– Դուք ձեր հայտարարություններում գործող իշխանություններին պարբերաբար
որակել եք «ապօրինի» եւ իրենց իշխանությունների օրոք անցկացվող ցանկացած
ընտրություն համարում էիք անօրինական: Սեպտեմբերի 25-ին նույն
իշխանությունների օրոք անցկացվող ՏԻՄ ընտրություններում դուք առաջադրելու
եք ձեր թեկնածությունը։ Մտավախություն չունե՞ք, որ եթե անգամ դուք
ընտրվեք, ապա կասկածի տակ կդրվի նաեւ ձեր հաղթանակը, կամ իշխանությունները
կփորձեն դրանով լեգիտիմացնել նախորդ ընտրությունները` հերքելով տարիներ
շարունակ ձեր կողմից հնչեցվող մեղադրանքները:
– Այդպիսի կարծիքներ բազմիցս հնչել են, բայց այս պարագայում մի քիչ
տարօրինակ իրավիճակ է ստեղծվում: Այո, մենք ասել ենք եւ շարունակում ենք
ասել, որ ապօրինի իշխանություններ են, որոնք իշխանությունը զավթել են
կեղծիքների ու բռնությունների միջոցով եւ ընտրություններում կիրառել են
այնպիսի մեթոդներ, որոնց սովորաբար հետեւում է համապատասխան քրեական ու
քաղաքական պատասխանատվություն: Մյուս կողմից, ասել` ապօրինի են, եւ մի
կողմ քաշվել` հնարավոր չէ, որովհետեւ սա մեր երկիրն է, մեր պետությունն է,
եւ մենք պատասխանատու ենք (խոսքը բարոյական պատասխանատվության մասին է)
կատարված յուրաքանչյուր անօրինականության համար: Ուստի` այլ ձեւ չկա, մենք
պետք է պայքարենք, որպեսզի անօրինական իշխանություններին հեռացնենք,
այլապես իրենց ընտրությունից ընտրություն վերարտադրվելու հնարավորություն
ես տալիս: Միակ ձեւը պայքարելն է, եւ այդ իսկ պատճառով որոշեցինք
մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Կարեւորում ենք հատկապես Կենտրոն
համայնքը, որովհետեւ այն Երեւանի սիրտն է, եւ շատ բաներ պայմանավորված են
այն գործընթացներով, որոնք տեղի են ունենում Կենտրոնում: Բացի այդ,
Կենտրոնը եղել է այն տարածքը, որտեղ շատ դժվար է եղել կեղծել
ընտրությունների արդյունքները: Այստեղ ապրում է քաղաքականապես շատ ավելի
ակտիվ ընտրողը, եւ հենց այս համայնքում նախկինում հաղթող են ճանաչվել
ընդդիմադիր թեկնածուները: Թեպետ այժմ սոցիալական վիճակից համայնքի
դեմոգրաֆիկ պատկերը փոխվել է: Հատուկ նաեւ իրականացվեց Հյուսիսային
պողոտայի ծրագիրը, որի շարժիչ ուժը ոչ թե Կենտրոնը բարելավելն է, այլ`
որպեսզի փոխվի համայնքի դեմոգրաֆիկ պատկերը: Դրա հետեւանքով Կենտրոնի
բնակիչն արհեստականորեն դուրս է շպրտվել իր տարածքից: Գաղտնիք չէ նաեւ, որ
մեր գերնպատակը միայն հաղթելը չէ. ընդդիմությունը պատրաստվում է
իրականացնել իր ծրագիրը, որը սկսվել է 2003թ.: Այն է` սահմանադրական կարգի
հաստատումը, որն ինչ-որ մի կետից պետք է մեկնարկեր: Իսկ ինչո՞ւ ոչ Կենտրոն
համայնքից:
– Շատերը տարօրինակ են համարում ձեր այս որոշումը` հաշվի առնելով այն
հանգամանքը, որ բոլոր ընտրություններում Կենտրոնում իշխանությունները
գործադրել են իրենց ունեցած բոլոր ռեսուրսները` ապահովելու համար իրենց
թեկնածուի հաղթանակը: Սա չի՞ անհանգստացնում ձեզ:
– Իսկ ի՞նչ եք դուք առաջարկում`չմասնակցե՞նք, չմտնե՞նք ընտրապայքարի մեջ,
թե՞ դուք, ինչպես շատերը, նույնպես շեշտում եք իմ կին լինելու հանգամանքը`
մտածելով, թե եթե տղամարդ լիներ իմ փոխարեն` ավելի հանգիստ կընկալվեր այն:
Այդ մոտեցումը ճիշտ չէ, որեւէ տարբերություն չկա: Թեպետ մեր հայկական
ավանդույթներում առայժմ կին թաղապետի փորձը չկա: Բայց մենք ունենք կին
պատգամավորներ եւ ի վերջո ավանդույթներն ինչ-որ պահի փոխվում են: Ինչո՞ւ
դա չլինի հիմա:
– Գուցե հաշվի եք առել նաեւ վերջին շրջանում հեղափոխություն
իրականացրած երկրների փորձը, որտեղ կանայք է՞լ են մեծ դերակատարում
ունեցել:
– Ես այլ կերպ կմեկնաբանեի այդ փաստը: Պարզապես ընդդիմությունը եւ՛
Հայաստանում, եւ՛ ձեր մատնանշած երկրներում շատ ավելի ժողովրդավարական
սկզբունքներով է առաջնորդվում, քան գործող իշխանությունները: Իսկ
ժողովրդավարությունը շատ հստակ կանոններ ունի` մարդիկ հավասար են օրենքի
առաջ եւ ունեն հավասար իրավունքներ: Այդ թվում` տղամարդիկ ու կանայք: Եվ,
ի վերջո, հասարակությունը` կենսաբանական առումով, կազմված է երկու սեռից`
կին եւ տղամարդ: Մանավանդ, որ Հայաստանում կանայք թվով մեծամասնություն են
կազմում, ուստի բնական է կնոջ մասնակցությունը քաղաքական գործընթացներին:
Անբնական կլիներ հակառակ պարագան, եւ մենք հիմա գալիս ենք բնական վիճակին,
երբ կանայք տղամարդկանց հետ հավասար ստանում են համապատասխան կրթություն:
Եվ ի՞նչը պետք է խանգարի կնոջն` ակտիվ մասնակցել պետության
շինարարությանը:
– Իսկ ընտրապայքարից առաջ հաշվի առե՞լ եք հակառակորդի ուժը:
– Մենք ամեն ինչ հաշվի ենք առել: Ընդդիմությունը, ՀԺԿ-ն 1998թ. մասնակցել
են բոլոր ընտրություններին եւ մենք գիտենք, թե ինչպես են ընտրություններն
անցկացվում: Մենք այդ բովով անցել ենք եւ պատրաստ ենք հաղթահարել բոլոր
այն խնդիրները, որոնք առաջանում են ընտրությունների ժամանակ: Մենք ամեն
ինչ անելու ենք, որպեսզի թույլ չտանք կիրառել այն անօրինականությունները,
որոնք մինչ օրս կատարվել են ընտրությունների ժամանակ: Բացի այդ, կարծում
եմ, 2005թ. ընտրությունները շատ են տարբերվում 2003թ. ընտրություններից:
Միակ բանը, որ ես կարող եմ իմ հակառակորդին առաջարկել, այն է, որ այս
ընտրություններն անցկացվեն տղամարդավարի, արժանապատիվ, չիջնեն
անօրինականությունների մակարդակին:
– Ի դեպ, գործող թաղապետը, որը նաեւ ձեր հակառակորդն է, հայտարարել էր,
թե հաղթանակը կնոջ նկատմամբ տղամարդուն ոչինչ չի տալիս, իսկ պարտությունը
խայտառակում է տղամարդուն, ուստի, խուսափելու համար խայտառակությունից,
այլ ելք չկա, քան հաղթելը:
– Կարծում եմ, ընտրությունը թղթախաղ չէ: Այսինքն` տղամարդու
պատվախնդրության, խայտառակության հարթության վրա չպետք է դիտարկել
ընտրությունները: Խոսքը քաղաքական գործընթացների մասին է: Ինձ թվում է`
անօրինականությունների, բռնությունների, կեղծիքների միջոցով հաղթանակ
տանելն է խայտառակություն: Այ դա իսկապես խայտառակություն կլինի եւ վայել
չէ ոչ միայն տղամարդուն, այլեւ 21-րդ դարի մարդուն: Կուզենայի, որ իմ
մրցակիցն այս տեսանկյունից մոտենար խնդրին:
– Ընդդիմադիր բոլոր ուժերը պատրաստակամություն են հայտնել աջակցել ձեզ
ընտրություններում: Ի՞նչ եք կարծում, եթե միասնական ընդդիմությունն այս
համայնքում պարտություն կրի, դա խայտառակություն չի՞ լինի ամբողջ
ընդդիմության համար:
– Եթե հավասար, արդար ընտրություններ լինեն, ու պարտվեն գաղափարները,
մոտեցումները` այլ խնդիր է, եւ այդտեղ խայտառակության մասին խոսք լինել չի
կարող: Բայց մենք խոսում ենք նորմալ, ազատ արդար ընտրությունների
անցկացման մասին: Ինքս էլ մինչեւ վերջերս Կենտրոնի բնակիչ էի ու շատ լավ
գիտեմ համայնքի բնակիչների մոտեցումները ու վստահաբար կարող եմ ասել, որ
այս համայնքում միայն մեկ տարբերակով կարող են հաղթել ընդդիմությանը, եթե
այնուամենայնիվ կարողանան կիրառել այն մեթոդները, որոնք կիրառել են մինչ
օրս: Իսկ մենք դրա դեմն առնելու ենք: