Երեկ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տարածել է իր պաշտպանյալի հայտարարությունը, որ նա արել է ձերբակալված ժամանակ: «Երբ եղբորս` Խաչատուրի նկատմամբ Մարտի 1-ի կապակցությամբ ապօրինի քրեական հետապնդում սկսեցին, ինձ թվաց, թե սրանք մարդկություն կունենան եւ մեր տնտեսությունը եւ մեզ հանգիստ կթողնեն, հատկապես, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այդ օրվանից մինչեւ այսօր ես որքան ուժ ունեմ վազում եմ, եւ դիմացս մթություն է: Որքան արժեքդ բարձրանում է, այնքան թշնամիներդ շատանում են: Ես պաշտպանում եմ նրանց, ում սիրում եմ»: Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին Ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալել էին փետրվարի 12-ին՝ նրան մեղադրելով Գոռ Դավթյանին իբր սպանությամբ սպառնալու համար: Երեք օր անց Ոստիկանությունը ազատ արձակեց Սարիբեկ Սուքիասյանին, նրան չկարողանալով ներկայացնել որեւէ մեղադրանք: