Պատրաստվում են ընտրություններին

23/02/2010

Մեր տեղեկություններով, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը վերջապես որոշել է կուսակցություն հիմնել: Իրականում դա ոչ թե Բարսեղ Բեգլարյանի, այլ իշխանական վերնախավի ցանկությունն է: Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները ցանկանում են բազմաթիվ «կուսակցական հենարաններ» ունենալ, եւ նման ծրագրերից մեկը պետք է իրականացնի Բ. Բեգլարյանը: Վերջինս ներկայումս ունի «Բարեպաշտ սերունդ» անունով հիմնադրամ, որը տեղակայված է Կորյունի 19Ա շենքում, այն նույն շենքում, որտեղ գտնվում են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ Ազգային կոնգրեսի գրասենյակները: Ի դեպ, Բարսեղ Բեգլարյանն այդ շենքի` իրեն պատկանող տարածքում հյուրընկալել է նաեւ ՀԺԱՄ կուսակցությանը, որը հնարավոր է՝ միանա նրա նորաստեղծ կուսակցությանը: Նպատակը` այս երկու կազմակերպությունների միջոցով երիտասարդներին ու հատկապես ուսանողներին գրավելն է, ինչի ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են արվում: Այսինքն` ամենայն հավանականությամբ, առաջիկայում հենց այդ «Բարեպաշտ սերունդ»-ի հիման վրա էլ կձեւավորվի Բ. Բեգլարյանի կուսակցությունը: