Երեկ «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (անձին ապօրինի ազատությունից զրկելը) հանցագործություն կատարելու համար: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ս. Սուքիասյանը ձերբակալվել էր, որից 72 ժամ անց ազատ էր արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործարարին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 136 հոդվածով` սպանության սպառնալիք: Նոր մեղադրանքի հարուցման հետ կապված Ս. Սուքիասյանը երեկ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է եւ մեր բարի համբավը վնասելը: Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են: Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անունները»: