Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության բանաձեւի վերաբերյալ իր արած հայտարարությունները սխալ են հասկացվել: «Cihan» գործակալության փոխանցմամբ` Ջեյմս Ջեֆրին Կեսարիայի նահանգապետ Մեւլյութ Բիլիջի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների` ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առնչությամբ վերջերս իր կողմից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ իրենք կողմ են հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: «Այդ հարցի առնչությամբ իմ հայտարարությունը սխալ է հասկացվել»,- նշել է Ջեֆրին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկացի դիվանագետը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ քննարկել էր հայ-թուրքական Արձանագրությունն ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Նշելով, որ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հավանականությունը 50% է, Ջ. Ջեֆրին հայտարարել էր. «Եթե բանաձեւն ընդունվի, դա ծանր հետեւանքներ կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների համար: Ինչպես դեկտեմբերի 7-ին Օբաման ասել էր Էրդողանին, ելքը Հայաստանի հետ լավ հարաբերությունների հաստատումն է: Միակ ելքը Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունների վավերացումն է»: