«Հայաստանի զորքերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից գլխավոր գործոնն է, որ կարող է բարելավել լարված իրավիճակը տարածաշրջանում»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ասադովը հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, ում հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ըստ իրանական մամուլի, Ահմադինեջադը հայտարարել է, թե որեւէ գործոն չի կարող խոչընդոտել պաշտոնական Թեհրանի եւ Բաքվի միջեւ լավ հարաբերություններին: Իսկ Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Բահոնարին հայտարարել է. «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միջազգային ասպարեզում Իրանը միշտ ջանքեր է գործադրել եւ գործադրելու է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ: Իրանը տարբերություն չի տեսնում սեփական շահերի եւ Ադրբեջանի շահերի միջեւ: Մենք բոլոր ուժերով պաշտպանելու ենք Ադրբեջանի շահերը միջազգային ասպարեզում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցում»: Սակայն երեկ «panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանատան հասարակայնության եւ կապերի բաժնի պատասխանատու Արդեշիր Ջավադին` մեկնաբանելով Բահոնարիի հայտարարությունը, ասել է, թե միջազգային քաղաքականության հարցերում Իրանի պաշտոնական դիրքորոշումը հայտարարում է միայն Իրանի նախագահը, ԱԳՆ-ն, ԱԳ նախարարը: «Մյուս անձանց հայտարարությունները դիտվում են որպես սեփական կարծիքներ եւ համարվում են ոչ պաշտոնական հայտարարություններ»,- ասել է դեսպանատան պաշտոնյան` հիշեցնելով ՀՀ-ում Իրանի դեսպանի այն հայտարարությունը, թե ԼՂՀ հետ Իրանն ունի ընդհանուր սահման` դրանով ըստ էության ընդունելով, որ ազատագրված տարածքները ԼՂՀ մասն են կազմում: