Գազային սեկտորում բախումներ չկան

07/09/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տնտեսության մեջ ունեցած նշանակությամբ գազի ոլորտը չի զիջում վառելիքի
շուկային: Ինչպես վառելիքի դեպքում, գազի շուկան եւս բաժանվում է 2
սեգմենտների` բնական եւ հեղուկ գազի շուկաների: Սակայն, ի տարբերություն
վառելիքի, գազի շուկայում կա հստակ տարանջատում` բնական եւ հեղուկ գազի
ներմուծողների առումով:

Տեխնիկատնտեսական

Նախ նշենք բնական եւ հեղուկ գազի տեխնիկական տարբերությունները՝ հումքային
սկզբնաղբյուրների իմաստով: Եթե առաջինի հիմքը բնական է, եւ այն կազմված է
էթանից կամ մեթանից, ապա հեղուկ գազը ստացվում է նավթի վերամշակումից եւ
պարունակում է պրոպան կամ բութան: Հետեւաբար, հեղուկ գազի գներն
ուղղակիորեն կախված են նավթի համաշխարհային գների տատանումներից:

Հաջորդ տարբերությունը կապված է տեղափոխման հետ: Գազատարով ներմուծվող
բնական գազի մեջ ճանապարհածախսի բաղադրիչը կախված է գազատարի կառուցման
վրա կատարված ներդրումներից, գազատարի սպասարկման ծախսերից եւ տարանցիկ
երկրներին վճարվող տուրքերից: Այն դեպքում, երբ հեղուկ գազը ներմուծվում է
հատուկ մեքենաներով՝ ցիստեռններով կամ երկաթուղով, եւ նրա գնի մեջ
ճանապարհածախսը հաշվվում է ինչպես մյուս ներկրվող ապրանքների դեպքում, այն
տարբերությամբ, որ թե վագոնները, թե մեքենաները սովորական տրանսպորտային
միջոցներից մի քանի անգամ թանկ են՝ կապված հատուկ տեխնիկական պարամետրերի
եւ անվտանգության միջոցների հետ: Մի խոսքով, բնական գազի իրացմամբ զբաղվող
ընկերությունները գտնվում են մի քանի անգամ ավելի շահեկան վիճակում, ինչը
պայմանավորում է հեղուկ գազի ներկրմամբ զբաղվողների համեմատ առաջինների
ստացած մեծ շահույթները:

Այս վառելիքի երկու տեսակների մյուս տարբերությունը կապված է
անվտանգության հետ: Մասնագետների գնահատմամբ, հեղուկ գազը 10-15 անգամ
ավելի անվտանգ է, քան բնականը: Ընդ որում, հեղուկը, նաեւ ըստ տեխնիկական
գրականության, 7-8 անգամ անվտանգ է դիզելային վառելիքից: Ինչ վերաբերում է
հեղուկ գազի եւ բենզինի տարբերությանը, ապա, բացի գնայինից, հեղուկ գազի
մեջ մոտ 1,5 անգամ բարձր է օգտանի պարունակությունը, ինչի արդյունքում
նույնքան ավելի մեծ է հեղուկ գազով աշխատող մեքենաներում շփման ՕԳԳ-ն: Իսկ
գնային տարբերությունը հետեւյալն է. միջին հաշվով, բնական գազը բենզինի
համեմատ էժան է շուրջ 3 անգամ, հեղուկը՝ 2:

Հենց գնային տարբերությամբ է պայմանավորված վերջին 6-7 տարիներին եւ՛
բնական, եւ՛ հեղուկ գազի մասսայական սպառման կտրուկ ավելացումը, ինչը
հանգեցրել է շուկայում բենզինի եւ դիզվառելիքի ծավալների շուրջ 40 %-ով
կրճատմանը: Այլընտրանքային վառելիքի օգտագործումն ու պահանջարկն առաջացրել
է բիզնեսի այլընտրանքային ոլորտ, որը մենք սկզբում անվանեցինք գազի շուկա:

Միջպետական մենաշնորհ

Իհարկե, գազի շուկան անհամեմատ փոքր է բենզինի եւ դիզվառելիքի շուկայից:
Սակայն մինչ մասնավոր շուկային անդրադառնալն ուշադրություն դարձնենք մեկ
սկզբունքային հանգամանքի վրա, որը պայմանավորում է նաեւ մասնավոր
սուբյեկտների գործունեությունը: Բնական գազի ներմուծումը պետական
մենաշնորհ է: Այսօր այն իրականացնում է 1997թ. ՀՀ կառավարության եւ
ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ կնքված համաձայնագրի արդյունքում
ստեղծված «Հայռուսգազարդ» (ARG) հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը,
որում ռուսական կողմի մասնաբաժինը կազմում է 49%։ ARG-ն, իհարկե,
առավելապես քաղաքական դրդապատճառներով ստեղծված ընկերություն է, եւ այստեղ
տնտեսական նպատակահարմարության մասին խոսելն անտեղի է (ARG-ի
գործունեությունը` նաեւ որպես ՀՀ էներգետիկ համակարգին եւ տնտեսական
անվտանգությանը սպառնացող մարտահրավեր, այս նյութի շրջանակներից դուրս է):
Նշենք միայն, որ 1997թ. կնքված պայմանագրով «Գազպրոմը» ARG-ի կանոնադրական
կապիտալում իր բաժնեմասի դիմաց ներդրում է կատարել ոչ թե դրամով, այլ
գազով` պարտավորվելով ՀՀ մատակարարել շուրջ 148 մլն դոլարի գազ: Այդ գազը
մատակարարվել է, դրա դիմաց բնակչությունից գանձումները կատարվել են,
սակայն այդ գումարը բյուջե չի մուտքագրվել: Ավելին, անգամ որեւէ
գերատեսչական քննություն չի անցկացվել նշված 148 մլն դոլարի անհայտացման
պատճառներն ու գործող անձանց բացահայտելու համար: (Դրան կփորձենք
անդրադառնալ առաջիկայում):

Մի խոսքով, ARG-ն բնական գազի ոլորտում մենաշնորհային կարգավիճակ ունի,
ինչը համապատասխան որոշմամբ մոտ 10 օր առաջ կայացած նիստում ամրագրել է
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ)` ARG-ին
ճանաչելով «բնական գազի շուկայում միակ ներկրողն ու բաշխողը», ինչը, ըստ
օրենսդրության, նշանակում է` շուկայում գերիշխող դիրք զբաղեցնել: Սակայն
քանի որ հաշվետու ժամանակաշրջանում ARG-ն իր կարգավիճակն օգտագործելով
արհեստականորեն գազի գինը չի բարձրացրել, ՏՄՊՀ-ն նրա նկատմամբ
պատժամիջոցներ չի կիրառել:

Ինչ վերաբերում է ARG-ի գործունեության ցուցանիշներին, ապա այդ կառույցից
տեղեկատվություն ստանալու մեր փորձերն ապարդյուն էին` բյուրոկրատական
քաշքշուկի արդյունքում մեզ ընդամենն առաջարկեցին հետաձգել հոդվածի
հրապարակումը: Այդուհանդերձ, նշենք այն հարցերից մի քանիսը, որոնց
պատասխաններն ակնկալում էինք ստանալ ARG-ից. 1) քանի՞ խ/մ գազ է տարեկան
ներմուծվում ՀՀ, 2) 1000 խ/մ-ի համար որքա՞ն է վճարում ARG-ն, 3) քանի՞
բաժանորդ ունի ARG-ն բնակչության եւ տնտեսվարող սուբյեկտների շրջանում, 4)
թվով քանի՞ եւ ո՞ր մասնավոր ընկերություններն են ARG-ից գազ գնում՝
կենցաղսպասարկման եւ ավտոմեքենաների «բալոնները» լիցքավորելու համար, 5)
ի՞նչ գնով է ARG-ն գազը մատակարարում այդ ընկերություններին: Իհարկե,
տարբեր աղբյուրներից մենք ճշտել ենք գրեթե բոլոր այս տվյալները: Սակայն
ավելի օբյեկտիվ պատկեր ստանալու համար ցանկալի էր տեղեկություններ եւ
գնահատականներ ստանալ նաեւ այդ ոլորտում մեծ դերակատարում ունեցող պետական
կառույցից: Ինչեւէ:

Ռեյտինգային

Ինչպես նշեցինք, որպես վառելիքի առանձին շուկա, գազի շուկան ձեւավորվել է
1997-ից հետո: Մինչ այդ հեղուկ գազ գրեթե չի ներկրվել, իսկ բնական գազ
ներմուծել է պետությունը: Առանձին վերլուծության թեմաներ են մինչեւ
1997թ., հատկապես պատերազմական տարիներին գազի ներմուծումը, գազատարի
պայթեցումները եւ այն, թե ինչպես է պետությունը` հաճախ համագործակցելով ոչ
պետական կազմավորումների հետ, ապահովել գազի թեկուզ ոչ անխափան
ներմուծումը: Այս տարիներին ՀՀ-ում գործել է միայն 1 մասնավոր
գազալցակայան՝ Աբովյանում, որը պատկանել է ներկայումս նաեւ գազի շուկայում
ամենամեծ մասնաբաժին ունեցող «Multi Լeon» (ML) ընկերության սեփականատեր,
գործարար Գագիկ Ծառուկյանին: Մեր տեղեկություններով, ներկայումս
Ծառուկյանի հետ գազի բիզնեսում մասնաբաժին ունի ARG-ի տնօրեն Կարեն
Կարապետյանը: Սակայն մենք չկարողացանք ստուգել այս տեղեկության
իսկությունը, քանի որ չհաջողվեց հանդիպել ոչ Գ. Ծառուկյանի, ոչ էլ Կ.
Կարապետյանի հետ:

1997թ. հետո գազի շուկայում իրավիճակը փոխվեց: Աստիճանաբար հայտնվեցին եւ
խոշոր, եւ մանր սուբյեկտներ: Սակայն ժամանակի ընթացքում վերջիններիս թիվը
գնալով պակասեց՝ թե օբյեկտիվ (տնտեսական), թե սուբյեկտիվ (անձնական,
հովանավորչության) պատճառներով: Օրինակ, 2004թ., ըստ ՏՄՊՀ-ի, հեղուկ գազի
մեծածախ շուկայում գործել են 9 սուբյեկտներ, որոնցից 3-ը (ինչպես բենզինի
եւ դիզվառելիքի դեպքում) զբաղեցրել են շուկայի ընդհանուր ծավալի 50%-ից
ավելին: Առաջին հորիզոնականում ML-նն է` 20 %, երկրորդը` «Գոշ-գազ» (GG)
ու «Արթուր եւ Անահիտ» (A&A) ընկերությունները` միասին զբաղեցնելով
մեծածախ շուկայի 28 %-ը: Այս ֆիրմաները դիտարկվում են միասին, քանի որ
դրանք համարվում են «փոխկապակցված անձինք», այսինքն` սեփականատերերն
ազգակցական կապ ունեն: Իսկ հեղուկ գազի մեծածախ շուկայի 3-րդ խոշոր
սուբյեկտը «Didi-group» (DG) ընկերությունն է, որը 2004 թ. զբաղեցրել է
շուկայի 17 %-ը:

Այս ընկերությունների սեփականատերերի հետ զրույցներից, ընդհանուր առմամբ,
տպավորություն ստեղծվեց, որ շուկան մրցակցային է: Իհարկե, այդ գնահատականն
իրական կարելի է համարել խիստ վերապահումներով: Ավելին, օրինակ, GG
ընկերության նախագահ Հայկազ Հովասափյանը համաձայնեց մեր դիտարկմանը, որ
հեղուկ գազի մեծածախ շուկայում իրականում առկա է դուոպոլիա, այսինքն`
հիմնական սուբյեկտների թիվը 2-ն է` GG եւ ML-ը: Ըստ պրն Հովասափյանի,
իրենք ներմուծում են ամսական 600-650 տ հեղուկ գազ, որը կազմում է շուկայի
ընդհանուր ծավալի մոտ կեսը: Մնացածը ներկրում է ML-ը: Սակայն
համամրցակցային պայմանավորվածության վարկածը Հ. Հովասափյանը բացառում է:
Նա հաստատեց նաեւ այն տեղեկությունը, որ A&A ընկերությունը պատկանել է
իրեն: A&A-ն ստեղծվել է գազի ներմուծման համար, սակայն մեկ տարի է` չի
գործում: Մինչեւ 2003 թ. հեղուկ գազը չի մաքսազերծվել եւ A&A -ն
զբաղվել է ներմուծմամբ, սակայն հարկային փոփոխություններից հետո
A&A-ից պահանջել են վճարել շրջանառության 1 %-ը, ինչը շահավետ չի
եղել: Ներկայումս հեղուկ գազի լցակայաններն աշխատում են հաստատագրված
հարկային ռեժիմով՝ 1 գազալցակայանն ամսական վճարում է 1,5 մլն դրամ,
որոշակի քանակից ավելի վաճառքի դեպքում` լրացուցիչ 20 դրամ` 1խ/մ-ի համար:
Օրինակ GG-ն ունի 11 լցակայան, այսինքն` ամսական վճարում է 16,5 մլն դրամ
հաստատագրված վճար, գումարած լրացուցիչ խ/մ-ի դիմաց վճարներն ու մաքսային
տուրքերը: Ի դեպ, ըստ Հ. Հովասափյանի, 1 լցակայանի կառուցման համար
պահանջվում է մոտ 15 հազ. դոլար, այսինքն` GG-ի հիմնական կապիտալն այս
ոլորտում շուրջ 200 հազ. դոլար է: Ինչ վերաբերում է հեղուկ գազի
«ծագմանը», ապա Հ. Հովասափյանը վստահեցնում է, որ այսօր ՀՀ-ում ռուսական
գազ գոյություն չունի, ինչպես նշվում է շատ գովազդներում: Պրն Հովասափյանն
ասում է, որ մինչեւ 2004 թ. նոյեմբերը ներմուծվում էր ռուսական գազ, ընդ
որում, Օմսկից գազը ՀՀ էր հասցվում երկաթուղով՝ Ադրբեջանով (վրացական
գործընկեր ֆիրման ձեւակերպում էր որպես վրացական շուկայի պահանջարկ, իսկ
վագոնները Վրաստան հասցնելուց հետո հայկական ֆիրմաներն այն տեղափոխում էին
ՀՀ): Ընդ որում, ըստ նրա, Ադրբեջանով ներկրված գազի 1 տ-ն 30-40 դոլարով
ավելի էժան է եղել, քան այսօր բերվող թուքմենական կամ իրանական գազը: Թեեւ
հեղուկ գազի գներն ուղղակիորեն կախված են նավթի համաշխարհային գներից,
որոնք այսօր անկանխատեսելի են, պրն Հովասափյանը վստահեցնում է, որ,
համենայնդեպս, մոտ ապագայում իրենց ընկերությունը գները չի թանկացնի, քանի
որ շուրջ 1 ամսվա պահեստային գազ ունեն: Ի տարբերություն ML-ի, որը
վարձակալել է ARG-ի «Բութան» դուստր ձեռնարկությունը` GG-ից մի քանի անգամ
ավելի` 1000 տ պահեստային ծավալով: Նշենք, որ Հայկազ Հովասափյանը Հարկային
պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն
Հովասափյանի եղբայրն է, որի անվան հետ էլ կապվում է գազի շուկայում GG-ի
զբաղեցրած բարեհաջող դիրքը: Շահեն Հովասափյանը հաստատեց, որ ինքը կապ ունի
GG-ի հետ, այնքանով, որ վերջինիս սեփականատերը Ռոստովում կրթություն եւ
Գերմանիայում տնտեսագիտության թեկնածուի կոչում ստացած իր եղբայրն է, իսկ
ֆիրմայի ֆինանսական հարցերը կարգավորում է իր կինը: Շ. Հովասափյանը
հերքում է այն տեղեկությունը, ըստ որի` GG-ում մասնաբաժին ունի նախագահի
Անվտանգության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանը: Պրն Հովասափյանն ասում
է, որ Սարկիսյանն իր վաղեմի ընկերներից է, սակայն GG-ի հետ որեւէ
առնչություն չունի: Նշենք, որ Հովասափյանները բիզնեսներ ունեն եւս երկու
ոլորտներում: Նրանց պատկանող «Գոռ եւ Նունե» ընեկերությունը զբաղվում է
բեռնափոխադրումներով, իսկ «Խիզախ-Գոռ» ՍՊԸ-ն` անասնապահությամբ եւ տանձի
լիմոնադի արտադրությամբ: Իրենց ամսական եկամուտը, ըստ Շ. Հովասափյանի,
կազմում է մոտ 25 հազ. դոլար, իսկ ընդհանուր կապիտալը` 1 մլն դոլարից մի
փոքր ավելի:

Ի տարբերություն GG-ի, 2 գազալցակայան ունեցող «Didi grop»-ի (DD)
սեփականատերեր Գառնիկ եւ Գագիկ Խալաթյանների անունները հասարակությանը
ծանոթ չեն: DD-ի նախագահ Գառնիկ Խալաթյանը մինչեւ 1990-ականները պաշտոններ
է զբաղեցրել Երեւանի Լենինյան շրջանի գործկոմում: Իսկ բիզնեսով Խալաթյան
եղբայրները սկսել են զբաղվել 1994 թվից: Ներկայումս նրանց տարեկան
շրջանառությունն անցնում է 1 մլն դոլարից: Գառնիկ Խալաթյանն ասում է, որ
իրենք պարտաճանաչ հարկատուներ են (ամսական մուծում են 12-13 մլն դրամ՝
ԱԱՀ-ի գծով, 3 մլն դրամ հաստատագրված վճար եւ մոտ 500 հազ. դրամ
շահութահարկ) եւ որեւէ հովանավորի կարիք չունեն:

Ինչ վերաբերում է փոքր գազալցակայաններին, ապա դրանց թիվը Երեւանում եւ
մարզերում հասնում է մի քանի տասնյակի: Ընդ որում, փոքր լցակայաններ ունեն
ամենատարբեր խավի ներկայացուցիչները` սկսած մարզպետներից, վերջացրած՝
բանակի գեներալներով: Օրինակ, Երեւանում մեկական լցակայաններ ունեն
Կենտրոնի եւ Էրեբունու թաղապետերը, ԱԺ նախկին նախագահ Խոսրով
Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածնից): Լցակայաններ
ունեն գրեթե բոլոր մարզպետները, գեներալները:

Ինչպես բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում, գազի շուկան եւս շատ տարողունակ
է: Ընդ որում, ի տարբերություն առաջինի, հատկապես հեղուկ գազի շուկան
համարվում է հեռանկարային ոլորտ՝ կապված անվտանգության ավելի բարձր
մակարդակի հետ: Այս շուկայում նույնպես կան մի շարք գործոններ ու
հարաբերություններ, որոնք հնարավոր չէ ներկայացնել մեկ նյութի
շրջանակներում:

Իսկ «Ազգային բուրժուազիայի կայացման դժվար ճանապարհը» հոդվածաշարի հաջորդ
հրապարակումը վերաբերելու է շաքարավազի ներմուծմանն ու իրացմանը: Այս
ոլորտը հետաքրքիր է առաջին հերթին այն պատճառով, որ այստեղ գործ ունենք
մենաշնորհի դասական օրինակի հետ:

շարունակելի