Թուրքիայի խնդիրն է

25/02/2010

«Հայ-թուրքական եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացները փոխկապակցված չեն: Սա Հայաստանի դիրքորոշումն է, եւ այդ փոխըմբռնմամբ մենք սկսել ենք բանակցությունները թուրքական կողմի հետ»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա` եթե թուրքական կողմը նույն փոխըմբռնումը չունենար, ապա Հայաստանը բանակցություններ ուղղակի չէր սկսի: «Բանակցություններն էլ վարվել են այդ նույն փոխըմբռնմամբ, ստորագրված արձանագրություններում որեւէ փոխկապակցվածություն չկա: Դրա վերաբերյալ արտահայտվել են միջնորդ երկրների, ինչպես նաեւ Շվեյցարիայի, Եվրամիության ղեկավարները, իսկ եռանախագահներն էլ ամեն անգամ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նույն բանն են հայտարարում: Կապված չեն եւ չեն կարող լինել»,- ասել է նա` հավելելով, որ եթե թուրքական կողմը նախապայմանների լեզվով է խոսում, ապա «դա Թուրքիայի խնդիրն է` համապատասխան հետեւանքներով»: «Իսկ այդ երկու գործընթացները միմյանց կապակցելու վերաբերյալ խոսակցություններ չեն ընթացել, չեն ընթանում եւ ոչ էլ ընթանալու են»,- հայտարարել է Էդ. Նալբանդյանը: