-ն ժամանակավորապես որպես վարկային ռեսուրս պետք է տա կոմերցիոն բանկերին: Եվ «ՀայՌուսգազարդն» էլ, եթե իրեն փող է պետք, պետք է գնա բանկից վարկ վերցնի, որ բանկային սեկտորն էլ զարգանա»,- ասաց Հ. Բագրատյանը:

Նա չէր հավատում նաեւ այն հավաստիացումներին, թե գազի որակը չի նվազել վերջին տարիներին: «Պետությո՛ւն, մի հատ լաբորատորիա հիմնի, պարբերաբար ստուգի, ու ամիսը մեկ մեզ ինֆորմացիա տուր` ինչպիսի՞ն է գազի, ջրի, հեռախոսակապի որակը: Պետությունն իրավունք ունի որակի ստանդարտ հաստատել: Չի անում: Ասում ենք` ինչպե՞ս է ընթանում գազի մաքսազերծումը: Պետությունն իր չափիչը դրե՞լ է, որ «ՀայՌուսգազարդն» իրոք այդքան գազ է օգտագործում: Նորից պատասխան չկա: Նայե՞լ եք գիշերային եւ ցերեկային տարիֆը: Այդ սխեմայի տակ գիշերը գուցե ավելցուկ է լինում, գուցե հնարավոր է այդ սխեմայով թեթեւացնե՞լ մարդկանց հոգսը: Եվ ամենակարեւոր հարցը` ՌԴ-ում, Ուկրաինայում, Վրաստանում մարդիկ գազի հաշիվը ստանում են ծրարով` Պողոսյան Պողոս, Ձեր գազահաշվիչի համարը սա է, վառել եք այսքան, այս ժամերին: Մենք գնում ենք «Հայփոստ», որը «հաջողությամբ» կառավարվում է Ռ. Քոչարյանի կողմից, եւ մեզ ասում են` էս է ձեր հաշիվը, բայց չգիտենք` դա՞ է, թե՞ ոչ: Հաջորդը` դրեք գազահաշվիչի վրա երկու բանալի` «ՀայՌուսգազարդի» աշխատողը առանց բնակչի չպետք է կարողանա բացել հաշվիչը: Սա վերաբերում է նաեւ էլեկտրաէներգիային: Այս հասարակ հարցերը պետությունը չի ուզում լուծել, ինչը վկայում է, որ վախենում են թափանցիկությունից»,- նշեց Հ. Բագրատյանը: Նա անդրադարձավ նաեւ ՀՀ տնտեսական աճի եւ ՀԱԿ-ի կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական քաղաքականության վերափոխման ծրագրի նախագծին: Նա հասարակ թվաբանությամբ բացատրեց, որ չէր կարող ՀՀ-ում ծառայությունների ոլորտում 1% աճ արձանագրվել, եւ ափսոսեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այդ պահին այդտեղ չէր, որ «գոնե մի բան սովորեր»: Այնուհետեւ անդրադառնալով Ն. Երիցյանի այն մտքին, թե այսօրվա տնտեսական իրավիճակը հիշեցնում է 90-ականները, ասաց, որ Ն. Երիցյանը «բացարձակ հիմարություն է ասել»: «Նախ, 1990-ականների տնտեսական ճգնաժամը համաշխարհային ճգնաժամ չէր, տեղական էր: Պատերազմ էր եւ այլն, եւ մենք մեր տնտեսական անկումով 1990-1995թթ. ԱՊՀ 12 երկրների մեջ եղել ենք 6-րդը: Հիմա 12 երկրների մեջ 12-րդն ենք: Եթե ինտելեկտուալ պոտենցիալ լիներ, Էկոնոմիկայի նախարարը իրեն թույլ չէր տա ասել, որ ներկա տնտեսական իրավիճակը հիշեցնում է 1990-ականների սկիզբը: Դա միայն իր երազներում կարող է հիշեցնել: Պետք է պարզապես ինֆորմացված լինել, կարդալ, ոչ թե մեծամիտ-մեծամիտ նստել եւ դամբուլ-դամբուլ խոսել»,- ասաց Հ. Բագրատյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի 100 քայլանոց ծրագրին, ապա Հ. Բագրատյանը խմբավորեց դրանք 10 կետերով` հարկային դաշտի հավասար բաշխում, շինարարության ապակենտրոնացում ու դիվերսիֆիկացված հարկում, բնության պաշարների վաճառում շահագործողին, եկամուտների վերաբաշխման մեջ շուկայական մեխանիզմների ուժեղացում եւ այլն: