«The Economist» պարբերականը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, գրել է, թե ստեղծված իրավիճակում Անկարայի ամենամոտ դաշնակիցը համարվող Վաշինգտոնն անցել է Հայաստանի կողմը, եւ Թուրքիան մնացել է միայնակ: Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ արձանագրություններում տեղ գտած պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծում նախատեսող դրույթին: «Այդ կետը անցյալի ուրվականներին թաղելու հույսեր էր ծնել»: Սակայն հին թշնամանքից այդպես հեշտ չեն հրաժարվում: Ռեջեփ Թայիբ Էրդողանը արձանագրությունների ստորագրումից մեկ օր անց հայտարարեց, որ քանի դեռ հայերը դուրս չեն եկել բռնազավթված Ղարաբաղից, համաձայնագիրը կյանքի չի կոչվելու»: Ըստ թերթի` ազգայնականների եւ ցասումով լի Ադրբեջանի միջեւ կանգնած թուրքական իշխանություններն իրենց անհանգստություններն արդարացնելու համար սկսեցին շահարկել ՀՀ ՍԴ-ի որոշումը: «Գործընթացի ձախողման դեպքում ճանապարհ կհարթվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար»,- գրում է «The Economist»-ը` նշելով, որ այդ դեպքում Անկարայի կողմից կարող են լինել պատասխան քայլեր: «Օրինակ` ամերիկացիներին կարող են վռնդել Թուրքիայի տարածքում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազայից»: