Մարտիրոս Սարյանին որոնելիս

23/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Շուտով նշվելու է Մարտիրոս Սարյանի 130-ամյակը: Հոբելյանը մեր օրերում բավականին անհասկանալի ձեւաչափով է անցնում, որպես կանոն` մեծարման երեկոներ են անցկացվում, իսկ այնուհետ` լռություն է տիրում: Սարյանի գույները, ֆորմաներն ու կոմպոզիցիաները մեզ համար արդեն սիմվոլներ են դարձել: Եվ «սիմվոլ» բառի ետեւում մենք արդեն չենք տեսնում այն արվեստը, որը կարող է ոգեշնչել, մտորելու դրդել ու հիացնել: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը հույս է հայտնում, որ հոբելյանական տարին կօգնի ավելի լավ ճանաչել Սարյանին ու կարծրացած կաղապարի ետեւում տեսնել վարպետի անհանգիստ, որոնող խառնվածքն ու նորարարության ձգտումը: «Կան ծրագրեր ու ցանկություններ, որոնց իրագործումը միայն մեզանից կախված չէ։ Չգիտեմ, հոբելյանական համերգներ կլինե՞ն, թե՞ ոչ, սակայն կարծում եմ՝ դա չէ կարեւորը, այլ՝ գործնական աշխատանքները»,- նշում է նա: Ռ.Սարյանը պատմում է, որ հոբելյանական տարին նշվելու է մի շարք ցուցադրություններով, որոնք անցնելու են Երեւանում եւ Մոսկվայում: Փետրվարի 26-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի աշխատանքների հոբելյանական ցուցադրությունը, որտեղ ընդգրկված կլինեն այդ հանրահայտ պատկերասրահի պահոցներում պահվող գրեթե բոլոր սարյանական ստեղծագործությունները (գրաֆիկա, ջրաներկ, յուղաներկ): Մեկ դար առաջ Տրետյակովյան պատկերասրահը ձեռք բերեց Սարյանի առաջին աշխատանքը, ինչի կապակցությամբ Սարյանի ուսուցիչ, հայտնի ռուս նկարիչ Վալենտին Սերովն ասաց. «Վաղուց էր պետք»: Իսկ Մոսկվայի Արբատ փողոցի վրա գտնվող այն շենքում, որտեղ մինչեւ 1970 թվականը պարբերաբար ապրել եւ ստեղծագործել է Սարյանը, նախատեսվում է փակցնել հուշատախտակ, որի վրա դաջված կլինի վարպետի բրոնզե պրոֆիլը։ Ի դեպ՝ երբ Մարտիրոս Սարյանը արդեն չէր կարողանում հաճախ գտնվել Մոսկվայում, նա անհատույց հանձնեց իր արվեստանոց-բնակարանը Մոսկվայի քաղխորհրդին։ Ռուզան Սարյանը նկատում է, որ հոբելյանը լավ առիթ է Մարտիրոս Սարյանի բոլոր աշխատանքները հավաքագրելու ու ավելի ամբողջական կատալոգ ստեղծելու համար: Սարյանի ավելի քան 5000 աշխատանքից այժմ վավերացված, նկարագրված ու լուսանկարված է չնչին մասը: Մեծ թվով աշխատանքներ պահվում են ռուսական թանգարաններում, եւ շատերի մասին տեղեկություններ չկան: Ինչպես նաեւ բացակայում է մասնավոր հավաքածուներում հայտնված Սարյանի աշխատանքների նկարագրումը:

– Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի ցուցադրությունը արվելո՞ւ է համատեղ Երեւանի տուն-թանգարանի հետ, թե՞ դա զուտ մոսկովյան նախաձեռնություն է:

– Դա մոսկովյան պատկերասրահի գաղափարն է, թեեւ, իհարկե, մենք նրանց հուշեցինք, կարելի է ասել նույնիսկ` ակտիվ հուշեցինք` նամակ-առաջարկ ուղարկելով: Եվ նրանք արձագանքեցին, քանի որ Սարյանն իրենց համար էլ շատ գնահատելի նկարիչ է, եւ պատկերասրահը հպարտ է` իր հավաքածուում Սարյանի գործերը ունենալով: Սարյանի գործերը գրեթե միշտ ընդգրկվում են պատկերասրահի արտասահմանյան ցուցադրությունների ժամանակ: Օրինակ, հանրահայտ «Փյունիկյան արմավենի» կտավը` ընդգրկված լինելով ռուսական 4 խոշոր թանգարաններում պահվող գլուխգործոցների շարքում` վերջերս ցուցադրվեց մի քանի եվրոպական երկրներում: Այդ ցուցահանդեսը անցավ Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի առաջին դեմքերի բարձր հովանու ներքո: Տրետյակովյան պատկերասրահում Սարյանի շուրջ 66 գրաֆիկական եւ գեղանկարչական գործեր կան, եւ նրանցից 62-ը ցուցադրվելու են փետրվարի 26-ին: Ընդ որում` բոլոր գործերն էլ գլուխգործոցներ են, որոնք 2 ամիս շարունակ կներկայացվեն պատկերասրահի այցելուներին:

– Կարելի է ասել, որ Մարտիրոս Սարյանը մեր հանրապետության ազգային խորհրդանիշերից մեկն է, ամենախոշոր նկարիչը, որի մասին շատ են խոսում, սակայն իրականում քչերը գիտեն, թե ի՞նչ է թաքնված այդ անվան տակ:

– Համաձայն եմ, մեր հայրենակիցներից շատերը գիտեն միայն նրա անունն ու ազգանունը: Եվ քանի որ այդ անունը շատ հաճախ է հնչում, նույնիսկ ասում են` հասկանում ենք, էլի, արդեն հոգնեցինք: Սարյանի անվան ետեւում գտնվող արվեստի հսկայական շերտը, մշակութային նվաճումը գրեթե չբացահայտված է մնում: Սարյանը երկար ճանապարհ է անցել, երբեք չի գոհացել իր արածով, միշտ փնտրել է, նորարար է եղել: Կարելի է ասել, որ նա բոլոր պատկերային ժանրերում էլ իր խոսքն է ասել: Սարյանն իրոք բացառիկ էր, օրինակ՝ մոնումենտալ գեղանկարչության ժանրում նա կարողացավ զարմանալի խորություն ունեցող համայնապատկեր ստեղծել` ընտրելով ամենակարեւորը, ամենաէականը: Եվ դա արեց այնքան գեղեցիկ, որ յուրատեսակ նշաձող սահմանեց: Հերիք է հիշատակել Առնո Բաբաջանյանի դահլիճի աստիճանավանդակի վիտրաժը, Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահը զարդարող պաննոն կամ էլ Կոմպոզիտորների տանը գտնվող հրաշալի պաննոն: Նրա ստեղծագործությունների հետ կարող են հավասարվել թերեւս միայն Մինասի որմնանկարները: Սարյանը 84 տարեկան էր, երբ արեց Հայաստանի առաջին վիտրաժը: Նա հասկանում էր. մենք չունենք այդ մշակույթը, եւ պետք է անպայման խթանել այդ ժանրը: Բայց հիմա էլ մենք չունենք որեւէ վիտրաժային աշխատանք, որը կարելի է դնել Առնո Բաբաջանյանի ֆիլհարմոնիկ դահլիճում գտնվող վիտրաժի կողքին: Այդ աշխատանքի հետ զուգահեռներ կարելի է անցկացնել, ասենք, Ֆերնան Լեժեի արած վիտրաժների հետ: Ուզում եմ ասել, մենք ունենք մի արվեստագետ, որով կարելի է աշխարհին ներկայանալ շատ բարձր մակարդակով, պարզապես պետք է պրոպագանդել նրա արվեստը: Չէ՞ որ բարձրացնելով Սարյանին, մենք բարձրացնում ենք մեր պետության վարկանիշը:

– Չե՞ք կարծում, որ մենք շատ բան կորցրեցինք հենց այն պատճառով, որ հրաժարվեցինք լավագույն ուժերին պատվեր տալու ավանդույթից: Հիմա, օրինակ, ահռելի թաղամասեր ենք կառուցում, բայց այլեւս արվեստի ձեւավորման կարիքը չենք ունենում:

– Իհարկե, այն ժամանակ պետության հովանավորությունը շատ մեծ էր: Եվ դա ուներ եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմեր: Իդեոլոգիային ծառայող, թեմատիկ պաննոների պատվերները երբեմն էլ խանգարում էին արվեստագետներին:

– Բայց Սարյանը միշտ էլ կարողացել է իդեոլոգիայի պարտադրանքից շատ գեղեցիկ «դուրս գալ»:

– Նա նույնիսկ 1937 թվականի Փարիզի ցուցահանդեսում գրան-պրի մրցանակի արժանացավ` իր «Ժողովրդական արհեստների ծաղկումը» ծավալուն պաննոյի համար: Իսկ այդ պաննոյի գաղափարը ամբողջովին սովետական իդեոլոգիայի վրա էր կառուցված: Իմիջիայլոց Սարյանի հոբելյանը շատ լավ առիթ ընձեռեց այդ պաննոյին կրկին անդրադառնալու համար, քանի որ այն միայն Փարիզում է ցուցադրվել, իսկ դրանից հետո ոչ ոք երբեք այն այլեւս չի տեսել: Պաննոն տասնամյակներ շարունակ փաթեթավորված վիճակում պահվում է Տրետյակովյան պատկերասրահի պահոցում եւ լուրջ ռեստավրացիայի կարիք ունի: Պաննոն շատ մեծ է, մոտ 45 քմ, եւ նրա վերականգնումը խոշոր գումարներ է պահանջում:

– Միգուցե կարելի է այն Երեւա՞ն տեղափոխել:

– Մենք այդ հարցի մասին շատ ենք մտածել, կարծում եմ, Մոսկվան հազիվ թե տեղափոխման թույլտվություն տա, քանի որ Մոսկվայում Իգոր Գրաբարի անվան հայտնի ռեստավրացիոն դպրոց կա, եւ ռուս մասնագետները վերականգնման գործն ավելի լավ կանեն: Սակայն, նույնիսկ, եթե պաննոն վերականգնվի, դժվար թե այն մշտական ցուցադրության մեջ ընդգրկվի, քանի որ շատ մեծ է: Եվ նորից պետք է փաթեթավորված պահվի: Բայց ամեն դեպքում մենք հույս ունեինք, որ հոբելյանը առիթ կլինի այդ պաննոն վերականգնելու համար:

– Իսկ Հայաստանում ինչպե՞ս է նշվելու Սարյանի հոբելյանը:

– Հայաստանում ակտիվություն ցուցաբերում է հիմնականում Սարյանի տուն-թանգարանը: Մենք 2 ցուցահանդես կունենանք: «Սարյանը լուսանկարներում» ցուցահանդեսը կբացվի վարպետի ծննդյան օրը՝ փետրվարի 28-ին, իսկ «Կենաց ծառի խորհրդանիշը Սարյանի արվեստում» խորագիրն ունեցող ցուցահանդեսը նախատեսում ենք բացել հունիսին: Ռուսաստանի դեսպանատան հետ համատեղ կանենք նաեւ ցուցահանդես, որտեղ իր արտացոլումը կգտնի Հայրենական Մեծ պատերազմը։ Այս տարի նաեւ անպայման փորձելու ենք Մոսկվայում ռեստավրացիա անել Սարյանի «Պարսկաստան» կտավը, որն այլեւս պիտանի չէ ցուցադրելու համար:

– Հայտնի է, որ Սարյանի տուն-թանգարանը նաեւ շենքի սպասարկման խնդիրներ ունի:

– Ջեռուցման համակարգի ձեռք բերումից հետո մեզ մոտ հասունացել է վերանորոգման պահանջը: Շատ խնդիրներ ունենք, կախիչների տեղադրումից սկսած, կոյուղաջրերի խողովակի նորոգմամբ վերջացրած։ Հարկավոր է կատարելագործել նաեւ կտավների պահպանման ջերմա-խոնավային ռեժիմը: Եթե դա կարողանանք այս տարի անել, ուղղակի հիանալի կլինի:

– Այնուամենայնիվ, թերեւս հենց տուն-թանգարանը կարող է շատ բան փոխել ու Սարյանի ժառանգությունը նորովի մատուցել, ասենք` DVD տարբերակով ֆիլմեր պատրաստելով: Որքան հայտնի է, կա մեկ ֆիլմ, որը ստեղծվել է շատ վաղուց, խորհրդային տարիներին:

– Այդ ֆիլմը ստեղծվել է դեռ Սարյանի կենդանության օրոք` 1965 թվականին, եւ վերջերս թվայնացվել է: Ֆիլմում բացառիկ կադրեր կան, որտեղ Սարյանը ապակու վրա ծաղիկներ է նկարում: Նոր ֆիլմեր, ռեպորտաժներ կամ ակնարկներ, իհարկե, արվում են, բայց ես կուզենայի, որ դրանք ավելի լավը լինեին: Անձամբ ես «Սարյանը եւ Փարիզը» վերնագրով ֆիլմ ստեղծելու երազանք ունեմ: Փարիզյան շրջանը ուսումնասիրության շատ հետաքրքիր նյութ է տալիս, քանի որ Սարյանը 1,5 տարի ապրելով Փարիզում` շատ բեղմնավոր է աշխատել (40-ից ավելի գործեր է ստեղծել), անհատական ցուցահանդես է ունեցել եւ բազմաթիվ այլ ցուցահանդեսների է մասնակցել: Նաեւ շատ հարուստ նամակագրություն է մեզ թողել: Ես վստահ եմ, որ կարելի է գնալ Սարյանի փարիզյան հետքերով եւ շատ գեղեցիկ վավերագրական ֆիլմ անել սարյանական Փարիզի մասին: Նկատելի է, որ մեր մշակութային կյանքում բացակայում են մեր մեծերի կենսագրությունն ու արվեստը ներկայացնող այն գրքերը, որոնք գեղարվեստական գրականության համարժեք հետաքրքրություն կառաջացնեն: Կարեւոր է, որ մարդիկ կրկին ցանկություն ունենան վերադառնալ մեծերի արվեստին, խոսեն, քննարկեն, ուսումնասիրեն: