Մեր օրերում շատ է օգտագործվում «չափորոշիչ» բառը, որը կարծես կախարդական փայտիկի զորություն է ստացել ու ցանկացած երեւույթ եւ նույնիսկ միտք փորձում է տեղավորել «չափորոշված» շրջանակների մեջ:
Ոչ շոշափելի, էմոցիոնալ, ինտելեկտուալ, հոգեբանական, նաեւ հոգեւոր ուղերձներ փոխանցող այս կամ այն ոլորտում չափորոշիչների մշակումն ու դրանց կատարման պարտադրումը բավական հեղհեղուկ ու անհասկանալի է: Հեռուստատեսային հաղորդումները ու հեռուստաէկրանին հայտնվող ֆիլմերը «չափորոշելու» գործընթացն, օրինակ, դրա վառ ապացույցն է: Հեռավորությունը, չափը, ցուցադրման տեւողությունը սահմանելով` հնարավոր չէ որակ ու գեղագիտություն ապահովել: Այդ ամենն ընդամենը ձեւեր են, որոնց ետեւում կամ կա բովանդակություն, կամ էլ չկա: Իհարկե, բոլորին էլ հասկանալի է, որ հեռուստատեսային չափորոշիչները հնարվել են` հենց բովանդակային (ինֆորմացիոն) սահմանափակում իրականացնելու համար, իսկ մատուցման ձեւերի «չափագրումը» (էրոտիկ, դաստիարակչական, կրթական, հոգեվերլուծման տեսակյունից արված) ընդամենը ինֆորմացիոն սահմանափակման կցորդ-հավելվածներն են:
Հետաքրքիր է, ինչպիսի՞ չափորոշիչներ պետք է կիրառել արվեստում: Ասենք` ֆիլմ, բեմադրություն, սիմֆոնիա կամ էլ կտավ գնահատելիս: Չափի, ծավալի, ժամանակի ու մնացած փիլիսոփայական կատեգորիաների հետ «խաղալով»` մշակութային ոլորտի պատասխանատուներն ապացուցում են, որ արվեստն ընդամենը իշխող գաղափարախոսության «կցորդ» է, որը փաստում է, որ ամեն բան հաշտ ու հանդարտ է: Ինչպիսի՞ չափորոշիչների մասին կարելի է մտածել, եթե չի հստակեցված կարեւորը. ի՞նչ եք ուզում ստանալ չափորոշիչների բծախնդիր եւ շուտափույթ կատարման արդյունքում: Ասենք` ասում ենք, որ թատրոնի չափորոշիչը ազգային ուղերձն է: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պետք է բեմադրել Շիրվանզադե, այլ ոչ թե, օրինակ, Շիլլեր: Կամ էլ ասել, որ ժամանակակից հայ կերպարվեստն այսուհետ չափման ելակետ է ընդունում նատյուրմորտը, այլ ոչ թե ծովանկարը, քանի որ Հայաստանում ծով չկա:
ՀՀ Մշակույթի նախարարությունը վերջերս սկսել է շատ ակտիվ աշխատել եւ նախաձեռնել այնպիսի ծրագրեր, որոնք ստիպում են այդ ծրագրերի ետեւում չափորոշիչների սահմանում կռահել: Նախարարությունն իր վրա է վերցրել պրոդյուսերի դերը, այսինքն` ոչ միայն չափորոշիչներ է սահմանում, այլեւ` մյուսներին էլ դրդում է իր օրինակին հետեւել:
Որպես կանոն՝ մտավոր, երեւակայական ստեղծագործությունները գնահատվում են չափորոշիչներով այն ժամանակ, երբ հարկ է լինում հաշվել արվեստի նախագծերի արդյունավետությունը (իրազեկումը, տարածումը, գովազդումը): Այդպես են անում գրանտային սկզբունքով աշխատող կազմակերպությունները, որոնց համար կարեւոր է «մինչ» եւ «հետո» արված ցուցմունքների հաշվարկը, հաշվետվությունը: Պետական մշակութային ծրագրերն, իհարկե, ավելի հեռահար նպատակներ են ունենում ու պետք է ավելի նրբանկատորեն մոտենան արվեստի արդյունավետությանը: Ասենք, երբ պետական միջոցներով ֆիլմ կամ ցուցահանդես է արվում, ապա նախապես հաշվարկվում է դրանց նպատակահարմար լինելն ու արվեստի ազատ շուկայի ձեւավորմանը նպաստելու շանսերը: Նպատակներից մեկը կարող է լինել այս կամ այն արվեստի ճյուղերի տարածումը, խթանումը, ազատ հարթակների ստեղծումը կամ վերակառուցման անհրաժեշտության մասին ահազանգումը: Ի դեպ` մեր օրերում ահազանգումը շատ տեղին է հենց կերպարվեստի դաշտի համար, քանի որ ազատ հարթակների պակասը ժամանակակից արվեստը դեպի ընդհատակ է մղել: Իսկ կինոյի ոլորտում օրենքի բացակայությունը եւ չափորոշիչների իսպառ բացակայությունն արդեն ոչ միայն ահազանգի, այլեւ ուղղակի աղաղակման մասին են վկայում: Հնարավոր չէ` «Ի՞նչ էինք ուզում» եւ «Արդյունքում ի՞նչ ստացանք ֆիլմ ստեղծելով» հարցերին պատասխանել:
Ակնհայտ է, որ Մշակույթի նախարարությունն ինքն իրեն պրոդյուսերի կարգավիճակում դնելով, ուշադրությունը սեւեռել է սինթետիկ ու մեծ բյուջե պահանջող բեմարվեստի վրա: Վերջերս նախարար Հասմիկ Պողոսյանը հեռուստազրույցում հայտարարեց, որ պետությունը հավակնոտ ու խիզախ մշակութային նախագծերի կարիքն ունի: Այսինքն, ստացվում է, որ չափորոշիչներից կարեւորագույնը համարվում է խիզախ, ծավալուն ու հնչեղ գործերի ստեղծումը, այլ ոչ թե ստեղծագործական պրոցեսի ապահովումը: Բարձր գնահատելով ամենահավակնոտ գործը` Արամ Խաչատրյանի «Սպարտակ» ծախսատար բալետի բեմադրությունը, նախարարը նշեց, որ շուտով նախարարության հանձնարարությամբ էլ ավելի հավակնոտ ծրագիր է իրականացվելու. Օպերային թատրոնի բեմում է հայտնվելու Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: Նախարարը նկատել է, որ դրանք այն ծրագրերն են, որոնք «կարելի է դուրս տանել» եւ որոնք, թեեւ դժվարությամբ են իրականացվում, սակայն ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այսինքն` դրսի ու ներսի հավասարակշռությունը խախտվում է հօգուտ դրսի: Եթե լիներ հակառակը, ապա օպերայի ու բալետի ոլորտների խթանումը կսկսվեր ստուդիաներից ու դպրոցներից: Եվ առնվազն ուշադրություն կդարձվեր, թե որքանով է աճել բալետային ներկայացման հանդիսատեսի թիվը, ու թե որքան է մեծացել խորեոգրաֆիկ դպրոց հաճախել ցանկացող երեխաների քանակը: Եթե պետական գումար, մարդկային ներուժ ու ժամանակ է ծախսվում որեւէ ծրագրի վրա, ապա պետք է չափորոշիչներով ուղղորդվել` հասկանալու համար, թե որքանով արդարացվեցին կամ էլ տապալվեցին սպասելիքները: Չէ՞ որ չափորոշիչները հենց նրա համար են, որպեսզի օգնեն գնահատել արդյունքն ու բացթողումը: Եվ ֆիասկոյի դեպքում կմատնանշեն տապալման փաստը, այլ ոչ թե դատարկ բառակույտերով կքողարկեն անպտուղ պրոյեկտի ստեղծումը: «Սպարտակ» բալետն, օրինակ, ոչ մի հետք չթողեց հայաստանցիների կյանքում, քանի որ գավառական մակարդակի հասած բալետային դպրոց ունեցող պետությունը գրանդիոզ նախագիծ իրականացնելով, միայն ընդգծեց իր գավառական մակարդակը: Երբ ջուրը պղտոր է` ձկները հիվանդանում են: Իսկ մենք պղտոր իրավիճակում հայտնված Օպերայի ու բալետի թատրոնում մեկը մյուսի ետեւից ուզում ենք արժեքավոր բեմադրությունների պատրանք ստեղծել եւ ուշադրություն չենք դարձնում, որ բեմադրությունները «հիվանդ» են ծնվում: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ արմատ չկա, իսկ մենք ուզում ենք փարթամ ծառ տեսնել ու պարբերաբար նրա շվաքի տակ նստել: Այո, նման «անարմատ» բեմադրություններ դիտելու կգան ՀՀ առաջին դեմքերը, տարբեր պաշտոնյաներ կնստեն, կհորանջեն ու տուն կգնան` համոզելով մեզ, որ հենց այդպես է պետք աշխատել, եւ ոչ մի վատ բան տեղի չի ունենում: Իրականում տեղի է ունենում անտրամաբանական բան. անզորությունը թաքց
վում է փայլատակող փոշու տակ (հիմնականում արտահայտվելով պերճաշուք խոսքերով): Օպերա՞ ենք ուզում վերածնել: Ապա եկեք լավագույն օպերային նմուշները տարածենք հեռուստատեսությամբ, ձայներիզներով, դպրոցական ծրագրերում, կամ էլ օպերային թատրոնների հյուրախաղերը կազմակերպենք: Եկեք տեսնենք` ո՞րն է լավը (եվրոպական չափորոշիչներին համապատասխան, քանի որ օպերան Եվրոպայում ծնված թատերական ժանր է), եկեք ճաշակ կոփենք, որպեսզի կեղծն ու արժեքավորը տարբերելու պատրաստ հանդիսատես հայտնվի: Այն բեմադրությունը, որն իր հայրենիքում սպառում չի գտնում, հաստատ սպառում չի գտնի նաեւ այլ երկրներում: Դա հասկանալու համար երկար մտորել հարկավոր չէ: Թող 10 նման հավակնոտ ծրագրեր արվեն, միեւնույն է, տապալումն անխուսափելի է, քանի որ զարգացման նախադրյալներ չկան: Ինչպես նաեւ մարդկային ռեսուրս չկա: Եվ դա հասկանալու համար չարժե պետական բյուջեից մեծ գումարներ ծախսել:
Երբ, օրինակ, օպերային բեմադրություն է ստեղծվում, ենթադրվում է, որ այն արվում է տաղանդավոր ուժերը համախմբելու ու օպերային արվեստի հետագա զարգացումը ապահովելու համար: Նույնը կարելի է սպասել եւ սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ ու կամերային նվագախմբերից, ենթադրելով, որ աջակցելով դասական երաժշտությանը, նպատակ է դրվում ապահովել նոր սերնդի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ: Երբ այդ հետաքրքրությունը լինի, ու տաղանդի հատիկները իրար գումարվեն, ապա անպայման ինքնաբուխ կերպով որակյալ ու անկեղծ աշխատանքներ կստեղծվեն: Իսկ մեր Օպերային թատրոնն էլ, որն այժմ սոսկ միջոցառումների անցկացման հարթակի է վերածվել ու բարիդրացիական նիրհի մեջ է գտնվում, նորից թատրոն կդառնա: Եվ կմերժի պրոդյուսեր-նախարարության առաջ քաշած նախագծերը, որոնք ընդամենը կայսերական ճաշակի բավարարմանն են միտված, եւ ոչինչ չեն տալիս ո՛չ թատրոնին, ո՛չ հանդիսատեսին, ո՛չ էլ պետության իմիջին: