«Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը երեկ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Սպառվել են օրենքի շրջանակներում իմ եւ իմ ընտանիքի սեփականության իրավունքը պաշտպանելու բոլոր միջոցները, դիմում եմ Ձեզ` ակնկալելով արդարություն: «Գերակա հանրային շահ» ճանաչված տարածքների ցանկում ընդգրկվել է նաեւ ինձ` սեփականության իրավունքով պատկանող` Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը: Տվյալ տարածքում բացառիկ գերակա շահին ուղղված քաղաքաշինական ծրագրերի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը: Բանակցային գործընթացի ժամանակ ձեռք բերող ընկերությունը հայցով դիմել է դատարան «հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագիր կնքելուն հարկադրելու, զբաղեցրած տարածքից վտարելու եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջների մասին»: Այս դատական գործընթացը իրականացավ բազմաթիվ, ակնհայտ անօրինականություններով: Դատական գործընթացների արդյունքում` դատարանը վճռեց բավարարել հայցվորի պահանջը եւ առանց համարժեք փոխհատուցման վտարել ինձ եւ իմ ընտանիքին զբաղեցրած տարածքից, ինչպես նաեւ դադարեցնել այդ նույն տարածքում իմ գործունեությունը: «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` գերակա հանրային շահի որոշման սկզբունքներից է այն, որ հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից:
Ո՞րն է գերակայությունը: Զրկել տարիներ շարունակ սեփականության իրավունքով ինձ (իմ եւ իմ ընտանիքին, ինչպես նաեւ «Օլիմպ» ԱԿ-ին) պատկանող գույքից եւ հանձնել մեկ ուրիշի՞ տնօրինությանը: Ծնվել եմ Երեւան քաղաքում եւ ողջ կյանքս ապրել, աշխատել եմ իմ Հայրենիքում, եւ երբեք մտքովս անգամ չի անցել լքել այն, սակայն այսօր կանգնած եմ ծայրահեղ որոշման շեմին` պայմանավորված անարդարությունից ծնված հուսահատությամբ: Ինձ զրկում են այն միակ գույքից, ինչը ձեռք եմ բերել տարիների քրտնաջան աշխատանքով: Կարծում եմ, ՀՀ քաղաքացիների արդարացի պահանջները պետք է լուծվեն ոչ թե եվրոպական դատարանում կամ միջազգային ատյաններում, այլ սեփական երկրում, եւ անընդունելի եմ համարում նման հարցեր բարձրացնել միջազգային ատյաններում: Այսպիսով` հարգելի պրն նախագահ, խնդրում եմ հետամուտ եղեք այս գործընթացի արդար լուծմանը` ի նպաստ ՀՀ-ում արդարադատության վերականգնման»: