«Ավելի հայկական ենք, քան զուտ հայկական շատ կառույցներ»

21/02/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ-գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հանդիպել է «Հայկական Ժամանակ», «Առավոտ», «168 Ժամ», «Հայոց Աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերի լրագրողներին եւ պատասխանել գազի գնի թանկացման վերաբերյալ հարցերին:

«Առավոտ».Ի՞նչ գործոններ են ընկած գազի թանկացման հիմքում:

– Բնակչությանը մատակարարվող 1000 խմ գազի սակագինը առաջարկել ենք ավելացնել 41%-ով` գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ, իսկ խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները առաջարկել ենք բարձրացնել մոտ 19%-ով` 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն սահմանելով 256 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սակագնի թանկացման հիմքում ընկած են հետեւյալ տնտեսական օբյեկտիվ իրողությունները` 1. ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17% աճը, 2. ԱՄՆ դոլար/ ՀՀ դրամ փոխարժեքի 27% աճը, 3. գազամատակարարման համակարգում 2009թ. կատարված շուրջ 11.2 մլրդ դրամի ներդրումները եւ դրանցով պայմանավորված շահագործման եւ սպասարկման որոշ ծախսային հոդվածների փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ներդրումներից ակնկալվող հիմնական միջոցների մաշվածությունը եւ շահույթը, 4. բնական գազի սպառման ծավալների նվազումը (2009թ.-ին նախորդ տարվա համեմատ առկա է բնական գազի սպառման ծավալների 20% նվազում):

– Ինչո՞վ եք բացատրում անհամաչափ թանկացումը, այսինքն՝ բնակչության համար` մոտ 40%, խոշոր սպառողների համար` կրկնակի քիչ:

– 2009թ.-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 40%-ով աճի պարագայում, երբ 110 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից դարձավ 154 ԱՄՆ դոլար/հազ.խմ, բնակչությանը վաճառվող բնական գազի գինն աճել է ընդամենը 14.3%-ով` 84.000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 96.000 դրամ/հազ.խմ, որի հաշվարկման հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլար/303.69 դրամ փոխարժեքը: Այս 96.000 դրամ/հազ.խմ սակագինը ՀԾԿՀ-ն հաստատեց 2009-ի փետրվարի 27-ին, որը պետք է գործեր 2009-ի ապրիլի 1-ից սկսած: Բայց 2009-ի մարտի երեքին, սակագինը դեռ չմտած, կուրսը դարձավ 372 դրամ/1ԱՄՆ դոլար: Այսինքն` սակագինը մարտի երեքին սահմանվելու դեպքում պետք է լիներ 117 հազար դրամ/հազ.խմ: Ապրիլի մեկին կուրսը արդեն 385 էր: Եթե ապրիլի մեկին սակագինը հաստատեին, կլիներ 122 հազ.դրամ/1000խմ: Ստացվում է, որ մեր բնակիչը փոխարժեքի աճի հետեւանքով պետք է վճարեր 21-26 հազար դրամից ավելի գումար, այսինքն` մենք 21-26 հազար դրամ ամբողջ տարին սակագնի մեջ պակաս ենք ստացել: Եթե վերցնենք այդ 117 կամ 122 հազար դրամը եւ համեմատենք 136 հազարի հետ, ապա կստացվի, որ մենք բնակչության համար սակագինը այսօր բարձրացնում ենք 8-11.4%-ով: Ակնհայտ է, որ մեր առաջարկած սակագինը` 136.000 դրամ/հազ.խմ-ը չի ընդունվելու, մի քիչ պակաս է լինելու: Այսինքն` բարձրացումը կարող է լինել 10%-ի սահմանում: Գուցե սխալվել ենք, որ մարտի երեքին չենք սկսել գոռալ, թե` լսեք, սակագին եք հաստատել, 6 օր հետո մեր գլխին օյին եք խաղացել, եւ մենք տարին մտել ենք` իմանալով, որ վնաս ենք ունենալու: Անցած տարվա մեր հիմնական հարցադրումը եղել է այն, որ շահույթ այս տարի չենք ակնկալում: Մեր ամբողջ խնդիրը նախատեսված ծրագրերը ամբողջությամբ կատարելն էր: Ոչ մի ծրագիր, ոչ մի հոդված չենք հանել, այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը դրան է գնացել, այդ թվում` մեր բաժնետերը` «Գազպրոմը», որն իր բոլոր նախատեսած ծրագրերից կատարել է 30-40%-ը: Կապված այն հարցի հետ, թե ինչու ենք բնակչության համար առաջարկել ավելի շատ բարձրացնել սակագինը, ուզում եմ նշել եւս մեկ հանգամանք: Ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ սպառողների այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը: Բնակչությանը գազ մատակարարվում է ցածր ճնշման գազատարներից եւ նրա վաճառքի սակագնում ներառվում են նաեւ բարձր եւ միջին ճնշման գազատարերի շահագործման եւ սպասարկման ծախսերի մասնաբաժինները, ինչով պայմանավորված է եղել տվյալ սպառողական խմբի մանրածախ եւ մեծածախ գների տարբերությունը: Իսկ, օրինակ, Երեւան ՋԷԿ-ին, Հրազդան ՋԷԿ-ին, ցեմենտի գործարանին ու ընդհանրապես` բոլոր ձեռնարկություններին բարձր ճնշման խողովակից ենք գազ մատակարարում, նրա վրա քիչ ծախս ենք կատարում: Մենք ընդհանրապես երկդրույքային սակագնի առաջարկը մի քանի տարի առաջ ենք արել: Պողոսի տուն գալիս է խողովակ: Պողոսը գազը վառի-չվառի, կամ անկախ նրանից` որքան կվառի, այդ խողովակը ես սպասարկում եմ: Ասում եմ` Պողոս ջան, դու ամեն ամիս ինձ հաստատուն փող տուր խողովակի սպասարկման համար: Գազի գինը կփոխվի, գինը շատ կտաս: Թանկացման դեպքում Պողոսի համար տարբերություն չկա, բայց բիզնեսի համար կա` եթե բիզնեսը շատ գազ է սպառում, իր հաստատուն ծախսը միավորի հաշվով նվազում է:

«Հայոց աշխարհ».
Ինչո՞ւ է սակագինը բնակչության համար դրամով հաշվարկվում, իսկ բիզնեսի համար՝ դոլարով:

– Զուտ գործնական տեսակետից բնակչին ասել` ամեն ամիս գնա դոլարով հաշվարկի ու այդ կուրսով տուր` բարդ է: Բիզնեսի համար դոլարով շատ ավելի հարմար է, քանի որ ինքը կարող է իր բիզնեսն ու արտահանումը կառավարել: Մենք մի երկիր ենք, որ ամեն ինչ անելու ենք` արտահանումը զարգացնելու համար: Մեր շուկան սահմանափակ է, շահույթ ունենալու համար անպայման արտադրողը պետք է արտահանի: Արտահանողը պետք է միջազգային շուկաներից ելնելով՝ հաշվարկի դոլարով: Երկրներ կան, որ արտահանումը խթանելու համար թույլ են տվել երկու շրջանառություն լինի` ազգային արժույթը եւ դոլարը:

«168 Ժամ». 2002-2008թթ.-ին, երբ դոլարի կուրսը անկում էր ապրում, դուք դրանից շահում էիք (նույն տրամաբանությամբ, ինչ այսօր տուժում եք` դոլարի կուրսի բարձրացման պարագայում): Ինչո՞ւ այն ժամանակ սակագինը չէիք նվազեցնում:

– Եթե մենք 580 դրամ կուրսի ժամանակ ունենայինք այսօրվա գազի գինը, սակագինը հաստատված լիներ, եւ դրանից հետո այդ 580-ը դառնար 303, ու սակագինը չփոխվեր, ապա դուք ճիշտ եք: Բայց մենք կարող ենք Ձեզ ամբողջ դինամիկան տալ, որ 580-ի ժամանակ, օրինակ, սակագինը եղել է 59 հազար դրամ, որը եղել է 100 դոլար: Մուտքի գինը այդ ժամանակ եղել է 54 դոլար: Կուրսային տարբերության վրա մենք չենք շահել: Տարի եղել է, որ շահել ենք, բայց այդ շահածը մեր քթերից բերվել է: Այն առումով, որ 2002-2008-ին ունեցել ենք 18.6 մլրդ դրամ շահույթ: Նույն ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել է 750 մլն ԱՄՆ դոլարի (246 մլրդ դրամ) ներդրումներ ամբողջ համակարգի, Հրազդան-5-րդ էներգաբլոկի եւ Իրան-Հայաստան գազատարի գծով: Իր ողջ գործունեության ընթացքում: Ընկերությունը բաժնետերերին շահաբաժին երբեւէ չի հատկացրել, եւ առաջացած շահույթի գումարներն ամբողջությամբ ուղղվել են գազի համակարգում ներդրումների իրականացմանը: Այդ 18.6-ի մեջ կուրսային տարբերությունն էլ է մտնում, ամեն ինչն էլ մտնում է: Հիմա մեր կապիտալի շահութաբերությունը դուրս է գալիս 1.9%: Ես որպես մենեջեր հիմարություն եմ արել: Այդ փողը, որ սիլի-բիլի անելով, դուդուկ նվագելով կարողանում եմ բերել, եթե տանեի դնեի բանկ` առնվազն 6% կապահովվեր: Կարելի՞ է բիզնեսի մեջ դնել բանկի ռեֆինանսավորման տոկոսից պակաս փող: Բայց մենք գիտակցաբար ենք գնացել դրան` շուկան մեծացնելու համար, որպեսզի յուրաքանչյուր մարդու վրա բեռը քիչ ընկնի: Հանրապետության 94%-ը գազիֆիկացրել ենք (երբ ընդունեցինք, 22-24%-ն էր գազիֆիկացված): 937 բնակավայրից 528-ը այսօր գազիֆիկացված է, բայց գազիֆիկացված բնակավայրերին բաժին է ընկնում բնակչության 94%-ը: Այս ցուցանիշով մենք աշխարհի մակարդակով երկրորդն ենք` Հոլանդիայից հետո` 99% (քաղաք-պետությունները չհաշված): Այն երկրները, որոնք գազ չունեն, իրենց երազած թիվը 37%-ն է: Մենք այն երկրներից ենք, որ գազ չունենք: Այն 6%-ը բիզնեսի տեսակետից մեզ չի հետաքրքրում` սարի վրա 8 հատ տուն է: 2006-ից ԱՊՀ-ում առաջինն ենք: Ռուսաստանը բազմամիլիարդ միջոցներ է ներդնում, որ 2011-ին հասնեն 62%-ին:

– Մտավախություն չունե՞ք, որ առաջիկա թանկացման հետեւանքով էլ ավելի կկրճատվեն սպառման ծավալները:

– Այո, 2009 թ. մեզ մոտ արձանագրվեց սպառման ծավալների 20% անկում, մինչդեռ մենք ակնկալում էինք 11-12 % աճ: Այսինքն` ռեալ տարբերությունը կազմում է 32%: Համաձայն կանխատեսումների եւ սպառողների կողմից ներկայացված հայտերի, գազի սպառման նվազման միտումը կպահպանվի նաեւ 2010թ. ընթացքում: Ասում են` 20% շուկայի նվազելը ո՞նց կարող է գազի գնի վրա ազդել: Շատ պարզ` մեր համակարգը հաստատուն ծախս ունի: Խողովակով 6 մլն խմ գնա թե 2 մլն խմ գնա, այդ խողովակը սպասարկման ծախս ունի: Ես բաժանեմ 2 մլրդ-ի այդ ծախսը, թե 1.6 մլրդ-ի` տարբերություն չկա՞: Մենք այդ անալիզն էլ ենք ցույց տվել: Ընդհանրապես Ընկերությունն իր սակագնային քաղաքականությունն իրականացնում է երկարաժամկետ հատվածում եւ խնդիր ունի առավելագույնս պահպանել բնական գազի սպառման շուկաները: Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ խոշոր սպառողների համար Ընկերության կողմից վաճառքի ավելի բարձր սակագին առաջարկելը կարող է հանգեցնել էլեկտրաէներգետիկայի եւ արդյունաբերության ոլորտի ընկերությունների բնական գազի սպառման ծավալների զգալի նվազման եւ վերջիններիս արտադրանքի գների բարձրացման: Բնական գազի սպառման նշված շուկաները խիստ կարեւորություն են ներկայացնում Ընկերության համար, եւ դրանք կորցնելու պարագայում, եթե նույնիսկ բնակչության սպառման ծավալները մնան անփոփոխ, հաստատուն ծախսերի առկայության դեպքում բնակչության համար կունենանք գազի վաճառքի ավելի բարձր սակագին եւ ՀՀ գազամատակարարման համակարգի հետագա պահպանման լրջագույն խնդիրներ: Իսկ բնակչության պարագայում գազին այլընտրանք չկա: Փայտը եթե չի գողացվում, ավելի թանկ է, քան գազը` նույնիսկ այս թանկացման դեպքում եւ նույնիսկ գազի սպառման հարմարավետությունը չհաշված:

– Ունե՞ք հաշվարկներ, թե թանկացումը սոցիալական ինչ բեռ է շարքային սպառողի համար: Կա՞ն սակագինը մեղմելու հնարավոր մեխանիզմներ:

– Մենք անհանգստացած ենք իրավիճակով եւ հետեւանքներով: Բայց շուկայում ամեն ապրանք իր գինն ունի, եւ հնարավոր չէ ապրանքը վաճառել իր ինքնարժեքից էժան: Մեր տեղեկություններով՝ կառավարությունն այսօր մեխանիզմներ է մշակում սակագնի հետեւանքները մեղմելու համար: Մեր հաշվարկներով՝ առաջարկվող գազի գնի բարձրացումը շարքային սպառողի համար կունենա միջին ամսական կտրվածքով մոտ 2000 դրամի ազդեցություն: Սոցիալապես ավելի ցածրի վրա` ավելի քիչ կազդի` քիչ սպառման պարագայում: Ամենաշատը սպառում է ունեւորը: Բաժանորդների ավելի քան 55%-ը 700խմ-ից ավելի գազ սպառողներն են: Պատկերացրեք՝ մենք զսպում ենք սակագինը` չենք բարձրացնում: Դրանով երջանկացնում ենք խեղճին 1000 դրամով, ունեւորին` 120 հազար դրամով: Սուբսիդավորման ժամանակ, օրինակ, ես բոլորին ասել եմ, որ դա համարում եմ անարդարացի լուծում: 300 խմ գազ վառողին տալիս էինք 7500 դրամ սուբսիդավորում, 50 հազար խմ վառողին` 1.250.000, 0 գազ վառողին ու գազ չունեցողին` ոչինչ չէինք տալիս: Այս թանկացման բեռը հիմնականում խոշոր սպառողների` ունեւորների վրա է ընկնում: Եվ միաժամանակ գազի գնի փոփոխության հետեւանքով՝ շուրջ 5 մլրդ դրամի լրացուցիչ մուտքեր ենք ապահովելու ՀՀ բյուջե: Կրկնեմ` այդ 5 մլրդ-ը ունեւոր խավից է հիմնականում գնալու բյուջե, ինչի հաշվին կարելի կլինի մեղմել սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես ավելի խոցելի խավերի համար: Ամեն դեպքում, մենք այսօր ի վիճակի ենք սպառողի հետ դեմ առ դեմ եւ անկեղծորեն խոսել, քանի որ կարողացել ենք ապահովել ամենացածր ներկրման սակագինը տարածաշրջանում, եւ բաց ու թափանցիկ ձեւով, օբյեկտիվ հիմնավորումներով հրապարակել ենք այն թիվը, որն անհրաժեշտ է համակարգը պահելու համար:

«Հայկական ժամանակ».Կարծիքներ կան, որ առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում արդարացված չէր կառավարության կողմից վարկ հատկացնել Ընկերությանը:

– Սկզբունքորեն զայրանում ենք, երբ գրում են, թե օտարերկրյա կառույց ենք: Մենք կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցությամբ ընկերություն ենք, բայց ավելի հայկական ենք, քան լիքը մաքուր հայկական կառույցներ: Որովհետեւ փող ենք ներդնում ՀՀ-ում, աշխատավարձ ենք տալիս հայ մարդկանց, կառավարիչները հայեր են, հարկեր ենք վճարում (առաջին հարկատուն ենք), օգուտ ենք տալիս ՀՀ-ին: Ասում են` ինչո՞ւ են 40 մլն դոլարի վարկը հատկացրել այդ օտարերկրյա ընկերությանը: Այդ 40.0 մլն դոլարը որ մեզ տվել են, ամենաթանկ տոկոսադրույքով են տվել` տարեկան 11% ու 6 ամիս մարման ժամկետով (մինչեւ 01 ապրիլի 2010թ.): 2010թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ մնացել է մարման ենթակա 9 մլն դոլար գումար: Այդ 40 մլն-ով գազիֆիկացում ենք արել ՀՀ-ում, աշխատավարձեր ենք տվել հայ մարդուն, պետությանը վերադարձնում ենք` մի բան էլ ժամկետից շուտ, 2 մլն դոլարից մի քիչ պակաս էլ տոկոս ենք տալիս, ողջ գումարը մնացել եւ ներդրվել է Հայաստանում, բայց ասում է` անհեթեթություն է (գրագետ մարդ է ասում, որին որպես տնտեսագետ ես հարգում եմ):