«2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված 5-10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում անձի նկատմամբ պետք է կիրառվի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի չփոփոխման պարագայում «Համաներում հայտարարելու մասին» որոշման վերոնշյալ դրույթը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառելի է»,- երեկ նման հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին լրագրողները խնդրել էին Ա. Հարությունյանին ներկայացնել իրավական դիրքորոշում Ն. Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ: Ի դեպ, Փաշինյանի պաշտպանը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ամբողջությամբ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Ն. Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հավաստմամբ` իրենք խնդրել են Վերաքննիչ դատարանին կարճել քր.գործի վարույթը` Ն. Փաշինյանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: