Բարեհոգությո՞ւն

21/02/2010

«Սուքիասյանների նկատմամբ, փառք Աստծո, էս վերջին ժամանակներս, երեւի դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան բարեհոգություն է ցուցաբերվել` ես չեմ ուզում չակերտները բացել»,- անդրադառնալով գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալությանը, երեկ հայտարարել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Հակադարձելով տվյալ միջադեպին իր եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առնչության մասին հրապարակումներին` նա ասել է, թե ինքը Սուքիասյանների հետ պակաս մտերիմ չի եղել, քան Հայրապետյանի հետ: «Ինչքան եղել եմ ընկեր Ռուբեն Հայրապետյանի հետ, այդքան էլ ընկեր եմ եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանի, Սարիբեկ Սուքիասյանի հետ, բայց դա հիմք չի հանդիսանում, որ որեւէ մեկը հանցագործություն կարող է կատարել եւ խուսափել դրանից: Բոլորիդ համար պարզ է, որ եղել է իսկապես ահազանգ, որ այնտեղ պահվում է` իրենց օֆիսում, Գոռ Դավթյանը, Ոստիկանությանը դիմել է Գոռ Դավթյանի ընկերը` Գեւորգ Ղազարյանը, որ ինքը ստացել է մեսիջ, որ իր ընկերը գտնվում է այնտեղ, Դավթյանի նկատմամբ ուժ է կիրառվում, բռնություն է կիրառվում, եւ իրեն այնտեղ պահում են, ստիպում են թղթեր ստորագրելու, որին ինքը համաձայն չէ: Ի՞նչ եք մտածում, ի՞նչ պետք է անի Ոստիկանությունը. էդ ժամանակ պետք է մտածեն` Նազարյանը ի՞նչ հարաբերությունների մեջ է Ռուբեն Հայրապետյանի հետ»,- ասել է նա: Ի դեպ, Ն. Նազարյանը որեւէ արտառոց բան չի տեսնում «Սիլ» կոնցեռնի գրասենյակ ներխուժման մեջ, որի ընթացքում իրավապահները կոտրել էին գրասենյակի դռները: «Շատ կներեք, որ ոտքերի ծայրերի վրա չեն մտել այնտեղ կամ ձեռնոցներով` սպիտակ, կամաց ինչ-որգ Ոչ, իսկապես գնացել են այնտեղից, չեմ ուզում ասել` փրկելու, բայց այնտեղից դուրս բերելու մարդու, որը դիմել է, որ իր նկատմամբ ուժ է կիրառվում, եւ հնարավոր է` մի հատ էլ աթոռ ցրվի, եւ հնարավոր է` ինչ-որ դուռ էլ վնասվի: Բայց փորձել կատարված հանցագործությունը թաքցնել էն հանգամանքի մեջ, որ սա կապ ունի Նազարյանի ու Ռուբեն Հայրապետյանի կամ մյուսի մոտիկության հետ…. Ինձ չի թվում, որ Հայրապետյանն ասել է Սարիբեկին` «Գոռին կանչեք ձեզ մոտ, պահեք, թղթեր ստորագրել տվեք, որ անօրինական է», եւ ինձ չի թվում, որ ես Սարիբեկին կամ իրենց էդ «ախրաննիկ» կոչեցյալ Արտաշեսին ասել եմ` «գնացեք, նման մարդկանց բերեք, որ ես գամ ձեզ բռնեմ»: Ի՞նչ է դա նշանակում»: