Սոցիալական խնդիրների մասին քննարկումներում, որպես օրինակ, հաճախ է նշվում եվրոպական սոցիալական քաղաքականությունը` ԵՍՔ։ Ի՞նչ ասել է՝ ԵՍՔ, մեզանում թերեւս քչերը կկարողանան կոնկրետ պատասխանել։
Սակայն հենց բառակապակցությունը եւ եվրոպացի վարձու աշխատողների պայմանների մասին պատկերացումները շատերին հիմք կտան ենթադրելու, որ դա մի քաղաքականություն է, որն ի վերջո նպաստում է մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը։ Սակայն կենսամակարդակի բարձրացումը ԵՍՔ-ի նպատակներից միայն մեկն է։ Եվրամիության երկրներում կիրառվող սոցիալական քաղաքականությունն ուղղված է նաեւ աշխատանքի պայմանների բարելավմանը, զբաղվածության խթանմանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանը, սոցիալական պաշտպանվածության նվազագույն մակարդակի ապահովմանը։ Այս նպատակներին հասնելու համար Եվրոպայում օգտագործվում են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Եվրոպական սոցիալական հիմնադրամը, ծրագրերը, օրենսդրությունը, ինչպես նաեւ՝ առանձին երկրների ներսում գործող նորմերն ու կանոնները։ Չնայած այն հանգամանքին, որ սոցիալական ոլորտում եվրոպական քաղաքականությունն արդեն իսկ մեծ առաջընթաց է արձանագրել, իսկ ԵՄ անդամ առանձին երկրների իրավական ակտերը պարբերաբար լրացվում են եվրոպական պահանջներով, մինչեւ իսկական սոցիալական միության հասնելը դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Աշխատանքային եւ զբաղվածության օրենսդրության ամենակարեւոր ասպեկտները դեռ շարունակում են մնալ անդամ երկրների իրավասության ներքո։ Սակայն ավելի կարեւոր է ոչ թե բոլոր վիճելի հարցերի միասնական լուծումը (սկսած գործազրկությունից՝ մինչեւ ապագա բարեկեցություն), այլ այն փաստը, որ եվրոպական մակարդակով բաց քննարկման սկիզբ է դրվել՝ եվրոպական հասարակության ապագա մոդելի վերաբերյալ։
1948թ. մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ներառում է մարդու իրավունքների ընդհանուր սպեկտրը, որտեղ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ու ազատությունների հետ միեւնույն շարքում տեղ են գտել նաեւ տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքները։ Իսկ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան այդ ամենից «ծածկում» էր միայն քաղաքացիական ու քաղաքական իրավունքները։ Որպես կոնվենցիայի լրացում՝ 1961թ. հոկտեմբերի 18-ին Թուրինում ստորագրվեց սոցիալական խարտիան, որն ուժի մեջ մտավ 1965թ. փետրվարի 26-ից։
Բանն այն է, որ եվրոպական կոնվենցիայում տեղ գտած իրավունքները, այսպես ասած, նեգատիվ, պաշտպանական բնույթ ունեն. նրանք պետք է պաշտպանեն մարդուն պետության միջամտությունից։ Պետությունը չպետք է գործողություններ կատարի, որոնք խախտում են մարդու իրավունքները։ Իսկ սոցիալական եւ տնտեսական իրավունքների իրացման համար, որպես կանոն, պետությունը պետք է որոշակի ծառայություններ մատուցի։ Դրանք մեծ մասամբ ձեւակերպված են որպես ապագային միտված առաջադրանքներ եւ ենթադրում են տնտեսական զարգացման որոշակի աստիճան։ Խարտիան կանգ է առնում այս խնդիրների վրա. մի կողմից՝ սոցիալական եւ տնտեսական իրավունքները ձեւակերպում է որպես պետության նպատակներ, մյուս կողմից՝ կաղապարում է դրանք պետության կողմից երաշխավորված իրավական նորմերի մեջ, ձեւակերպելով որպես պարտականություններ։ Առանց մանրամասն ներկայացնելու Խարտիայի եւ Եվրոպական քաղաքականության բաղադրիչները, մի քանի խոսքով ներկայացնենք, թե եվրոպական այդ քաղաքականությունը ինչպես է անդրադարձել Հայաստանի վրա՝ որպես ԵՄ հարեւան եւ գործընկեր։ Միանգամից նշենք, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) Գործողությունների ծրագրում, ի թիվս այլ ոլորտների, խոսք է գնում նաեւ սոցիալ-տնտեսական դաշտում համագործակցության մասին։ Մասնավորապես, առանձին կետով նշվում է, որ զբաղվածության եւ սոցիալական քաղաքականության ոլորտում Հայաստանը պետք է ավելի մոտենա եվրոպական չափանիշներին եւ պրակտիկային։ Կարեւորվում է նաեւ սոցիալական պաշտպանվածության համակարգի զարգացումը։ Առանձին կետով նշվում է այն մասին, որ ԵՄ-ն առավելագույն օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման հարցում։ Քանի որ սոցիալական խնդիրները անմիջականորեն կապված են տնտեսական զարգացման եւ առեւտրային հնարավորությունների հետ, կարեւորվում է ներդրումային կլիմայի բարելավումը՝ ներառյալ թափանցիկությունը, կանխատեսելիությունը եւ կարգավորման պարզությունը։ Գործողությունների ծրագրում ընդգծվում է նաեւ համագործակցության դերը. «Հայաստանի համար ENP-ի իրականացման կարեւորագույն նպատակներից մեկը Եվրամիության սոցիալ-տնտեսական եւ առեւտրային ոլորտներում որակական նոր մակարդակով ինտեգրման հնարավորությունն է՝ ներքին շուկային` ԵՄ դուրս գալու միջոցով, որը նախատեսվում է ԵՀՔ հիմնական փաստաթղթերով»։ Իրականում սոցիալական ոլորտում հաջողություններ արձանագրելու համար անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ բոլոր ասպարեզներում՝ իրավական, քաղաքական, տնտեսական եւ այլն։ ԵՄ-ն այսօր ընդամենը կարող է մեզ խորհուրդներ տալ եւ առաջարկություններ անել, չնայած որ, ՀՀ Սահմանադրությունն ի սկզբանե ասում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն է»։
Աղքատության գծից ցածր ապրող մարդկանց թվով՝ Լատվիան Եվրամիությունում զբաղեցնում է առաջին տեղը։ Eurostat-ի տվյալների համաձայն, Լատվիայում աղքատները կազմում են բնակչության 26%-ը։ Երկրորդ տեղում Ռումինիան է, որտեղ աղքատության մակարդակը 23% է։ Եռյակը եզրափակում է Բուլղարիան՝ 20%։ Եվրամիության աղքատության մակարդակը միջինում կազմել է 17%։ Աղքատության ամենից ցածր մակարդակ ունեն Չեխիան (9%), Հոլանդիան եւ Սլովակիան (11%)։ Դանիայում, Հունգարիայում, Ավստրիայում, Սլովենիայում եւ Շվեդիայում աղքատ է բնակչության 12%-ը։