Օրեր առաջ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի անվամբ տարածվել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր, որ ամերիկյան ընկերությունը ոտնահարում է իր հայաստանցի աշխատակիցների իրավունքները: Հաղորդագրության համաձայն` ընկերությունն արդեն 1 տարի է` չի վճարում ոչ միայն աշխատակիցների ու բանվորների աշխատավարձերը, այլեւ պետության հարկերը: «Չնայած հարկային ստուգումներ անցկացվել են կազմակերպությունում, այնուամենայնիվ, ոչ մի քայլ չի ձեռնարկվել կազմակերպությունն օրենքի դաշտ բերելու համար: Ավելին` «Մեգո Գոլդ» ընկերությունը, որ պատկանում է Վան Գրիգորյանի ղեկավարած «Գլոբալ Գոլդին», հետին թվով կրճատել է ավելի քան 20 բանվորի, որոնք աշխատում էին Մելիք գյուղի ոսկու հանքում: Բանվորները հետին թվով ազատման դիմումները ստորագրել են սպառնալիքի տակ. եթե չստորագրեին` կզրկվեին աշխատավարձից: «Մեգո Գոլդի» տասնյակից ավելի աշխատակիցներ արդեն 1 տարի է, ինչ դատական պրոցեսի մեջ են` պահանջելով իրենց վերջնահաշվարկները»,- նշված է հաղորդագրությունում: Ի պատասխան այս տեղեկատվության` երեկ «Գլոբալ Գոլդ Մայնինգը» ոչ միայն հերքեց հաղորդագրության մեջ ասվածը, այլեւ ներկայացրեց ընկերության պարտավորությունները: «Global Gold խմբի ընկերությունները ՀՀ-ում ավելացված արժեքի հարկի գծով ունեն մոտ 1 միլիոն 350.000 ԱՄՆ դոլարի չափով գերավճար՝ դրանից մոտ 800.000 դոլարի գերավճարը միայն Մեգո Գոլդ ՍՊԸ-ի մասով։ Նշված գերավճարները հաշվանցվում են ընկերության արտադրանքի արտահանման հետ համընթաց՝ համաձայն օրենսդրության, սակայն հաշվանցումներն անընդհատ իրականացնելու արդյունքում դեռ առկա է 1 350.000 դոլարի գերավճար»,- նշված է պատասխան-նամակում: Ընկերության տնօրինության կողմից ուղարկված նամակի հաջորդ փաստն առնչվում է «Մեգա Գոլդի» գործունեությանը: Ըստ որի` դեռեւս նախորդ տարի «Մեգա Գոլդը» արտադրել եւ իրացրել էր 120 տոննա խտանյութ` պահեստավորելով նաեւ 100 ապրանքային, այսինքն` վաճառքի համար ոչ պիտանի խտանյութ: Ու հենց այս վերջին հանգամանքով պայմանավորված, ընկերության հավաստիացմամբ, իրենք օրենքի համաձայն՝ կարող էին նվազեցնել աշխատավարձերի վճարումները, բայց սոցիալական պատասխանատվության քաղաքականության որդեգրմամբ ոչ միայն չեն կրճատել աշխատատեղերն ու աշխատավարձերը, այլեւ հաշվարկել եւ հայտարարագրել է ոչ ապրանքային խտանյութի մասով չվճարված աշխատավարձերը` որպես վճարելի` ծրագրելով փոխհատուցել (վճարել) դրանք Թուխմանուկի ֆաբրիկայի արտադրողականության ընդլայնման եւ նոր ֆաբրիկայի գործարկման հետ միասին: Այս քայլի համար, ըստ ընկերության տնօրինության, իրենց անգամ ողջունել են աշխատակիցները: «Ներկա պահին ընթացքի մեջ են Թուխմանուկի ֆաբրիկայի արտադրողականության ընդլայնման աշխատանքները։ Ֆաբրիկայի արտադրողականությունն ընդլայնվում է տարեկան 80.000 տոննա հանքաքարի վերամշակումից տարեկան 500.000 տոննա հանքաքարի վերամշակման հզորության, այսինքն, ավելի քան 6 անգամ։ Ֆաբրիկայի ընդլայնման աշխատանքների հետ կապված ներկա ֆաբրիկայի աշխատանքների ծավալը նվազեցվել է՝ գործարկելով միայն գրավիտացիոն խտանյութի արտադրության տեղամասը։ Միեւնույն ժամանակ, աշխատատեղեր չեն կրճատվել»,- ասված է «Գլոբալ Գոլդ Մայնինգի» պատասխան ի մեջ: Նամակում տնօրինությունը նաեւ անդրադարձել է Թուխմանուկի ֆաբրիկայի աշխատանքների դադարեցմանը: «2009թ- դեկտեմբերի 8-ից ֆաբրիկայի աշխատանքները դադարեցվել են՝ վերանորոգման աշխատանքների եւ վերազինման եւ նոր հզորությունների տեղակայման աշխատանքների հետ կապված։ Գրավիտացիոն տեղամասի վերանորոգման աշխատանքները ծրագրվում է ավարտել մարտ ամսվա ընթացքում, որից հետո գրավիտացիոն տեղամասը պետք է սկսի եւ շարունակի աշխատել վերազինման աշխատանքների հետ զուգահեռ եւ մինչեւ նոր ֆաբրիկայի գործարկումը։ Ապրիլին ծրագրվում է սկսել հզորությունների ընդլայնման հետ կապված շինարարական աշխատանքները»,- նշված է ընկերության նամակում, որտեղ մասնավորապես շեշտվում է նաեւ այն հանգամանքը, որ այդ աշխատանքների մեջ ներգրավվելու են շինարարական աշխատանքներին համընթաց արտադրական հզորությունների նվազեցման արդյունքում առաջացած ընկերության ազատ աշխատուժ: «Ուստի, վերազինման ընթացքում աշխատատեղերի կրճատումներ նույնպես չեն պլանավորվում, իսկ վերազինումն ավարտելու եւ նոր ֆաբրիկայի գործարկման արդյունքում ծրագրվում է աշխատատեղերի աճ՝ առնվազն 25%-ով։ Ֆաբրիկայի հզորության ընդլայնման աշխատանքները եւ նոր ֆաբրիկայի գործարկումը սպասվում է 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հզորության ընդլայնման վրա կներդրվի մոտ 3,5 միլիոն ԱՄՆ դոլար»,- նշում է «Գլոբալ Գոլդը»: Իսկ ինչ վերաբերում է Ա. Պողոսյանի անվամբ տարածած տեղեկատվության այն հատվածին, ըստ որի` ընկերությունը 2 տարի առաջ դիմել էր միջազգային դատարան ՀՀ Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին մեղադրելով կաշառք պահանջելու եւ ՀՀ-ում ներդրումներին խոչընդոտելու համար, ապա ընկերությունն իր պատասխան նամակում նշել է. «Global Gold-ի պաշտոնական կայքէջի եւ Միջազգային Առեւտրի պալատի Միջազգային արբիտրաժային դատարանի պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Վ. Այվազյանի դեմ դատավարությունը Նյու Յորքում ընթացքի մեջ է»: