«Օսլոյից «Եվրատեսիլը» բերելու ենք Հայաստան»

23/02/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Որքան հայտնի է` Նադեժդա Սարգսյանը Ձեզ ավելի վաղ էր առաջարկել Էմմիի եւ Միհրանի համար «Եվրատեսիլ 2010»-ի երգ գրել: Ինչո՞ւ հանկարծ Ձեր որոշումը փոխեցիք: Ի դեպ, այս մասին Նադեժդա Սարգսյանը օրեր առաջ մամուլի ասուլիսում նշեց, որ Էմմիի համար շատերը պետք է երգ գրեին, այդ թվում՝ նաեւ Դուք, թեեւ Ն. Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց մեր բուն հարցին: Ի՞նչ պատահեց: Եվա Ռիվասի պրոդյուսերը Ձեզ ավելի շա՞տ վճարեց:

– Դեռեւս աշնանը լսել էի, որ «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու էր Էմմին: Բայց միաժամանակ ես նաեւ տեղյակ չէի, որ լինելու էր մրցույթի նախընտրական փուլ: Իմանալով, որ «Եվրատեսիլին» Էմմին է գնալու, Նադեժդա Սարգսյանից ստացա հեռախոսազանգ: Նա ասաց, որ դրա հետ կապված առաջարկ ունի: Մի քանի օր անց գնացի իրենց տուն, իմ շատ լավ ընկերոջ` Դավիթ Բեկջանյանի հետ նստեցինք իրենց պատշգամբում: Շատ ուրախ էի, որ իմ աչքի առաջ մեծացած Էմմիի համար պետք է երգ գրեի: Այդ ժամանակ Էմմին ԱՄՆ-ում էր: Միաժամանակ նաեւ հավանականություն կար, որ ինքս այլ գործերով մեկնեի ԱՄՆ: Մտածեցի, որ ԱՄՆ գնալը նաեւ լավ առիթ է, որտեղ էլ կսկսեինք աշխատել Էմմիի հետ: Ինչեւէ, հանկարծակի ես հիվանդացա: Մոտ 2 ամիս պառկած էի: Իսկ այդ ընթացքում ստացա հեռախոսազանգ նաեւ Մոսկվայից` առաջարկ երգ գրելու ոմն Եվա Ռիվասի համար: Այդ ժամանակ անունն ինձ բոլորովին անծանոթ էր: Նախ ես այդ ժամանակ չէի էլ ճանաչում Վալերի Սահարյանին ու ընդհանրապես չգիտեի անգամ «Տաշիրի» մասին, քանի որ ապրում էի ամառանոցում, որտեղ չունեի ոչ հեռախոս, ոչ հեռուստացույց, ոչ ինտերնետ: Ամբողջ տարին աշխարհից կտրված ապրում էի: Անմիջապես հրաժարվեցի առաջարկից` պատասխանելով, որ ես արդեն երգ եմ գրում Էմմիի համար: Դրանից որոշ ժամանակ անց` դեկտեմբերի առաջին կեսն էր, ոչ մի լուր Նադեժդայից ու Էմմիից չունեցա: Անկեղծ ասած, հիվանդ լինելով` ես նաեւ չէի շտապում, որովհետեւ սովորաբար արագ եմ աշխատում: Օրինակ, Ինգա ու Անուշ Արշակյանների` «Եվրատեսիլի» համար նախատեսված երգը ես գրեցի փետրվարին, թեպետ Ինգան եւ Անուշը այլ երգ ընտրեցին եւ ներկայացրեցին: Ես չէի անհանգստանում` մտածելով, որ գուցե Էմմին ու Նադեժդան զբաղված էին, դրա համար չէին զանգահարում ինձ: Այդ ընթացքում ես զանգ ստացա Մոսկվայից: Կրկին Վալերի Սահարյանն էր: Նրանից էլ իմացա, որ Էմմին «Եվրատեսիլ 2010»-ի համար արդեն 4 երգ ունի: «Այդ երգերի ցանկում չկա Ձեր անուն-ազգանունը»,- ասաց Վալերին` կրկին առաջարկելով Եվա Ռիվասի համար երգ գրել: Ես միանշանակ դրական պատասխան չտվեցի, քանի որ մինչ այդ պետք է խոսեի Նադեժդա Սարգսյանի հետ: Վալերին ինձ ասաց նաեւ, որ ես պետք է պատասխանիս մասին հայտնեմ շատ արագ, որովհետեւ իրենց մոտ մասնակցել-չմասնակցելու խնդիր էր, քանի որ դեռեւս երգ չունեին: Հանդիպեցի Նադեժդային: Վերջինս էլ ասաց, որ իրենց երգերն արդեն պատրաստ են: Ես Նադեժդային հայտնեցի նաեւ Վալերի Սահարյանի առաջարկի մասին: Կարծում էի, թե դրանից Նադեժդայի տրամադրությունը գուցե ընկնի, բայց նա ուրախացավ առաջարկի համար` ասելով, որ կարող եմ հանգիստ աշխատել: Ու, բնականաբար, սկսեցի աշխատել արդեն Եվայի երգի համար: Իսկ այս մասին ես միշտ խուսափում էի խոսել, քանի որ վստահ էի, որ կսկսեն շահարկումներ անել: Թեպետ առանց այդ էլ ԶԼՄ-ներն իմ անվան շուրջ ստահոդ լուրեր են տարածում, թե իբր անցյալ տարի Ինգան ու Անուշը 20.000 դոլար չեն ունեցել, որ տան Արմենին, ու նման հիմար մտքերգ Այնինչ, իրականում, Ինգայի եւ Անուշի համար երգը ես գրել էի անվճար: Ամեն դեպքում «Եվրատեսիլ» մրցույթով բարեկամության, ընկերության կամուրջը չի քանդվում: Ես Էմմիի համար երգ եմ գրելու ու նվիրելու եմ նրան:

– «Եվրատեսիլ 2010»-ի sms-քվեարկության արդյունքները դեռեւս կասկածելի են թվում: Ավելին, Նադեժդա Սարգսյանը դիմելու է դատարան:

– Նադեժդա Սարգսյանն իրավունք ունի կասկածի տակ դնել տեխնիկական ինստիտուտի աշխատանքը, ինչպիսին էր sms-քվեարկությունը: Թող ամեն ինչ պարզվի, իսկ այն, որ քաղաքի տարբեր անկյուններում` մեքենաների մեջ, գետնանցումներում, խանութներում եւ այլուր, լսում են «Ծիրանի կորիզը», ես հավատում եմ, որ մենք իսկապես sms-ներով շահել ենք: Ինտերնետում բոլոր ռեկորդներն ենք սահմանել: «Յութուբ»-ում մեր երգը համաշխարհային երգ կատեգորիայում համարվել է ամենաշատ քվեարկված երգը` 85-րդը 100-ի մեջ: Այս ցուցանիշը բավական բարձր է համաշխարհային երգի ասպարեզում: Ի վերջո, սա երգի մրցույթ է: Եթե Նադեժդան քվեարկության արդյունքները կեղծված է համարում, բնականաբար, ճիշտ է վարվում դատարան դիմելով: Ես էլ լինեի իր փոխարեն` դատարան կդիմեի:

– Այնուամենայնիվ, տարօրինակ չէ՞, որ մի մասնակցի օգտին քվեարկում է 6000-ից ավելի մարդ, մյուսի օգտին` ընդամենը 4-ը:

– Կարծում եմ` ընդհանուր քվեարկության արդյունքներում բոլոր մասնակիցների ցուցանիշերի վերջին զրոն չի գրվել: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: sms-ների քանակի մեջ վերջին զրոն չեն գրել: Զարմանալին այն է, որ ընդհանրապես քվեարկությանը մասնակցել են այդքան քիչ մարդիկ: Ես ինքս էլ կոչ եմ անում այս շղթայի բոլոր մասնակիցներին` ուղղակի հրապարակել այս մրցույթի ստույգ արդյունքները:

– Ի՞նչ է «Եվրատեսիլը»:

– «Եվրատեսիլը» հասարակ մրցույթ է, որի նմանները շատ կան: Հայերի համար միգուցե նշանավոր է դարձել այն հանգամանքի պատճառով, որ «Եվրատեսիլի» նման մրցույթը թույլ է տալիս հայ արտիստին ելույթ ունենալ բազմամիլիոնանոց հանդիսատեսի առջեւ: Այս իմաստով մրցույթը նաեւ չարժե թերագնահատել: Ի վերջո, նաեւ սխալ է ասել, թե «Եվրատեսիլի» միջոցով արտիստը կարիերայի աճ է ունենում: Այո՛, գուցե արտիստը որոշ իմաստով մեծ լսարանի առջեւ ելույթ ունենալու փորձ է ձեռք բերում: Ես մեկ անգամ եմ ներկա եղել «Եվրատեսիլ» մրցույթին` Հելսինկիում Անդրեի մասնակցության ժամանակ: Բոլորս սարսափելի անհանգիստ էինք: Զարմանալի զգացողություններ էին: Տվյալ պարագայում արտիստը հայտնվում է հազարավոր աչքերի ու ականջների առջեւ:

– Դա՞ է պատճառը, որ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնող բոլոր մասնակիցներն առանձնապես լավ ելույթներ չեն ունենում:

– Արտիստը պետք է նախեւառաջ հոգեբանորեն պատրաստ լինի դրան: Ես հենց այսօրվանից այդ ուղղությամբ սկսել եմ աշխատել Եվայի հետ: Մեր նախորդ բոլոր մասնակիցներն էլ անթերի չէին: Անուններ չեմ ուզում նշել: «Եվրատեսիլի» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հանդիսատեսը ինչ-որ չափով դառնում է պրոֆեսիոնալ: Նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է ելույթի վրա: Երգի նկատմամբ ցուցաբերվող այդպիսի ուշադրությունը սովորաբար բնորոշ է պրոֆեսիոնալ երաժիշտներին:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ են հենց մերոնք վատ հանդես գալիս: Միգուցե դա կենդանի երգեցողությանը վարժված չլինելու հետեւա՞նք է:

– Իհա՛րկե ոչ: Աթենքում Ֆրանսիան ներկայացնող երգչուհին ծայրից ծայր հանդես եկավ ֆալշերով: Նա քառորդ տոն ցածր էր երգում, չնայած փորձերին ավելի լավ էր երգում: Նման երեւույթ ամենուր կա, եւ դրդապատճառները կարող են տարբեր լինել: Նախ` միշտ տեխնիկական թերություններ են լինում: Հնարավոր է, որ երգիչն այդ պահին չի լսում ձայնակցությունն այնպես, ինչպես դա լինում է փորձերի ժամանակ, կամ միգուցե լուսարձակների լույսն է այդ պահին խանգարում, եւ այլն: Ճիշտ է, նա կարող է արագ կողմնորոշվել ու շտկել իր սխալը, բայց, ցավոք, սխալն արդեն տեղի է ունեցել: Երկրորդ պատճառը հուզմունքն է: Ես միշտ ասում եմ, որ պետք է արտիստներին առանձնացնել հասարակական քննարկումներից: Հատկապես տաղանդավոր արտիստները, զգայական իմաստով, բավական խոցելի են: Նրանց հոգու լարերը սերտորեն կապված են ձայնալարերի հետ: Չէ՞ որ կա այսպիսի արտահայտություն` երգիչը հոգով է երգում: Մինչդեռ հաճախ արտիստների մասին ինտերնետում կարող են հայտնվել այնպիսի ցածրագույն տեքստեր` ընդհուպ մինչեւ հայհոյանք, գնահատականներ մաշկի գույնի, հասակի մասին, սեւ PR պարունակող ապատեղեկատվությունգ եւ այլն: Այս ամենը հատկապես երգչուհիների վրա է շատ վատ անդրադառնում: Որպեսզի «Եվրատեսիլին» երգիչը կամ երգչուհին ի վիճակի լինի լավ հանդես գալ, պարտադիր պայման է շատ պարապելը, համերգներին կենդանի երգեցողությամբ հանդես գալը: Եվա Ռիվասի խմբի հետ աշխատելու իմ պայմաններից մեկը հետեւյալն էր, որ Եվան պետք է միշտ կենդանի երգի: Մենք աշխատում ենք պրոֆեսիոնալի հետ, որը Եվային պատրաստում է: Ես հիմա չեմ հրապարակի այդ պրոֆեսիոնալի անունը: Մի օր Եվան ինքը կխոսի այդ մասին:

– Ինչպե՞ս հասկանալ հասարակական անվստահությունը «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրության նկատմամբ: Եվ ընդհանրապես ինչի՞ց է, որ ամեն անգամ, երբ իմանում ենք, թե ով է ներկայացնելու Հայաստանը, ասում ենք` միեւնույն է` մենք չենք հաղթելու:

– Ես իմ կյանքում միշտ հաղթող եմ եղել: Ցանկացած մրցույթի մասնակցելիս ես միշտ վստահ եմ եղել, որ հենց ես եմ հաղթելու: Մարդու վստահությունը բխում է նրա ինքնազարգացողությունից, կրթությունից: Նույնիսկ այս տարիքում, երբ արդեն թոռնիկ ունեմ, ես 2 տարի անգլերեն էի սովորում: Երբ ինքդ քեզ վրա սկսում ես աշխատել, վստահություն ես ձեռք բերում, իսկ երբ թաթախվում ես նման մրցակցության մեջ, որն ունի գնահատելու որոշակի տեխնոլոգիա, միշտ պետք է սլանաս առաջ` հաղթանակի նպատակով:

– Իսկ վստահության ու ինքնավստահության սահմանները շատ չե՞ն մոտ:

– Իմ դեպքում` ոչ: Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ ես չեմ կարող ինքնավստահ լինել: Անգամ, եթե պարտվում եմ, ապա ես դրանից միայն դասեր եմ քաղում:

– Իսկ ինչո՞ւ ենք մենք միշտ տարբերակում «Եվրատեսիլի» համար գրված երգը «սովորական» երգից: Կա՞ն որոշակի չափորոշիչներ:

– Այս հարցը տարբեր շրջանակներում բազմիցս քննարկվել է: Այս իմաստով մեզանում ձեւավորվել են որոշակի կարծրատիպեր, ըստ որոնց` երգը պետք է լինի արագ, շատ խորը չլինի եւ այլն: Երբ սա ասում է ունկնդիրը` ես հասկանում եմ, բայց, երբ այսպիսի համոզմունք է հայտնում ստեղծագործող արտիստը, ես չեմ հասկանում: Մինչդեռ մեր գավառական հարթության վրա ճաշակը թելադրում է հենց ստեղծագործող-արտիստը: Ես գտնում եմ, որ նույնիսկ «Եվրատեսիլի» պես ցածր մակարդակ ունեցող մրցույթում կարելի է ճաշակ ձեւավորել: Ինչո՞ւ չէ, կարելի է տալ գեղարվեստական բարձր չափորոշիչներով ստեղծագործություն ու բարձրացնել մրցույթի մակարդակը: Դա թող իմ կողմից ամբիցիոզ չհնչի:

– «Եվրատեսիլի» համար ի՞նչ սկզբունքով եք երաժշտություն գրում, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում` համաշխարհայի՞ն, թե՞ ազգային:

– Թերեւս եւ՛ ազգային, եւ՛ համաշխարհային: Ինքս չեմ կարող բառերի վերածել այն, ինչ զգում եմ: Կայծակի լույսի պես ամեն ինչ լուսավորվում է: Եթե նկատել եք` կայծակի լուսավորության ժամանակ երեւում են նույնիսկ մանրուքները: Ես հենց կայծակի լույսի տակ եմ տեսնում ամեն ինչ, որը հետո փորձում եմ վերածել հարմոնիաների, մեղեդու, ձայնաշարի եւ այլն: Դա ինչ-որ առումով նաեւ տեխնիկա է, որին ես տիրապետում եմ, եւ որի շնորհիվ ավելի դյուրին է ստեղծագործությունը, այսպես ասած, փաթեթավորելը: Մի փոքրիկ գաղտնիք էլ բացեմ, ինչի մասին առաջին անգամ եմ ասում: Եթե չլիներ «Եվրատեսիլ» մրցույթը, «Ծիրանի կորիզ» երգի մեջ ես կրկներգ չէի դնի: Կրկներգը միտումնավոր դրեցի, որովհետեւ երգը մասնակցելու էր «Եվրատեսիլին»:

– Այսինքն` դրանից երգը տուժե՞ց:

– Իհարկե, ոչ: Պարզապես դա հաղթելու իմ ցանկությունն էր: Եթե կրկներգը չդնեի` գուցե մեզ չնկատեին: Փոխարենը, իհարկե, պրոֆեսիոնալները մեզ կնկատեին: Երգն ավելի ցայտուն ու վառ դարձնելու համար ես այն ներառեցի:

– Ինչպե՞ս եք պատրաստվում մրցույթին: Որքան հայտնի է` պրոմոտուրերի ժամանակ ծիրանի ծառեր եք տնկելու հյուրընկալվող երկրներում:

– Այս պահին արդեն Եվա Ռիվասի պրոդյուսերը` Վալերի Սահարյանը, ակտիվորեն պլանավորում է պրոմոտուրերը: Ի դեպ, նրանք, ովքեր ցանկություն ունեն որեւէ ձեւով մեզ օգնելու, մեր դռները բաց են: Ու պետք է հիշել, որ «Եվրատեսիլում» ներկայանում է ոչ թե Եվա Ռիվասը, այլ` Հայաստանը: Այս դեպքում մարդկային կատեգորիայից վեր է սերը հայրենիքի նկատմամբ: Հենց այս սիրո միջոցով կարողացա դիմանալ քաշքշուկներին:

– Ի վերջո, «Եվրատեսիլից» առաջ ի՞նչ սպասումներ ունեք:

– Վստահ եմ, որ Օսլոյից «Եվրատեսիլը» բերելու ենք Հայաստան: