Փետրվարի 25-ին «168 Ժամի» ամենաակտիվ ընթերցողներից մեկի` Հայրենական Մեծ պատերազմի ակտիվ մասնակից, պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորի Բեկյանի ծննդյան 91-ամյա տարեդարձն է։
Ս. Բեկյանը ծնվել է Գոխտանգոռի գավառի Փառակա գյուղում` խոհարարի ընտանիքում։ 1935-38թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Նախիջեւանի բժշկական տեխնիկումը: Այնուհետեւ, մինչեւ 1941թ. հունիսը աշխատել է Նախիջեւանի շտապ օգնության կայանում՝ որպես բուժակ, որից հետո ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ Այստեղ նա աշխատել է մարզային առ. բաժնում` որպես երեխաների եւ մայրերի պաշտպանության բաժնի պետ, շտապ օգնության կայանում, իսկ 1941թ. հունվարից նշանակվել է Մարտունու շրջանի տրոպկայանի վարիչ։ Հայրենական Մեծ պատերազմի սկսվելու հենց առաջին իսկ օրից Ս. Բեկյանը զորակոչվել է բանակ եւ ծառայել մինչեւ պատերազմի հաղթական ավարտը` 1945թ.: Պատերազմի ամբողջ ընթացքում, որը ինչպես Ս. Բեկյանն է նշում` տեւել է 1413 օր, մասնակցել է Կովկասի պաշտպանության, Վարշավայի ազատագրման եւ Բեռլինի գրավման մարտերին եւ պարգեւատրվել նշված քաղաքների հուշամեդալներով։ Պատերազմի հաղթանակից հետո 1946-51թթ. սովորել է Երեւանի բժշկական համալսարանում: 1951թ. կրկին զորակոչվել է բանակի շարքերը եւ 35 տարի ծառայել բանակում` որպես զինվորական բժիշկ։ Այդ ժամանակաընթացքում պահեստի լեյտենանտի կոչումից հասել է բժշկական ծառայության գնդապետի կոչմանը։ Ս. Բեկյանը 1952-1970թթ. տարբեր զորամասերում աշխատել է՝ որպես զինվորական բժիշկ։ 1962-1968թթ. ծառայել է Գերմանիայի զորամասերում՝ որպես դիվիզիայի բժշկական ծառայության պետ։ 1962թ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետը։ 1970-ից ծառայել է Բժշկական համալսարանի զինվորական ամբիոնի վարիչի տեղակալ, որից հետո զորացրվել է եւ աշխատել Բժշկական համալսարանում` որպես արտադրական պրակտիկայի ղեկավար։ Այդ տարիներին ընտրվել է Բժշկական համալսարանի պատերազմի վետերանների խորհրդի նախագահ։ «Իմ կյանքի ողջ ընթացքում ես ծառայել եմ հայրենիքիս եւ դրան զուգահեռ՝ կրթությունս շարունակել: Իմ մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել եմ «Կարմիր Աստղ», եւ «Հայրենական Մեծ պատերազմի» շքանշաններով, 27 մեդալներով, այդ թվում` մարշալներ Գ. Ժուկովի եւ Հ. Բաղրամյանի հուշամեդալներով»,- հիշում է Ստեփան պապը։ 1962թ.-ից նա նաեւ դարձել է Միութենական աշխարհագրության ընկերության իսկական անդամ։ Ստեփան պապի զավակները` երկու որդիները եւ դուստրը եւս ընտրել են նրա մասնագիտությունը` բժշկությունը:
Ստեփան պապի մասին այս տեղեկատվությունը տրամադրել է մեր ընթերցողներից մեկը: Այսօր էլ Ստեփան պապը ակտիվ հետեւում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Նա «168 Ժամի» ամենաուշադիր, հետեւողական եւ հոգատար ընթերցողներից է, ով մշտապես հետեւում է մեր հրապարակումներին եւ արձագանքում դրանց: Ընդամենը մի քանի օրից Ստեփան պապը կդառնա 91 տարեկան: «168 Ժամը» շնորհավորում է նրա ծննդյան տարեդարձը եւ մաղթում առողջ ու երկար տարիների կյանք՝ իր զավակների ու իր թոռնիկների հետ միասին: