Բուժիչ նամակներ

21/02/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Դեղատոմսեր մեջքի ցավերի եւ հոդացավերի համար

Ըստ վիճակագրության` 30 տարեկանից հետո յուրաքանչյուր երկրորդը գանգատվում է հոդացավերից ու մեջքի ցավերից: Բանն այն է, որ հոդերն ու մեջքը հանդիսանում են մեր առողջության հիմքը, այդ պատճառով բուժումը պետք է չուշացնել: Մասնագետները գտնում են, որ, օրինակ` հոդերը սառեցնելու դեպքում պետք է հետո անպայման օգտագործել տաքացնող կոմպրեսներ: Դրա համար շատ հարմար է ծովակաղամբը: Բացի կոմպրեսից, դրա թուրմը կարելի է նույնիսկ խմել, սակայն ոչ ավելի, քան 2 ճաշի գդալ: Այն շատ օգտակար է ոսկորների համար: Կարելի է վերցնել 3 լիտրանոց տարա ու մեջը լցնել 2 տուփ ծովակաղամբ, վրան լցնել եռջուր: Թրմելուց 30 րոպե հետո կարելի է այն քամել, այնուհետեւ ստացված թուրմի մեջ թրջել թանզիֆե անձեռոցիկն ու դնել ցավող մասին: Այս պրոցեդուրայից հետո արդյունքը երկար սպասեցնել չի տա: Իհարկե, ռուս սպորտսմեններից շատերը, ովքեր բազմաթիվ վնասվածքներ են ստացել, գտնում են, որ հոդերի համար ամենալավ բուժամիջոցը մարզանքն է, որը, ճիշտ է` դժվար է, սակայն արդյունքը շատ արագ տեսանելի կլինի:

Իսկ ահա, թե ինչ է մեզ ուղղված նամակում գրում աբովյանցի Լիլիթ Կիրակոսյանը. «Տատիկս ապրում էր գյուղում, իսկ բոլորը գիտեն, թե ինչպիսի ֆիզիկական ծանրաբեռնվածություն կա գյուղի կանանց ուսերին: Այդ ծանրաբեռնվածությունից անընդհատ ցավում էին նրա հոդերը: Իսկ տատիկս այդ տհաճ ցավի դեմ ուներ իր միջոցները. նա վերցնում էր 1 թեյի գդալ սոդա, 3 ճաշի գդալ բուսական յուղ, քերում էր այս խառնուրդի մեջ տնտեսական օճառի 1/4 կտոր եւ վերջում ավելացնում էր 1 ճաշի գդալ սպիտակ նավթ: Այս ամենը լավ խառնած պահում էր երեք օր` մութ տեղում: Երեք օր հետո ստացված քսուքը քսում էր ցավող հոդերին` 2 շաբաթ տեւողությամբ: Փորձեք, եւ միգուցե ձեզ էլ օգնի»: Իհարկե, հակացուցումներ այս դեպքում կարող են լինել, եթե թվարկված բաղադրիչներից մեկի հանդեպ ալերգիա ունեք, իսկ փորձելու համար կարելի է սկզբից այն փորձել արմունկի վրա: Մնացածի մասին պետք չէ մտածել, քանի որ այն նախատեսված է արտաքին օգտագործման համար: Եվ իսկապես, մասնագետները գտնում են, որ օճառն ու նավթը միասին կարող են հակաբորբոքային նշանակություն ունենալ:

Հոդացավերին ու մեջքի ցավերին շատ լավ օգնում են նաեւ հնդկական սոխն ու ոսկեբեղիկը (ջՏսՏՑՏռ ցր): Այս բույսերը մեծ ժողովրդականություն են վայելում ոչ տրադիցիոն բժշկության մեջ: Օրինակ, կարելի է ոսկեբեղիկի 18-20 տերեւի վրա լցնել կես լիտր օղի եւ թրմել 10 օր` թողնելով մութ տեղում: Ամեն օր այդ տարան պետք է թափահարել: 10 օր հետո այն քամել ու ստացված հեղուկը քսել ցավող հոդերին: Նույն ձեւով կարելի է օգտագործել նաեւ հնդկական սոխը: Այն թունավոր բույս է, նույնիսկ երբեմն անվանում են թունավոր արմատ: Օգտագործում են վերջինիս տերեւները: Թարմ վիճակում դրանց պետք է ձեռք տալ միայն ձեռնոցներով: Նույն նպատակի համար պետք է վերցնել այս բույսից 1 բաժակ, վրան լցնել 5 բաժակ օղի կամ սպիրտ, այսինքն` 1:5 հարաբերությամբ: Այս խառնուրդը եւս թողնում ենք 2 շաբաթ` մութ տեղում ու հերմետիկ փակած ամանով: 2 շաբաթ հետո նույն ձեւով ստացված հեղուկով լավ մերսում են ցավող մասերը: Այն շատ լավ օգնում է նույնիսկ ռադիկուլիտի ցավերի ու օստեոխոնդրոզի դեպքում: Սկզբից մեջքի վրա այրոց է զգացվում, բայց 10 րոպե հետո մեղմանում է: Ցանկալի է` այն քսելուց հետո մեջքը կամ մարմնի այն հատվածը, որի վրա քսել եք քսուքը` կապել տաք, բրդե շորով ու պառկել, գոնե 1 ժամ պետք է մնալ տանը: Այս միջոցն օգտագործելուց հետո անմիջապես կարող է արդյունքը զգացվել, քանի որ հնդկական սոխը կամ թունավոր արմատը տաքացնող նշանակություն ունեն, իսկ դրանից արագանում է նաեւ արյան շրջանառությունը: Այս միջոցը շատ լավ կլինի, եթե օգտագործեք մրսածությունից հետո: Այս բույսը պարունակում է ուժեղ ալկալոիդներ, այդ պատճառով պետք է շատ զգուշությամբ օգտագործել այն, հատկապես, եթե ալերգիկ ռեակցիաներ են լինում: Եվ պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք եւս. հնդկական սոխից պատրաստված պրեպարատները համատեղելի չեն որեւէ քիմիական դեղորայքի հետ: Եվ պետք է նաեւ հաշվի առնել, որ այն օգտագործելիս չի կարելի օգտագործել կաթնամթերք ու հատկապես ալկոհոլ:

Հաճախ մեջքի կամ հոդերի ցավի պատճառն ավելորդ քաշն է: Իսկ ավելի քաշից օգնում է ազատվել կոճապղպեղը: Կոճապղպեղի սպիրտային թուրմի արտաքին օգտագործումը կարող է օգնել ճարպերի հալեցմանը: Ուշադրություն` խոսքը արտաքին գործածության մասին է: