Խմբագրական

25/02/2010

Սոցիալապես խոցելի խավերի պաշտպանությունը Հայաստանում եղել եւ մնում է հիմնական խնդիրներից մեկը: Պետությունը, իհարկե, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության մշակման ժամանակ հաշվի է առնում այդ խավերի պաշտպանությանն ուղղված ֆինանսավորման անհրաժեշտությունը: Սակայն միայն պետական միջոցներով սոցիալական ոլորտի խնդիրների համալիր լուծումը գործնականում հնարավոր չէ: Ընդ որում, սա այն բնագավառներից է, որտեղ միայն ֆինանսական միջոցներով հնարավոր չէ ցանկալի արդյունքներ ապահովել: Հատկապես խոցելի խավերի հետ աշխատանքի ժամանակ չափազանց կարեւոր նշանակություն ունի նաեւ հասարակության վերաբերմունքը, տասնամյակներով արմատացած կարծրատիպերի հաղթահարումը: Վերջին տարիներին այս խնդիրների լուծման ուղղությամբ զգալի առաջընթաց է արձանագրվել նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի շնորհիվ: Իսկ 2009 թվականի գարնանը մեկնարկած Եվրամիության «Արեւելյան գործընկերության ծրագիրը» նախատեսում է սոցիալական բնագավառի հիմնախնդիրների համալիր, ամբողջական լուծում, այդ թվում՝ ենթակառուցվածքային առումով: Պատահական չէ, որ սոցիալական ոլորտը ներառված է Արեւելյան գործընկերության գործողությունների ծրագրի առաջնայնությունների թվում: Սոցիալական ոլորտի բարեփոխումները «Արեւելյան գործընկերության ծրագրում» դիտարկվում են որպես կայուն զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը: «Խթանել հետագա տնտեսական զարգացումը, ավելացնել ջանքերն աղքատության նվազեցման եւ սոցիալական ներդաշնակեցման հարցերում, այդպիսով նպաստելով կայուն զարգացման երկարաժամկետ նպատակներին: Շարունակել իրականացնել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը կծառայի որպես ուղենշային քաղաքականության շրջանակ աղքատության կրճատմանը միտված միջնաժամկետ տնտեսական աճի եւ հարստության հավասար բաշխման համար` երկրի կարիքներին համապատասխան, շարունակել բարեփոխումներն աշխատանքի եւ սոցիալական անվտանգության ու սոցիալական պաշտպանության բնագավառներում: Ներդնել աշխատատեղերի ստեղծման եւ աղքատության կրճատման արդյունավետ միջոցներ, որոնք նպատակաուղղված կլինեն էականորեն կրճատելու աղքատության շեմից ցածր եկամուտներ ունեցող մարդկանց թիվը եւ բարձրացնելու սոցիալական հավասարության աստիճանը, ներառելով բոլորի համար մատչելի կրթական, առողջապահական եւ այլ սոցիալական ծառայությունների կայուն համակարգերի ներդրումը»: Սրանք «Արեւելյան գործընկերության ծրագրում» սոցիալական ոլորտի աջակցությանը վերաբերող բազմաթիվ նպատակներից մի քանիսն են միայն: Հեռանկարում գործողությունների ծրագրում ներառված այս քայլերի արդյունքում պետք է ապահովվեն այն չափանիշները, որոնք Հայաստանին հնարավորություն կտան միանալ Եվրոպական սոցիալական ապահովության օրենսգրքին եւ դրա Արձանագրություններին: Նշված բոլոր գործողությունները ենթադրում են ենթակառուցվածքային, համակարգային փոփոխություններ: Միայն այդ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն ՀՀ-ում ունենալ սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգեր, որոնք արդյունավետորեն տասնամյակներ շարունակ գործում են եվրոպական երկրներում: Այս ծրագրերը, բացի կոնկրետ գործողություններից, ունեն չափազանց կարեւոր եւս մեկ` այսպես ասած, «ոչ նյութական բաղադրիչ»: Խոսքը մասնավորապես խոցելի խավերի` հաշմանդամների, անաշխատունակ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին է: Դժբախտաբար, Հայաստանում այս խմբի մարդիկ դեռեւս ամբողջությամբ ինտեգրված չեն հասարակությանը եւ իրենց մեկուսացված են զգում: Այս ոլորտում տարիների ընթացքում իրականացվող տարբեր ծրագրերն աստիճանաբար «կոտրում» են մարդկանց կարծրատիպերը եւ ճանապարհ են հարթում սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրման համար: