Մեղադրանք է առաջադրվել

19/02/2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ընտրակեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քր. գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության` «Ա1+»-ում հրապարակված տեղեկատվության ստուգմամբ պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ին կայացած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ընթացքում թիվ 10/12 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գ.Գալոյանն ընտրությունների ընթացքում ընտրացուցակներում գրանցումներ կատարելու եղանակով կեղծել է քվեարկության արդյունքները: «Մասնավորապես` հանձնաժողովի անդամներից եւ տեղամասում գտնվող այլ անձանցից գաղտնի ընտրացուցակների 27-րդ էջում նշված թիվ 1655 հերթական համարի դիմաց գրանցված Ա. Բուռնուչյանի անվան դիմաց նշել է կեղծ անձնագրային տվյալներ եւ ստորագրել` ստեղծելով տպավորություն, թե իբր վերջինս ներկայացել է ընտրության, ապա վերցրել է մեկական քվեաթերթիկ եւ ծրար, քվեաթերթիկում համապատասխան նշում կատարել եւ այն ծրարի մեջ դնելուց հետո գցել քվեատուփ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: