Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը մի քանի օր առաջ բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով հետամուտ լինել իր սեփականությունը հանդիսացող եւ «գերակա հանրային շահ» ճանաչված անշարժ գույքի օտարման ու համարժեք փոխհատուցման հետ կապված գործընթացին:
Հ. Ղուկասյանը արդեն սպառել է ՀՀ բոլոր դատական ատյանները, պատրաստվում է դիմել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, անհրաժեշտության դեպքում` նաեւ Եվրոդատարան:
– Պարոն Ղուկասյան, Նախագահին ուղղված Ձեր բաց նամակը ի՞նչ արձագանք է ունեցել, որեւէ պատասխան ակնկալո՞ւմ եք:
– Միանշանակ, ես սպասում եմ, որ ինչ-որ արձագանք պետք է լինի: Մինչ այժմ որեւէ արձագանք դեռ չի եղել, կարծում եմ, սակայն, որ կլինի:
– Իսկ եթե որեւէ արձագանք այդպես էլ չլինի՞:
– Եթե չարձագանքեն, արդեն ստիպված կլինենք դիմել սկզբում՝ միջազգային կառույցներին, հետո` Եվրոդատարան: Մենք արդեն սպառել ենք ՀՀ բոլոր դատական ատյանները, այդ թվում` վճռաբեկ դատարանը: Մենք մշտապես ապավինել ենք դատական եւ իրավական համակարգի արդար գործունեությանը եւ երբեւէ չենք մտածել, որ հնարավոր են նման անարդար եւ ապօրինի վճիռներ: Ուղղակի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում այդ դատարանների վճիռները: Մենք չէինք սպասում նման վճռի: ԽՍՀՄ տարիներին, երբ նոր թաղամասեր կառուցելու ժամանակ վերցնում էին մարդկանց տները պետության կարիքների համար` իրացման գոտի համարվող տարածքներից, ամեն մի ծառի, ամեն մի թփի համար վճարում էր պետությունը: Իսկ այսօր, փաստորեն, ամբողջ երկու հարկ դատարանը անտեսել ու փոխհատուցման պահանջը անհիմն պատճառաբանություններով մերժել է: Առաջին հարկի համար են միայն փոխհատուցում տալիս: Սեփականաշնորհման վկայականի համաձայն՝ գոնե երկու հարկը օրինական է, իսկ երրորդ հարկի պարագայում Կադաստրից տրված վկայականի մեջ գրված է՝ «անօրինական կառույց»: Դուրս է գալիս՝ 1995 թվականին` սեփականաշնորհման ժամանակ, մենք պետությունից «անօրինական կառույց» ենք գնել: Սեփականաշնորհման վկայականը մեզ տրվել է ապապետականացման գործընթացից ընդամենը 1 շաբաթ հետո: Այսինքն` մեկ շաբաթվա ընթացքում ինչպե՞ս կարող էինք մենք «անօրինական» ձեւով մի ամբողջ հարկ կառուցել: Դրանից հետո բազմիցս դիմել ենք երրորդ հարկը օրինականացնելու համար, անհիմն պատճառներով չեն սեփականաշնորհել:
– Իսկ միայն առաջին հարկի պարագայում փոխհատուցումը շուկայական գներին մո՞տ է:
– Ո՛չ, իհարկե ո՛չ: Այդ տարածքի 20%-ի չափ տարածք էլ չենք կարող գնել այդ գումարով: Գնահատումը կատարել է «Արթին էնթըրփրայս» կոչվող ինչ-որ լիցենզավորված կազմակերպություն, որը մոնոպոլիա ունի իրացման գոտիների գնահատման բնագավառում. ուրիշ ոչ մի անկախ գնահատող կազմակերպություն չի կարող գնահատում կատարել: Ցանկացած այլ կազմակերպության երբ դիմում ես, լսելով, որ իրացման գոտի է, միանգամից հրաժարվում են գնահատել, պատճառաբանում են, որ դա ծանր հետեւանքներ կարող է ունենալ իրենց վրա, ընդհուպ՝ մինչեւ լիցենզիայից զրկվելը:
– Որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
– Մենք չենք պատրաստվում հանձնվել, շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ յուրաքանչյուրիս պայքարի արդյունքում է հաղթահարվելու կոռուպցիան, անօրինականությունը, եւ պաշտպանված են լինելու մարդու իրավունքները: Կարծում եմ՝ Հայաստանը, որպես Եվրոինտեգրման ձգտող երկիր, պետք է կարեւորի օրենքի գերակայությունը, սակայն այսօր ՀՀ քաղաքացին խոցելի է եւ անպաշտպան: Այս առումով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է համագործակցել պետության հետ՝ բարձրաձայնելով անօրինականությունները: