Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջեւ էներգակիրների տարանցման ուղիներից մեկը: Այս մասին թուրքական «Aksam» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ` Կենտրոնական Ասիայի եւ Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը: «Եթե բացվի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, դա դրական ազդեցություն կունենա նաեւ էներգետիկ ոլորտի վրա: Հայաստանը կարող է դառնալ Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգակիրների տարանցման ուղիներից մեկը»,- նշել է Մորելը: Մեկնաբանելով հայտարարությունները, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված գործընթացն Ադրբեջանին ավելի է մոտեցրել Ռուսաստանին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ստորագրված էներգետիկ համաձայնագիրը: «Քանի որ Բաքուն ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ 500 միլիոն խորանարդ մետր գազի պայմանագիր կնքեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո, Անկարան այդ քայլն ընկալեց որպես վերջնագիր Nabucco նախագծից հրաժարվելու հարցում: Սակայն դա երկարաժամկետ համաձայնագիր չէ»,- ընդգծել է Պիեռ Մորելը` հավելելով, թե Բաքուն բազմիցս ակնարկել է Թուրքիային, ԵՄ-ին եւ ՌԴ-ին, որ ադրբեջանական վարչակազմի որոշումը Nabucco նախագծի հարցում դեռ վերջնական չէ: