Բոլորս դեպի… խաղադրույք կատարելու

07/09/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ժամանակին երիտասարդության ապագայով քիչ թե շատ մտահոգվող բոլոր մարդիկ
որոշ չափով ուրախացան, որ կազինոները հանվեցին քաղաքի կենտրոնից, քանի որ
դա ակնհայտ բացասական ազդեցություն էր ունենում նոր-նոր կյանք մտած
երիտասարդների վրա։ Սակայն դրանց կարճ ժամանակ անց փոխարինեցին նույնատիպ
ընկերություններ, որոնք կոչվում են բուքմեյքերական գրասենյակներ։

Շատերը կասեն, որ կազինոյի եւ բուքմեյքերական ընկերության միջեւ էական
տարբերություն կա։ Եթե կազինոյում ամեն ինչ որոշում է բախտը, ապա այստեղ
էական գործոն են դառնում «Ձեր սպորտային գիտելիքները»։ Բայց… բայցերը
շատ են, դրանց կանդրադառնանք մի փոքր ուշ։ Նախ եկեք մի փոքր պարզենք, թե
իրենցից ինչ են ներկայացնում այս ընկերությունները։

Այս վիճակախաղում մասնակիցը խաղադրույք է կատարում սպորտային
իրադարձության (կամ իրադարձությունների) վրա՝ կանխագուշակելով դրա
արդյունքը։ Ճիշտ գուշակելու դեպքում խաղադրույքը բազմապատկվում է որոշակի
գործակցով, որը որոշում են, ինչպես հաճախ հնչում է եթերից, «X»
բուքմեյքերական ընկերության մասնագետները, թեեւ իրականում նրանց փոխարեն
դա անում են արտասահմանյան հեղինակավոր բուքմեյքերական ընկերությունները
(օրինակ՝ William Hill-ը), իսկ մերոնք ուղղակի աննշան փոփոխություններ են
կատարում դրանց մեջ, ընդ որում, դեպքերի մեծ մասում ոչ հօգուտ խաղացողի։

Բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեությունը
կանոնակարգվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով։ Սա այնպիսի ոլորտ է,
որի մասին ճշգրիտ թվեր ներկայացնել հնարավոր չէ։

Համենայն դեպս, դատելով այն փաստից, որ բուքմեյքերական ընկերությունների
թիկունքում կանգնած են (ասում են) բավականին ազդեցիկ դեմքեր, կարելի է
ենթադրել, որ շրջանառվող գումարները փոքր չեն։ Մեր նպատակն ամենեւին էլ
ուրիշի փողերը հաշվելը չէ, պարզապես այս երեւույթն այնքան է տարածվել, որ
վատ չէր լինի ընթերցողներին որոշ չափով ծանոթացնել դրա հետ։ Եկեք
տրամաբանությամբ պարզենք, թե ինչ կարգի գումարներ են դրանք։ Դրա համար նախ
անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչ սխեմայով են աշխատում այս
ընկերությունները։ Ուրեմն այսպես, ստեղծվում է բուքմեյքերական
ընկերություն՝ իր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Ստեղծում են 1-2
գրասենյակներ՝ որտեղ սկզբնական շրջանում խաղադրույքներ են ընդունվում
բնակչությունից։ Իսկ որտեղից են հայտնվում ամեն քայլափոխի հանդիպող
բուքմեյքերական կետերը։ Ցանկացած անձնավորություն, որն ունի կամ
վարձակալել է հարմար տարածք, դիմում է ընկերությանը եւ ստանում նրա
անունից հանդես գալու իրավունք։ Այդ անձնավորությունն իր միջոցներով
համապատասխան ձեւով կահավորում է տարածքը, գնում համակարգիչ, տպիչ,
տարածքին համապատասխան հեռուստացույց, արբանյակային ալեհավաք եւ անցնում
գործի…խաղադրույքներ է ընդունում։ Նա ինքը ռիսկի չի դիմում,
խաղադրույքներն ամբողջությամբ փոխանցվում են գլխավոր ընկերությանը, որը
կատարում է հաշվարկները եւ վճարում շահումները։ Անկախ շահումների քանակից՝
տարածքային կետին մնում է իր վերցրած խաղադրույքների մոտ 4 տոկոսը։ Այս
առումով սա դրական երեւույթ է, ստեղծվում են աշխատատեղեր, ընդ որում, այս
փոքրիկ բիզնեսի տերերը, որն ըստ էության միջնորդական ծառայություն է,
ազատվում են հարկային տեսուչների հետ ոչ այնքան ցանկալի շփման
անհրաժեշտությունից։ Իսկ այժմ սկսենք հաշվել… հաշվարկը բարդ չէ,
տնտեսագիտական կրթություն ունենալ էլ պետք չէ։ Նախ հաշվենք, թե միջինն
ամսական ինչքան գումար է ծախսում կետն աշխատեցնող անձնավորությունը՝
ամենամինիմալ գներով. տարածքի վարձ՝ 100 դոլար, ինտերնետի վարձ՝ 30 դոլար,
օպերատոր՝ օրական 3 դոլար՝ ամիսը 90 դոլար։ Կազմում է 220 դոլար։ Եթե սրան
գումարենք հեռախոսի, լույսի, ջրի եւ այլ մանր ծախսերը՝ ապա կստացվի
նվազագույնը 240 դոլար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ գործ սկսելու համար
միանվագ անհրաժեշտ է ծախսել նվազագույնը 1000 դոլար (համակարգիչ,
հեռուստացույց եւ այլն), որը գործարարը ցանկանում է վերադարձնել առնվազն 2
տարում, ապա ստացվում է, որ նա ամսական պետք է ստանա մոտ 280 դոլար,
որպեսզի 2 տարում վերադարձնի ներդրած գումարը եւ այդ ընթացքում փակի իր
ընթացիկ ծախսերը՝ մեծահոգաբար հրաժարվելով շահույթից։ Ահա այսպիսի շատ
համեստ հաշվարկներով՝ բուքմեյքերական կետը պետք է ընդունի ամիսը ոչ պակաս
քան 7000 դոլարի խաղադրույք։ Եվ եթե աշխատում են, նշանակում է՝ կամ այդ
գումարն իրոք լրացվում է, կամ էլ ծախսերը փակում են իրենց գրպանից,
աշխատում են վնասով, ինչը քիչ հավանական է։ Այժմ հաշվենք, թե քանի
բուքմեյքերական կետ կա միայն Երեւան քաղաքում։ Դա շատ դժվար գործ է, բայց
ոչ անհնարին։ Բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակիցը բարեկիրթ
ձեւով հրաժարվեց պատասխանել այդ հարցին, դա համարելով կոմերցիոն գաղտնիք։
Նորից դիմենք տրամաբանությանը։ Հայաստանում գործում են բուքմեյքերական
երեք ընկերություններ՝ «Եվրոֆուտբոլ», «Վիվարո» եւ «Տոտո»։ Դրանցից
առաջինը՝ Եվրոֆուտբոլը, հիմնադրվել է 2000 թվականին, մյուսներն ավելի ուշ։
Դրանցից մեկը պարբերաբար իր գովազդը տեղադրում է բավականին սիրված
թերթերից մեկում, ընդ որում, հրապարակելով Երեւանում գործող կետերի ողջ
ցանկը։ Այստեղից մենք տեսնում ենք, որ գործում է մոտ 30 կետ։

Այսինքն, այս ընկերությունը մեկ ամսվա կտրվածքով ընդունում է նվազագույնը
210 հազար դոլարի խաղադրույք, իսկ տարվա կտրվածքով այդ թիվը կազմում է 2
միլիոն 500 հազար դոլար։

Եթե ընդունենք, որ մյուս երկու ընկերությունները նույնպես ունեն նույն
քանակի կետեր (իսկ դա ավելի քան հավանական է, քանի որ ընկերություններից
մեկն ավելի շուտ է հիմնադրվել եւ շատ ավելի տարածված է), ապա ստացվում է,
որ տարեկան միայն Երեւանում մարդիկ մոտ 8 միլիոն դոլարի խաղադրույք են
կատարում։

Միգուցե թիվն այնքան էլ մեծ չի թվում, սակայն մի մոռացեք, որ մենք փոքր երկիր ենք, որտեղ աղքատությունը գերազանցում է 50 տոկոսը։

Հետագա հաշվարկները թողնում եմ մեր ավելի հետաքրքրասեր ընթերցողներին։
Օրինակ, կարող եք հաշվել, թե նվազագույնը որքան գումար պետք է մուտքագրվի
պետբյուջե՝ եթե ըստ օրենսդրության՝ տոտալիզատորը հարկվում է հաստատագրված
վճարով՝ ընդհանուր խաղադրույքների 5 տոկոսի չափով։ Կարող եք ավելի հեռուն
գնալ եւ համեմատել ստացված թվերը պաշտոնական տվյալների հետ։ Կարող եք նաեւ
սոցհարցում կազմակերպել այն մարդկանց շրջանում, ովքեր պարբերաբար
խաղադրույքներ են կատարում, եւ պարզել, թե ինչքան են շահել, իսկ հետո
համեմատել շահումի տոկոսը վերը նշված ինֆորմացիայի հետ եւ անել
համապատասխան հետեւություններ այն մասին, թե ինչպես կարելի է ոչինչ չանել
եւ շատ փող ունենալ։

Իսկ մենք այսքանով կավարտենք մեր հաշվարկները եւ կանդրադառնանք մի քանի
այլ հարցերի։ Արդյոք ճի՞շտ է, որ մենք այս աստիճանի տրվում ենք այս
ամենին։ Տաքարյուն ազգ ենք, խաղամոլությունն էլ մեզանից հեռու չէ, բացի
դրանից, խելացի ենք, ինչո՞ւ պիտի մի խաղի արդյունք չկարողանանք գուշակել,
չէ՞։ Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Փառք Աստծո, մեր բուքմեյքերական
ընկերություններն իրենց դեռ ոչ մի բանով չեն վարկաբեկել եւ շահել են
խաղացողների վստահությունը։ Սակայն կեղծիքները գնում են ավելի բարձր
մակարդակով՝ խոշոր ընկերությունները կաշառում են մրցավարներին,
խաղացողներին, անգամ ամբողջ թիմերին, արդյունքում տուժում են խաղացողները,
այդ թվում՝ մեր երկրի բնակիչները։ Վնասվում են ոչ միայն նյութապես, այլեւ
լուրջ վտանգի են ենթարկում առողջությունը, նյարդերը։

Իհարկե, ամեն մեկի որոշելիքն է, թե ինչ անի եւ ինչպես տնօրինի իր
գումարները, սակայն գոնե այնպես անենք, որ երեխաները զերծ մնան դրանից։

Ֆուտբոլով հետաքրքրվող անչափահասը ֆուտբոլային ռեպորտաժի ընթացքում մի
քանի անգամ լսում է գործակիցների, խաղադրույքների եւ մի ակնթարթում
հարստանալու հնարավորության մասին…

Հետաքրքրության համար աչքի անցկացնելով «գովազդի մասին» ՀՀ օրենքը,
պարզեցինք, որ Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է վիճակախաղերի
գովազդումը՝ բացի հովանավորության դեպքերից։ Ախր ի՞նչ տարբերություն, չէ՞
որ հովանավորությունն էլ գովազդի ձեւ է։ Մենք արդեն ապրում ենք
կապիտալիստական երկրում, որտեղ սիրուն աչքերի համար ոչ մեկը ոչ մի բան եւ
ոչ մեկին չի հովանավորում։

Օրենքն արգելում է նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների մասնակցությունը
վիճակախաղերին եւ տոտալիզատորներին, սակայն եթե երեխայի մեջ զարթնում է
հետաքրքրությունը, դրա դեմն առնել ոչ մի օրենքով չես կարող։

Չմոռանանք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, դրականից բացի,
ունի նաեւ շատ բացասական կողմեր, դրանցից մեկն էլ այն է, որ խաղադրույքներ
արդեն կարելի է կատարել նաեւ ինտերնետով եւ անհնար է պարզել. թե տվյալ
պահին մոնիտորի առջեւ նստած անձնավորությունը 14 տարեկան է, թե 54։

Իսկ այդ հետաքրքրությունն ի վերջո վեր է ածվում զանգվածային հիվանդության,
որը կոչվում է խաղամոլություն։ Իսկ դա համարյա միշտ անբուժելի է։