Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ում նախագահող պետության` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկներում նշված են հակամարտության կարգավորման մեխանիզմներ: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը: Վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով Նազարբաեւի առաջարկների վերաբերյալ ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակցի հարցին` ըստ «Ազատություն» ռ/կ-ի Սաուդաբաեւը ասել է. «Ես այցելեցի Ադրբեջան եւ Հայաստան: Այցիս շրջանակներում իմ նպատակն էր՝ խաղաղ տրամադրություններ ստեղծել հակամարտային տարածքներում, կողմերին ներկայացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խաղաղարար առաջարկները: Ադրբեջանում ես առաջարկները ներկայացրեցի նախագահ Իլհամ Ալիեւին: Առաջարկները ես ներկայացրեցի նաեւ Հայաստանի նախագահին: Առաջարկներում նշված են նաեւ հակամարտության կարգավորման մեխանիզմները»: «Ղազախստանը` որպես ԵԱՀԿ-ի նախագահող, այդ առաջարկներում արտահայտել է երկու կողմերի շահերը: Այդ առաջարկները ձեւավորվել են այն բանից հետո, երբ բնութագրվել է հակամարտության հետ կապված իրավիճակը»,- ասել է նա: