Երեկ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հարկերի մասին» օրենքի լրամշակված տարբերակը: Հիշեցնենք, որ տխրահռչակ այդ օրինագծում կառավարությունն առաջարկել էր թվով 8 նոր հարկատեսակներ, որոնց անհեթեթության մասին խոսում էին նույնիսկ իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորները: Երեկ ընդունված օրինագծում կառավարությունն այդ 8 հարկատեսակներից թողել է ընդամենը երկուսը` հյուրանոցային եւ տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկերը: Արդյունքում օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 71 «կողմ», 20 «դեմ», եւ 7 «ձեռնպահ» ձայներով: Ընդ որում, «ձեռնպահ» են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ովքեր օրինագծի նախորդ տարբերակի ամենախիստ քննադատողներն էին: Խնդիրը, սակայն, ոչ այնքան քվեարկության արդյունքներն են, ոչ էլ, առավելեւս, դրա տնտեսական նշանակությունը: Իրականում սա այն եզակի օրինագծերից էր, որն ԱԺ պատգամավորները չդակեցին, ինչպես անում են կառավարության ներկայացրած գրեթե բոլոր նախաձեռնությունների դեպքում: Բնականաբար, ոչ այն պատճառով, որ իշխանությունը ավելի ժողովրդավարական է դարձել, իշխանության թեւերի միջեւ գործում է հակակշիռների համակարգ, եւ այլն: Պարզապես այս օրինագծի քվեարկությամբ հերթական անգամ ընդգծվեցին ներիշխանական հակասությունները, որոնց մասին ամիսներ շարունակ խոսում են քաղաքական կուլիսներում ու մամուլում: Խոսքը մասնավորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ առկա հակասությունների մասին է: Եվ հատկապես վերջինիս հրաժարականի մասին շրջանառվող լուրերի ֆոնին՝ ԱԺ երեկվա քվեարկությունը առնվազն հետաքրքիր է: