Եվրոպան թափում է, իսկ հայ նորածիններն ուտում են

25/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում դեռեւս 1993 թվականից ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է նորածիններին մայրական կրծքով կերակրելուն ուղղված տարբեր միջոցառումների շարք:

ՀՀ ԱՆ (Առողջապահության նախարարության) կոլեգիայի կողմից հաստատված ռազմավարական ծրագիրը ենթադրում էր ինչպես քարոզչամեքենայի, այնպես էլ` առողջապահական հաստատությունների բուժաշխատողների` ծնողների հետ խորհրդատվության մեխանիզմով բարձրացնել երեխային կրծքով կերակրելու գիտակցությունը: ՀՀ Ան Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի տվյալներով` Հայաստանի պոլիկլինիկաների ցուցանիշները փաստում են, որ միայն պոլիկլինիկ ծառայությունների միջոցով բավականին բարձրացել է մայրերին՝ նորածիններին կրծքով կերակրելուն ուղղորդելու արդյունավետությունը: Օրինակ` պոլիկլինիկաներից մեկի տվյալներով` նրանց կողմից հսկողության վերցված հղիների շուրջ 90%-ը ծննդաբերությունից հետո կրծքով են կերակրել իրենց երեխաներին: Չնայած տիկին Սարիբեկյանի մատնանշած վերոնշյալ ցուցանիշին, այդուհանդերձ, մասնագետները վստահեցնում են, որ մեր օրերում ակնհայտորեն նվազել է երեխաներին կրծքով կերակրող մայրերի թիվը: Մինչդեռ նորածիններին համատարած կաթնախառնուրդներով կերակրելու հետեւանքները խիստ վտանգավոր են, քանի որ շատ դեպքերում մեր շուկայում վաճառվում է անորակ, կասկածելի բաղադրանյութերով եւ ժամկետանց մանկական սնունդ: Կաթնախառնուրդների ներկրմամբ զբաղվող ընկերությունները, պարզվում է` ավելի ուժեղ են, քան ՀՀ ԱՆ ազգային, ռազմավարական ծրագրերը, մանավանդ, որ օրենսդրական դաշտի բացակայությունը նրանց թույլ է տալիս դիմել մանիպուլյացիաների: Վերջերս ծննդաբերած, մեր զրուցակից Ա. Սահակյանը վստահեցնում է, որ ինչպես ծննդատան, այնպես էլ` պոլիկլինիկայի որոշ բուժաշխատողներ համագործակցում են մանկական սննդի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ. «Սկզբում երեխայիս «Hipp» նշանակեցին, հետո մեկ այլ բժիշկ ասաց` ո՞նց կարելի է, դա վատ կեր է, կդադարեցնես «Hipp»-ով կերակրել ու «Nan»-ով կկերակրես: Փոխեցինք կերը, հետո նորից էս մի բժիշկը փոխեց, ասաց` «Vinni»: Մի խոսքով` մեր բարեկամներից մեկն, ով էնտեղ է աշխատում, ասաց, որ նրանք այդ ընկերությունների արտադրանքն իրացնելու, այսինքն` հաճախորդ ուղարկելու համար համապատասխան տոկոս են ստանում: Ինչքան հաճախորդ «կպցնեն», էնքան տոկոսը շատ կլինի: Արդյունքում երեխայիս վիճակն անընդհատ կեր փոխելուց վատացավ, մարսողությունը խանգարվեց, հիվանդանոց ընկավ»:

Ամեն տարի աշխարհում մեկուկես միլիոն երեխա է մահանում սխալ սնուցման պատճառով: Հենց դրանով է պայմանավորված այն ահազանգն, ըստ որի` մասնագետները մայրերին կոչ են անում հրաժարվել կաթնախառնուրդներից եւ գոնե մինչեւ վեց ամսական երեխաներին կերակրել մայրական կաթով: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մինչեւ 1 տարեկան երեխաներին կրծքով կերակրում է մայրերի ընդամենը

38%-ը: Պատահական չէ, որ թանկարժեք արհեստական կաթնախառնուրդներով ու զանազան փոխարինիչներով կերակրվող, կասկածելի նյութերի հետեւից ընկած հայ միլիոնատիրոջ թոռնիկն ավելի վատ է սնվում, քան ամենաաղքատ ընտանիքի կրծքով կերակրվող երեխան: Ինչեւէ, թեեւ ԱՆ-ն տարբեր ծրագրերով ու միջոցառումներով մայրերին հորդորում է հրաժարվել կաթնախառնուրդներից եւ երեխաներին կերակրել մայրական կաթով, այդուհանդերձ, կաթնախառնուրդների շուկայի վերահսկողությամբ չի զբաղվում: Կ. Սարիբեկյանն ասաց, որ կաթնախառնուրդների վերահսկողությունն իրականացնում են ՀՀ Տնտեսական զարգացման եւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունները: Մայրերից մեկն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «HIPP Pre» հայտնի ապրանքանիշի կաթնախառնուրդը, որով ամիսներ շարունակ կերակրում են երեխային` տեւական ժամանակ է, ինչ վաճառվում է նվազ քաշով: Թեեւ մակնշման վրա գրված է 300 գրամ քաշ, այնուամենայնիվ, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ քաշը զգալի պակասել է: Ի դեպ, նշենք նաեւ, որ այս ապրանքատեսակի հայերեն մակնշման վրա բացակայում է ներկրողի կամ պատասխանատու ընկերության մասին տեղեկատվությունը: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն ասաց, որ իրենք չեն ուսումնասիրել կաթնախառնուրդների շուկան եւ տեղեկություն չունեն դրա վերաբերյալ: Վերջինս խորհուրդ տվեց մեզ դիմած սպառողին՝ գրավոր բողոք ներկայացնել իրենց կազմակերպություն` խնդիրն ուսումնասիրելու համար:

Բուժաշխատողները համագործակցում են ներկրողների հետ

Իսկ ինչպե՞ս է լինում, որ երեխաները դեռեւս ծննդատանը գտնվելու ժամանակ սկսում են սնվել կաթնախառնուրդներով: Ներկրող ընկերություններն անարգել դիմում են խորամանկ քայլերի: Նախ՝ նրանք շատ դեպքերում ստվերային ցանցով համագործակցում են բուժաշխատողների հետ, հետեւաբար՝ հենց նրանց միջոցով երեխային «կապում» են արհեստական կերին: Երբեմն համաձայնության են գալիս հիվանդանոցների տնօրենների հետ եւ նրանց միջոցով կաթնախառնուրդներն անվճար բաժանում են ծննդկաններին: Օգտագործելով երեխաներին նվիրված տոները, ներկրողներն ակցիայի անվան տակ իրացնում են կաթնախառնուրդները, որի միջոցով պոտենցիալ մշտական հաճախորդ են ձեռք բերում: Գաղտնիք չէ, որ մի քանի անգամ կաթնախառնուրդ ընդունած նորածինն արդեն հրաժարվում է մայրական կաթից: Օրինակ` «Hipp» ընկերությունը Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում ծննդկաններին բաժանել էր մանկական թեյեր, պյուրեներ, կաթնախառնուրդներ: Ինչպես Ինֆեկցիոն հիվանդանոցում, այնպես էլ պոլիկլինիկաներում իր արտադրանքը բաժանել է «Nestle» ընկերությունը, ինչի համար, բնականաբար, որեւէ կառույցի կողմից պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ դա արվել է բարեգործության անվան տակ: Հիշեցնենք, որ վերջերս «Եվրոնյուզով» սենսացիոն տեղեկատվություն տարածվեց «Nestle» կաթնախառնուրդի մեջ արհեստական ներկանյութի հայտնաբերման մասին: Եվրոպական բոլոր խանութներից դրանք հավաքվեցին եւ ոչնչացվեցին, իսկ մեզ մոտ շարունակում են վաճառվել: «Hipp» հանրահայտ ապրանքանիշով գերմանական մանկական թեյերը նույնպես վաճառվում են մանկական սննդի կետերում եւ դեղատներում: Համաձայն պիտակի հանձնարարականի` դրանք կարելի է տալ մեկ շաբաթական եւ ավելի մեծ երեխաներին: Մինչդեռ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ ընդհանրապես մեկ տարեկան երեխային ոչ մի տեսակի թեյ չի կարելի տալ` վստահեցնելով, որ խոտաբույսերով թեյը նորածինների համար թույն է: Հարկ է հիշեցնել, որ տարիներ առաջ եվրոպական երկրները ԶԼՄ-ներով կատաղի քարոզչություն էին անում «Hipp» արտադրանքի դեմ, իսկ Գերմանիայում հսկայական բողոքի արշավ կազմակերպվեց, որի ժամանակ մարդիկ պահանջում էին դադարեցնել այդ ապրանքատեսակի արտադրությունը: Եվրոպական թերթերը փչացած ատամներով, գունատ երեխաների լուսանկարներ էին տպագրում` «Hipp»-երեխա վերտառությամբ: Այսօր եվրոպական ոչ մի երկրում «Hipp» թեյեր չեն վաճառվում, դրանք տեղափոխվել են ԱՊՀ, թույլ վերահսկելի երկրներ: Ինչ վերաբերում է «Netsle» ֆիրմային, ապա մեկ տարի առաջ Ռուսաստանում հետազոտվել են կաթնախառնուրդները, եւ դրանց բաղադրության մեջ բացահայտվել է գենետիկորեն ձեւախեղված օրգանիզմների առկայությունը: Աղմկոտ դատավարությունից հետո ռուս սպառողները «Nestle»-ից հրաժարվել են, իսկ Հայաստանում այսօր ակտիվ ներկրվում եւ գովազդվում է այդ ապրանքանիշը:

Ամալյանը չի՞ տեսնում

«ՀՀ գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածն արգելում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ՝ կերակրման շշեր եւ ծծակներ գովազդելը: Չնայած այս արգելքին, այդուհանդերձ, հեռուստատեսությամբ, պաստառների, ազդագրերի ձեւով այդ ապրանքանիշերը գովազդվում են: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, բնականաբար, օրենքը խախտող նման գովազդներ տարածող հեռուստաընկերություններին տուգանքի չի ենթարկում: Մանկական կաթնախառնուրդների շուկան չափազանց շահութաբեր եւ, մասնավորապես մեր երկրում, թույլ վերահսկելի է: Առողջապահական ոլորտի պատասխանատուները ներկայումս կաթնախառնուրդների փոխարեն մայրական կաթով կերակրելու ծրագրեր են իրականացնում, սակայն դրանց ներկրողների ճանապարհը հնարավորինս «փակելու» լծակներ չունեն: Որքան էլ ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, թե այս խնդիրը ռազմավարական նշանակություն ունի, այնուամենայնիվ, հիշենք, որ հենց բուժաշխատողներն են շատ դեպքերում մայրերին ուղղորդում մանկական սնունդի կետեր: Առողջապահության նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ մշակվել է «Մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը դեռեւս մնում է որպես նախագծային փաստաթուղթ:

Հ. Գ.
Մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք կրծքով կերակրման խրախուսման ծրագրի ղեկավար Կարմելլա Պողոսյանի, ինչպես նաեւ՝ «Վստահություն» առողջապահական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանի տեսակետները վերոնշյալ խնդրի շուրջ: