Երեկ ՀՀ Ազգային ժողովը 71 «կողմ», 20 «դեմ», եւ 7 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Հարկերի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ այդ նախագծով կառավարությունն առաջարկում էր ավելացնել միանգամից 8 տեսակի տեղական հարկեր. հյուրանոցային, վաճառքի, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի), գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու, տրանսպորտային միջոցների կայանատեղիի, հանրային տարածքների զբաղեցման հարկեր: Օրինագիծն անցած քառօրյայում արժանացավ բուռն քննադատության: Խորհրդարանական ընդդիմության հետ միասին այն քննադատում էին նույնիսկ կոալիցիայի անդամ պատգամավորները: Արդյունքում որոշվեց 15 օրով հետաձգել քվեարկությունը: Եվ երեկ արդեն կառավարությունը ներկայացրել էր օրինագծի լրամշակված տարբերակը, որում նախկին ութ հարկատեսակներից վեցը հանվել էր: Կառավարությունը թողել էր միայն հյուրանոցային եւ տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկերը: Պատգամավորներն էլ կողմ քվեարկեցին` պատճառաբանելով, թե կառավարությունն ընդունել է իրենց դիտողությունները եւ մեղմել է օրինագիծը: Օրինագծի թարմացված տարբերակին դեմ քվեարկեցին միայն «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենք կողմ են, որ ավելացվի տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացու ինքնուրույնությունը: «Սակայն, եթե հնարավոր էր միանգամից 6 հարկատեսակ դեն նետել, ուրեմն օրինագիծը լավ չէր գրված»,- ավելացրեց պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության անդամները նախկինում բուռն քննադատության էին ենթարկել, բայց երեկ «ձեռնպահ» քվեարկեցին այդ օրինագծին: «Դեմ» քվեարկեց միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն արված փոփոխությունների համար շնորհակալություն հայտնեց կառավարությանը, սակայն տեղեկացրեց, որ օրենքների փաթեթն ամբողջական չէ, եւ իրենք ձեռնպահ են մնալու:
Բացի այն, որ այս օրինագիծը սկանդալային էր՝ հարկային բեռն ավելացնելու, հետո` այն կտրուկ կրճատելու առումով, այն հետաքրքիր էր նաեւ կառավարություն-ԱԺ հարաբերությունների համատեքստում: Անցած քառօրյայում ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ու հատկապես Կարեն Ճշմարիտյանը բավականին գովաբանեցին այդ օրինագիծը: Դրանից անմիջապես հետո արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ քննադատության ենթարկեց կառավարության նախաձեռնությունը: ԱԺ նախագահը առանձին-առանձին անդրադարձավ այդ 8 հարկատեսակներին, քննադատեց դրանց մեծ մասը եւ առաջարկեց այն լրամշակման ենթարկելու համար 15 օր ժամանակ տալ: «Հանրային տարածքները զբաղեցնելու հարկը պիտի հանվի: Սա իմ կարծիքն է, եւ խնդրում եմ, որ բոլորը փոխանցեք պրն վարչապետին: Մենք առաջարկում ենք, որ այս 15 օրվա ընթացքում նախ դուք պիտի հանդիպեք ֆրակցիաների, խմբակցությունների, անկախ պատգամավորների հետ, տեսակետները ճշտեք: Վաճառքի հարկը, ընդհանրապես դեմ եմ, դա պիտի հանվի: Ես հիմա ինչ որ առաջարկելու եմ, խնդրում եմ, այս մոտեցումների պատասխանը հստակ ներկայացնեք մինչեւ քվեարկությունը, որ մեր խմբակցությունները, մեր գործընկերները որոշում կայացնեն՝ դե՞մ են քվեարկում, թե՞ կողմ»,- հայտարարել էր Հ.Աբրահամյանը` դիմելով օրինագիծը ներկայացնող` տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին:
Իսկ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե այսուհետ չպետք է այնպիսի օրինագծեր ուղարկել ԱԺ, որոնք կոալիցիայի կողմից կքննադատվեն եւ ետ կուղարկվեն: Վարչապետի ասելով, մինչեւ ԱԺ ուղարկելն այդ օրինագծերի վրա պետք է աշխատեն խորհրդարանի հետ միասին, որպեսզի հետագայում նման խնդիր չառաջանա: Կառավարության ներկայացուցիչներն այս 15 օրվա ընթացքում հանդիպել են նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իսկ երեկ նիստը սկսվելուց առաջ Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հաշվի է առել պատգամավորների դիտողություններն ու առաջարկները եւ 8 հարկատեսակից 6-ը հանել է: ԱԺ նախագահն ինքը երեկ կողմ քվեարկեց այդ օրինագծին: Ամեն դեպքում, այս մի օրինագծի պատմությունը ԱԺ-կառավարություն հակամարտության մի օրինակն էր: Բացի այդ, սա նաեւ այն եզակի դեպքերից էր, երբ ԱԺ-ն ընդդիմանում է կառավարության ներկայացրած օրինագծին եւ ստիպում է դրանում անել կտրուկ փոփոխություններ: Սովորաբար ԱԺ-ն կառավարության ներկայացրած օրինագծերը դակում է գրեթե նույնությամբ: Բացի այդ, տպավորություն է ստեղծվում, որ այս օրինագծի հետ կապված որոշում է ընդունվել՝ ընդունել ԱԺ-ին ու կառավարությանը հարմար մի այնպիսի տարբերակ, որտեղ գոհ լինեն բոլոր կողմերը: Օրինագծից, սակայն, դժվար թե գոհ մնան հարկատուները, որովհետեւ կարծիք կա, որ սա ընդամենը միջանկյալ լուծում է: Եվ կառավարությունն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետո նույնությամբ կամ փոփոխված տարբերակով նորից տեղական հարկատեսակներ ավելացնելու օրինագծեր կներկայացնի: