Ինչպես ես անցկացրի ձմեռային արձակուրդները պետբյուջեի հաշվին

23/02/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ լրագրողներին ծանոթացնելու Ջերմուկը շվեյցարական Վերբիեր դարձնելու կառավարության տեսլականին։

Նշենք, որ Վերբիերը զբոսաշրջային կայան է, որտեղ փետրվարի 8-11-ն այցելել են Ն. Երիցյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը (Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Նարեկ Սարգսյանը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության գրասենյակի ղեկավար Հասմիկ Անտոնյանը)։ Ինչպես նշեց Ն. Երիցյանը՝ այցի նպատակն էր՝ ծանոթանալ դահուկային-առողջարանային հանգստավայրերի զարգացման շվեյցարական փորձին եւ քննարկել դրանց կիրառման հնարավորությունները Ջերմուկ քաղաքում։ Անգամ պաշտոնական հաղորդագրությունից երեւում է, որ մեր պատվիրակության անդամները, հաճելին օգտակարի հետ համատեղելով, լա՜վ «ֆռֆռացել» են շվեյցարական սարերում. այցելել են Վերբիեր կայան՝ ներառյալ ճոպանուղի եւ տուրիզմի գրասենյակ, Ավորիա-Մորզին դահուկային հանգստավայրեր, Սիոնի օդանավակայան, Սայոնի սպա համալիր, աղբի տեսակավորման ու մշակման կայան, եւ այլն։ Մի խոսքով, 3 օրվա ընթացքում հասցրել են շատ բան տեսնել ու սովորել։ Ու նաեւ՝ ոգեւորվել։ Մանավանդ այն վերելակից, որի շնորհիվ 1000 մետր բարձրանում ես, եւ «բացվում է լրիվ ուրիշ աշխարհ»՝ իր ենթակառուցվածքներով, հանգստի կենտրոններով եւ այլն։ Տպավորվելուց բացի, մեր պատվիրակության անդամները հասկացել են մի կարեւոր բան՝ Ջերմուկն ու Վերբիերն ունեն մի շատ կարեւոր նմանություն՝ բնությունը, լանդշաֆտը։ Նույն սարերն են՝ ասում է Ն. Երիցյանը։ Պարզապես հարկավոր է ճիշտ պլանավորել, ու սարերը դարձնել զբոսաշրջության կենտրոն։ «Այն, ինչը մեզ համար պրոբլեմ է՝ սարերը եւ խիստ ձմեռը, շվեյցարացիների համար միլիարդներ աշխատելու միջոց է»,- ասում է Ն. Երիցյանը։ Ի դեպ՝ ասվածի ճշմարտացիությունը ապացուցելու համար, Ն. Երիցյանի ելույթին զուգահեռ՝ պատի վրա պրոյեկտորով ցուցադրվում էր սլայդ-շոու՝ Ջերմուկի եւ Վերբիերի լուսանկարներով։ Իհարկե, էլ ի՞նչ շրջագայություն՝ առանց հաճելի հուշեր արթնացնող ֆոտոների (չնայած, պատվիրակության անդամները այդ նկարներում չկային)։ Նկարներում չէր երեւում նաեւ մեկ այլ, շատ կարեւոր բան, Հայաստանի եւ Շվեյցարիայի գլխավոր տարբերությունը՝ մարդկային վերաբերմունքը։ «Շվեյցարիայի հանգստավայրերը հայտնի են ոչ թե նրանով, որ ունեն լավ ատրակցիոններ եւ բարձրակարգ հանգստյան տներ, այլ՝ մաքրությամբ եւ մարդկանց բարեհամբույր վերաբերմունքով»,- ասում է Ն. Երիցյանը, ով, ըստ էության, այդ գործոնի լրջությունը լիովին հասկացել է հենց այս այցի շրջանակներում։

Շվեյցարիա կատարած այցը հոգեբանական առումով մեկ այլ ազդեցություն է ունեցել՝ քաջություն եւ վճռականություն է հաղորդել մեր պաշտոնյաներին։ «Ներդրումային չափերն ուսումնասիրելիս՝ վախը դուրս էր գալիս մեջներիցս, քանի որ շատ մեծ ներդրումներ պետք չեն»,- ասում է Ն. Երիցյանը։ Ի դեպ, Ջերմուկը զարգացնելու հարցում կառավարությունը մտադիր է ոչ թե քայլ առ քայլ, կրիայի պես առաջ շարժվել ու 50 տարի հետո նոր համապատասխանել միջազգային չափանիշներին, այլ պետք է լինի համապարփակ, պլանավորված մոտեցում՝ խոշոր ներդրումներ ներգրավելով։ Ընդ որում, տարերային կառուցապատում թույլ չի տրվելու իրականացնել. Ն. Երիցյանի խոսքերով, Ջերմուկում այս պահին արգելվում է որեւէ շինարարական գործընթաց, մինչեւ համապատասխան լուծումներ չգտնվեն։ «Հանրությունը պետք է հսկի, որ ազատ տարածքներ մնան զարգացման համար»,- ասում է այլեւս Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող նախարարը։ Փաստորեն, որեւէ նոր շինություն կամ օբյեկտ կառավարությունը թույլ չի տալու կառուցել, քանի դեռ պատրաստ չէ քաղաքի գործարար մոդելն ու ապագա մանրակերտը, որը նախանշելու է Ջերմուկի զարգացման ուղին առաջիկա 20 տարիների ընթացքում։ Իսկ մոդելի մշակմամբ եւ մանրակերտով զբաղվում է շվեյցարական «Թայգեր Դեւ Սուիսս» ընկերությունը՝ 200 հազար դոլարի դիմաց։ Ի դեպ, այցի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություններ էլ են ձեռք բերվել։ Օրինակ՝ Վերբիերի ճոպանուղին շվեյցարացիներին այլեւս պետք չի, որոշել են քանդել։ Մերոնք էլ կվերցնեն եւ կբերեն Ջերմուկ։ Նախարարն անտրամաբանական է համարում նման հնարավորությունը ձեռքից բաց թողնելը՝ պարզաբանելով, որ ճոպանուղին շվեյցարացիները փակում են ոչ թե հնության, լավ չաշխատելու պատճառով, այլ՝ իրենց զարգացման ծրագրերի մեջ դա չի մտնում։

Ասուլիսի վերջում լրագրողները փորձեցին նախարարի ոգեւորությունը շվեյցարական այցից շեղել ներքին խնդիրների վրա։ Օրինակ՝ ինչպե՞ս կանդրադառնա սակագների բարձրացումը մեր տնտեսության վրա։ Ն. Երիցյանի խոսքերով, դա բացասաբար կազդի հիմնականում քիմիական արդյունաբերության վրա, սակայն այս ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու պոտենցիալ կա։ Անդրադառնալով 2009թ. հունվարի մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Ն. Երիցյանը հավաստիացրեց, որ ճգնաժամն արդեն անցյալում է։ «Այն, ինչ արագ անկում է գրանցում, շատ արագ էլ աճ է ապրում: Ես ավելի վաղ ասել էի, որ եթե աշխարհում տնտեսության վիճակը կայունանա, ապա Հայաստանն ավելի արագ է վերականգնվելու, որովհետեւ մենք գնացինք մեր խնդիրները ընկալելու եւ տնտեսության տարբեր ճյուղերը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Շինարարության անկումը շարունակվել է, սակայն արդյունաբերությունը եւ այլ ոլորտները սկսել են աճել: Տնտեսության աճի տեմպերը հունվար ամսին սպասելիից բարձր են եղել: Կարելի է ասել, որ Հայաստանում ճգնաժամն անկում է ապրել, եւ աճ է գրանցվում»,- ասաց Ն. Երիցյանը։ Իսկ երբ լրագրողները նրան հիշեցրին հաճախ հնչող այն կարծիքը, որ կառավարությունը ձախողվել է, եւ խնդրեցին նշել գոնե մեկ ուղղություն, որտեղ հաջողություն է արձանագրվել, Ն. Երիցյանը, հազիվ թաքցնելով զայրույթը, պատասխանեց. «Մենք ունենք հստակ պատկերացում ապագայի վերաբերյալ եւ կոնկրետ ծրագրեր: Երբ կառավարությունը սկսեց իր աշխատանքը՝ հաջորդեց ճգնաժամը, եւ ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հաղթահարել ենք պատվով: Այս ճգնաժամը ոչնչով չէր տարբերվում 90-ական թվականներին մեր ապրած ճգնաժամից: Կարող եք համեմատել` ինչպես դուրս եկանք 90-ականներին եւ հիմա»։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրելուց հետո այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ որպես ճգնաժամի գլխավոր պատճառ՝ ներկայացնում է մեր տնտեսության խոցելի կառուցվածքը։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ վերջին տարիներին սխալ տնտեսական քաղաքականություն է իրականացվել։ Այս հարցին ի պատասխան՝ Ն. Երիցյանը նշեց, որ պետք չէ ճիշտ եւ սխալի մասին խոսել։ Պարզապես արագ աճում էինք՝ հիմնականում անշարժ գույքի գների աճի հաշվին։ Եվ եթե չլիներ ճգնաժամը, միգուցե կառավարությունում այդպես էլ չընդունեին, որ շինարարության վրա հիմնված ցուցանիշների աճը տնտեսական զարգացում չի կարելի համարել։

Հ.Գ. Ի դեպ, ասուլիսի պահին կառավարության առջեւ բողոքի ցույց էին անում Ոսկու շուկայի աշխատակիցները, եւ անգամ մամուլի կենտրոնի փակ դուռը չէր խլացնում նրանց սուլոցներն ու վանկարկումները։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե կառավարությունը չի՞ պատրաստվում երկխոսության մեջ մտնել այդ մարդկանց հետ, Ն. Երիցյանը պատասխանեց, որ կառավարությունն արդեն երկար ժամանակ երկխոսության մեջ է։ «Հասարակությունը պետք է սովորի հարկեր վճարել։ Ակնկալում եմ, որ կգտնենք այս հարցի լուծման ճիշտ ճանապարհը։ Դրանցից մեկն էլ այն է, որ Ոսկու շուկայի աշխատակիցները հարկեր վճարեն՝ իրենց եկամուտներին համապատասխան»,- ասաց Ն. Երիցյանը։