Դատապարտում են

23/02/2010

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան երեկ հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ անօրինական մեթոդների կիրառումը: «Հայաստանում արմատացած ռազմաոստիկանական ռեժիմը շարունակում է ուժեղացնել այլակարծության եւ իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարի քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունները գործում են ամենակեղտոտ մեթոդներով` քաղաքացիների առեւանգում, հոգեբանական ճնշման գործադրում: Գործարար Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը հետապնդում է մեկ նպատակ` ճնշում գործադրել եւ պատժել Սուքիասյանների ընտանիքին՝ իրենց քաղաքական հայացքների եւ ընդդիմությանն աջակցելու համար: Նմանատիպ մեթոդները վաղուց արդեն փորձարկվել եւ կիրառվել են Հայաստանում: Ընդդիմության երիտասարդ 6 ակտիվիստների անօրինական ձերբակալումը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների առեւանգում «իրավապահ» մարմինների կողմից` պետական մարմինների կողմից ահաբեկչության դրսեւորում»,- ասված է հայտարարության մեջ:

Հելսինկյան ասոցիացիան պահանջում է անհապաղ դադարեցնել ընդդիմության նկատմամբ «ամեն տեսակի անօրինական մեթոդների կիրառումը», համապատասխան մարմինների կողմից անհապաղ իրականացնել խախտումների վերաբերյալ փաստերի հետաքննություն եւ պատժել մեղավորներին: Նաեւ կոչ է անում միջազգային հանրությանը` «շարունակել քաղաքական եւ տնտեսական ճնշումների գործադրումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ»: