Փետրվարի 27-մարտի 28-ը Մոսկվայի ամենահեղինակավոր Տրետյակովյան սրահում կներկայացվեն Մարտիրոս Սարյանի աշխատանքները: «Տրետյակովյան ցուցասրահը բացում է իր պահոցը» ծրագրի շրջանակներում նկարչի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ կցուցադրվեն 60-ից ավելի աշխատանքներ: Նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Տրետյակովյան ցուցասրահում, սակայն ամբողջական հավաքածուն ներկայացվելու է առաջին անգամ: Հավաքածուն բազմազան է` համալրված 1906 թ.-ից ի վեր ստեղծված կտավներով: Հավաքածուն ներառում է նկարչի ընկերների եւ հարազատների դիմանկարները, ինչպես նաեւ կտավներ` նկարված դեպի Թուրքիա, Եգիպտոս եւ Պարսկաստան Սարյանի բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում: Կներկայացվեն նաեւ Մարտիրոս Սարյանի էսքիզները Օդեսայի Օպերայի եւ բալետի թատրոնի բեմադրությունների համար: